Բաքուն արդեն թելադրո՞ւմ է, թե ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահն ինչ պետք է ասի, ինչը՝ ոչ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Բաքվում հայ գերու սպանության մասին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն շուտով ցուցումներ կտա համաշխարհային հանրությանը, թե երբ և ինչ է հարկավոր ասել միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների խախտման վերաբերյալ, հատկապես, եթե դրանք վերաբերում են հայ ռազմագերներին կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ահա ասյօր էլ Էլհան Պոլուխովն աչքի ընկավ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Բաքվում հայ գերու սպանության մասին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ»,-1news.az-ին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Իգոր Պոպովն ասել է, որ «շոկի մեջ էր, երբ տեղեկացավ ադրբեջանական գերության մեջ հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության մասին»: Նա ցավակցություն է հայտնել հովվի հարազատներին և նշել է, որ այդ փաստը հարկավոր է մանրակրկիտ հետաքննել միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:

Տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի ԱԳՆ նման հայտարարության փաստը: Պոլուխովը, հավանաբար, սովոր է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները մշտապես խեղաթյուրված կամ բացահայտ կեղծ տեղեկություններ են տարածում և ցանկանում է նույն բանում մեղադրել հայկական ԶԼՄ-ներին: Նրա մտքով անգամ չի անցնում, որ ՌԴ-ի միջնորդը զուտ մարդկային զգացմունքներ է հայտնել 20-ամյա երիտասարդի մահվան առիթով:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Մանվել Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։

Չնայած հայկական կողմի պարզաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական ճնշումների՝ հատուկ միջոցների կիրառմամաբ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---