Գազի գնի բարձրացման հարցն արդեն արծարծվել է Հայաստանում

Սեփական գազի պաշարների բացակայության պատճառով Հայաստանը կախման մեջ է ռուս գործընկերներից ի դեմս «Գազարդի», որն անցած շաբաթ հայտարարեց, որ 2010 թվականին կշարունակի անցումը շուկայական գնագոյացման Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ: Ավելին, ընկերությունն ակնկալում է, որ վերջնականապես շուկայական գնագոյացման կանցնի նշված երկրների հետ 2011 թվականին և ակնկալում է սակագների բարձրացում:

2010 թ. հունվար-հուլիս ամիսներին «Գազարդ» ԲԲԸ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ ներքին շուկայում 6 տոկոսով բարձրացրել էր գազի վաճառքի գները: Նախկին ԽՍՀՄ երկրներում 2010 թ. 7 ամիսների ընթացքում գազի վաճառքի ծավալը մեծացել է 40 տոկոսով: Եվրոպայում ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին «Գազարդի» վաճառած գազի ծավալը ավելացել է 11 տոկոսով: «Գազարդի» ներկայացուցիչը նշել է, որ շուկայում տիրող ծանր վիճակը հաշվի առնելով, Եվրոպայում գազի վաճառքի ծավալը 2010 թ. տվյալների համաձայն մոտ է լինելու անցյալ տարվա ցուցանիշներինը: Եվրոպայում գազի վաճառքի միջին գինը 2010 թ. նախատեսվում է մոտավորապես 308 դոլար` հազար խորանարդ մետր գազի համար: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, 2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի սակագները բարձրացել են 37,5 տոկոսով`մեկ խոր/մ-ի համար մինչև 132 դրամ` ներկա 95 դրամի դիմաց: Այն ձեռնարկությունների համար, որոնք մեկ ամսում օգտագործում են մինչև 10 հազ. ք/մ գազ, սակագինը բարձրացել է 13 տոկոսով և ապրիլի 1-ից կազմել 243,13 դոլար` 1000 խ/մ ծախսած գազի համար` գործող 215 դոլար սակագնի փոխարեն:

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հազիվ էր հասցրել միջոցներ ձեռնարկել ապրիլին գազի գնի բարձրացման հետևանքով սոցիալական ճնշումները մեղմելու համար, երբ վրա հասավ նորը: Հարկ է նշել, որ որոշվել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582 մլն դրամ, նույն այդ պատճառով կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021 մլն դրամ: Կառավարությունը որոշում է ընդունել նաև կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով 2,640 մլրդ դրամ հատկացնել։

Հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 751,271 մլն դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ:

Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սրանով ամբողջությամբ իրականացվում է ս.թ. մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ «Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ ս.թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ»,- ավելացրել է նա:

Սակայն այս աջակցությունը բավարար չէ և գազի գնի հնարավոր բարձրացումը մտահոգում է Հայաստանի բնակչությանը: Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունն անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկի մեղմելու համար գազի սակագների աճը երկրի բնակչության խոցելի շերտերի համար: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ՀՀ կառավարությունն ի վիճակի է նման սոցիալական քաղաքականություն վարել:

Եվ իրոք, գազի գնի բարձրացման հարցն արդեն արծարծվել է, ուստի ՀՀ կառավարությունը բանակցում է գործընկերների հետ նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ, լրագրողներին է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Առաջիկա 2 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հանդես կգա բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ»,-ասել է նա: Սակագնային քաղաքականությունը քննարկվել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ: Այսպիսով, ամեն տարի «Գազպրոմ» ԲԲԸ-ն արծարծում է Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը, իսկ մեր կառավարությունն ամեն տարի բանակցում է, որպեսզի ներկրվող ռուսական գազի գինը նվազեցվի: Արդյունքում գազի գինը մի փոքր նվազում է, սակայն ոչ ակնկալվող չափով: Սակայն, անկախ գնի աճից, զարմանալիորեն աճում է նաև երկնագույն վառելիքի սպառողների քանակը: 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 604871 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8518-ով, որից 1245-ը՝ օգոստոս ամսին:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---