Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը Ռուսաստանից

Օգոստոսի 9-13-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկա քաղաքականության, Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի, ՀԱՊԿ գագաթնաժողովի շուրջ: Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը չի կատարի պարտականությունները, որոնք վերցրել է իր վրա որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկեր: Այդ մասին օգոստոսի 9-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

PanARMENIAN.Net - «Պատերազմի դեպքում ռուսական զորքերը չեն խառնվի և դա կբացատրեն նրանով, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, Մոսկվան խաղաղապահի դիրք կգրավի և կփորձի առավելագույնս դրսևորել իրեն այդ դերում` Լեռնային Ղարաբաղ մտցնելով խաղաղապահ զորքեր: «Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ Ադրբեջանը հեռավոր ապագայում կարող է շրջվել Արևմուտքի կողմը: Հենց այդ պատճառով Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի և Ադրդբեջանի միջև հավասարությունը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթային-հրթիռային համալիրներ մատակարարելը կծառայի հենց Ռուսաստանի շահերին, քանի որ կապահովի նրա անվտանգությունը` հաշվի առնելով Արևելքի մարտահրավերները, որոնց հետ կարող է առնչվել Ռուսաստանը»,- ասել է քաղաքագետը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գալիք այցը Հայաստան կարող է հետաձգվել: Այդ մասին Երևանում օգոստոսի 11-ին մամլո ասուլիսում հայտարարել է «ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, այցը չեղյալ համարելու հստակ պատճառները դեռ հայտնի չեն: «Կարելի է ենթադրել, որ այցը կտեղափոխվի սեպտեմբեր Ռուսաստանի որոշ մարզերում անտառային հրդեհների հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշել է պատգամավորը: Նույն օրը PanARMENIAN.Net ից դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ այն տեղեկությունները, որ Ռուսաստանի նախագահի այցը կարող է չեղյալ է համարվել, չեն համապատասխանում իրականությանը:

Անցյալի համեմատ, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվացել են: Այս մասին Երևանում օգոստոսի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի նոր ղեկավարության վարած քաղաքականության հարցում կողմերի միջև անորոշություն կար: Միաժամանակ նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման վկայությունն այն է, որ Ռուսաստանը որոշել է երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը:

Միաժամանակ օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 20-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Ինչպես հայտնել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, բանակցությունները և մի շարք հանդիպումներ տեղի կունենան Երևանում և Սևանա լճում:

Հայաստանի Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժոողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը օգոստոսի 10-ին նիստ է անցկացրել և Սփյուռքի ու ՀՀ հայերին կոչ արել չմասնակցել 2010թ. սեպտեմբերի 19-ին Թուրքիայի կողմից «Սուրբ Խաչ» թանգարանում կազմակերպվող միջոցառմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ժասմեն Ասրյանը: Նրա խոսքով, Հանրային խորհրդին էր դիմել «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը, որն այդ միջոցառումը որակել էր որպես Թուրքիայի հերթական քաղաքական քարոզչական սադրանք և հայ ժողովրդին կոչ արել ձեռնպահ մնալ միջոցառմանը մասնակցելուց` «այդ սադրանքը քողազերծելու և արժանի հակահարված տալու միտումով»: «Քննարկելով այդ դիմումը` ենթահանձնաժողովն եկավ այն եզրակացությանը, որ ոչ մի հայ չպետք է ներկա գտնվի սեպտեմբերի 19-ին Ախթամարում կայանալիք միջոցառմանը: Ենթահանձնաժողովն այդ կոչով դիմել է թե’ Հայաստանի, թե’ Սփյուռքի հայությանը: Սա բարոյական քայլ է, և յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն կրի ու չվնասի մեր պետության դիվանագիտական հաջողություններին»,- ասել է Ժասմեն Ասրյանը:

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ից Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու համար պաշտոնական հրավեր չի ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Պարզ է, որ Թուրքիայի համար Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագն Ակարայի կողմից չի ընդունվում որպես կրոնական միջոցառում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար դա քաղաքական քարոզչություն է, որն օգտագործում է հայերի կրոնական զգացմունքները: «Դա հայերի մասնակցությամբ թուրքական թատրոն է»,- ասել է Մանոյանը: Միաժամանակ նա նշել է, որ այդ միջոցառման մասնակիցները պետք է գիտակցեն, որ նպաստում են այդ ակցիայի հաջողությանը: Անկարան մտադիր չէ օգտագործել այդ հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---