Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի կառավարությանը վերածել դրամական փոխանցումները ներդրումների

Համաշխարհային բանկի, ինչպես նաև այլ փորձագետների գնահատականներով մասնավոր դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 6-12 տոկոսը

Աշխարհի բնակչության միայն 3 տոկոսը կամ 200 մլն մարդ է բնակվում հայրենիքից դուրս: «Թեև այդ ցուցանիշն ամենաբարձրն է համարվում անցած 40 տարում, սակայն, այն գրեթե չի փոխվել վերջին տասնամյակում: Այն դեպքում, երբ միգրացիոն հոսքերի մեծ մասը` 37 տոկոսը հարավային երկրներից ուղղվում է դեպի հարուստ հյուսիսային երկրներ, դեռևս միգրանտների 24 տոկոսը տեղաշարժվում է աղքատ հարավային երկրների տարածքում, իսկ 16 տոկոսը` հյուսիսային: Ընդ որում, աշխատուժի ամենամեծ տեղաշարժն ամեն տարի տեղի է ունենում երկրների ներսում, որի պատճառ կարող է հանդիսանալ տնտեսական ակտիվության կենտրոնացումն, երկրի ներսում մշտապես փոխվող բնակչության տարածքային տեղաբաշխումը: Դրա վառ օրինակը Չինաստանն է, որտեղ միջազգային միգրացիայի սահմանափակման քաղաքականությունը չկարողացավ կասեցնել մարդկանց տեղաշարժը և արդյունքում առաջացավ ստորին մակարդակի ներքին միգրանտների դասը, որի քանակը հասնում է 250 միլիոնի:

PanARMENIAN.Net - Միգրացիան կարևոր դեր է կատարում ցանկացած երկրի տնտեսության մեջ: Միգրացիան, նրա խոսքերով, պետք է նպաստի բնակչության համար սպառման մեծացմանը, որակյալ կրթություն ստանալու, առողջապահության ոլորտի ծառայությունների մատչելիության ապահովմանը և բնակարանային շինարարարության մեջ առավել որակյալ ներդրումներին: 2009-ին զարգացող երկրներում պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումների ծավալը հասել է 316 մլրդ դոլարի` 6 տոկոսով կրճատվելով 2008-ի ցուցանիշի համեմատ: Գլոբալ տնտեսության զարգացման հեռանկարների բարելավման հետ մեկտեղ սպասվում է, որ դրամական փոխանցումների հոսքերը զարգացող երկրներում 2010-ին կավելանան 6.2 տոկոսով, իսկ 2011-ին` 7.1 տոկոսով:

Հայաստանն ունի իր բնակչության թիվը բավականաչափ գերազանցող սփյուռք և ժամանակավոր աշխատանքային միգրանտների ստվար զանգված: 2010թ. հունվար-ապրիլին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումները կազմել են 367 մլն դոլար: Այդ ցուցանիշն աճել է 2009-ի նույն ժամանահատվածի համեմատ 3,8 տոկոսով կամ 13,3 մլն դոլարով: Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանից` 232,9 մլն դոլար, ԱՄՆ-ից` 39,5 մլն դոլար և Գերմանիայից` 7,1 մլն դոլար: Համաշխարհային բանկի, ինչպես նաև այլ փորձագետների գնահատականներով մասնավոր դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 6-12 տոկոսը: Հայաստանի կառավարությունն այսօր իրականացնում է երկրի կարևորագույն խնդիրների լուծման և խոշոր ծրագրերի իրականացման մեջ սփյուռքի ակտիվ ներգրավման քաղաքականությունը: Կառավարությունն ունի նոր հայկական աշխարհի ձևավորման հայեցակարգ, որի ներքո ստեղծվել են սփյուռքի նախարարությունը, Ազգային մրցունակության խորհուրդը, Ազգային մրցունակության հիմնադրամը, «Լույս» կրթական հիմնադրամը: Ձևավորման փուլում է Համահայկական բանկի ստեղծումը: Հայաստանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները ներդրումների տեսքով երկրի տնտեսություն տրանսֆորմացնելու հստակ մեխանիզմների ստեղծման, աշխատուժի կազմակերպված արտահանման, միգրացիոն հոսքերի կառավարման ուղղությամբ: Սփյուռքը և միգրացիան պետք է ընկալել ոչ միայն որպես երկրի սոցիալական խնդիրները մեղմացնելու միջոց, այլ նաև և առավելապես` որպես տնտեսական զարգացմանը նպաստելու, նոր գիտելիք, նոր կապեր ստեղծելու, ներդրումներ ներգրավելու, հայկական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների` միջազգային շուկաներում դիրքավորվելու, նոր արտադրություններ և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն:

Հարկ է մեկ անգամ ևս ընդգծել, որ դրամական փոխանցումները կարևոր են Հայաստանի համար աղքատության կրճատման ու տնտեսական քաղաքականության ձևավորման տեսակետից: Ճգնաժամի պայմաններում էապես կրճատվեցին դրամական փոխանցումների ծավալները, մասնավորապես Ռուսաստանից, որի արդյունքում 2009 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազեց 14 տոկոսով: Դա վկայում է երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի և ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածության մասին: Ապագայում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե ուր են ուղղվում տվյալ տրասնֆերտները, այլ երկրի զարգացման ուղեծրի ճիշտ պլանավորմանը. տնտեսությունը պետք է հիմնված լինի արտահանման վրա, պետությունը պետք է նպաստի արտասահմանյան ներդրումներին և դրանց զարգացմանն այն ոլորտներում, որտեղ արտադրության ընդլայնման հնարավորություններ կան, ինչպես նաև անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության և գիտության ոլորտում:

Հայաստանի Կենտրոնական բանկի հետազոտությունների համաձայն, եկամուտների բաշխման և աղքատության տեսակետից, տնային տնտեսությունների 60 տոկոսը, որոնք դրամական փոխանցումներ են ստանում, վերաբերվում են եկամուտների միջին և բարձր մակարդակով խմբերին, իսկ 40 տոկոսը կազմում են աղքատ և շատ աղքատ տնային տնտեսությունները: Ակնհայտ է, որ դրամական փոխանցումներն ազդում են ամեն ինչի վրա. իրական փոխարժեքի, քանի որ տրանսֆերտների 1 տոկոսով ավելանալը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է 0.2 տոկոսով իրական փոխարժեքի բարձրացման, այստեղից էլ արտահանումը և ներկրումն ազդում են սպառման և ներդրումների վրա առաջարկի և պահանջարկի հետ միասին: Ոչ բավարար զարգացած շուկայում, ինչպիսին Հայաստանն է, դրամական փոխանցումները դժվար է վերահսկել և օգտագործել:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում աղքատության մակարդակը դրամական փոխանցումների բացակայության դեպքում կարող է 23.5 տոկոսից հասնել 31 տոկոսի: Ուսումնասիրությունները բացահայտել են դրամական փոխանցումների հետ կապված մի շարք խնդիրներ: Հայաստանում ներդրումային նախագծեր չկան, որոնք ուղղված են միգրանտների կարիքներին, ընդ որում, դրամական փոխանցումները 2.5 անգամ գերազանցում են ուղղակի ներդրումների ծավալները, ինչը երկար ժամանակով հանգեցնում է լուրջ խնդիրների:

Դրամական փոխանցումների քաղաքականության գերակա ուղղությունը համարվում են ազգային և տնտեսական անվտանգության խնդիրները, ֆինանսական միջնորդության զարգացումը և ծառայությունների մատչելիության ապահովումը, համայնքների զարգացումը և փորձի, մշակույթի և տեխնոլոգիաների ներմուծումը փոքր բիզնեսի զարգացման համար: Մասնավոր տրանսֆերտները մարտահրավեր են երկրի համար, նրանք լուծում են լուրջ սոցիալական հարցեր հասարակության մեջ աղքատությունը հաղթահարելու համար, բայց չեն կարող շարունակական լինել: Սակայն աղքատության նման բարձր մակարդակի առկայության դեպքում դրամական փոխանցումները ներդրումների վերածելն անհնար է:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---