Հայաստանում կանխատեսում են ազատ ծրագրային ապահովման բում

Հայաստանում կանխատեսում են ազատ ծրագրային ապահովման բում

Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր Ռիչարդ Սթոլմանը հայ օգտագործողներին կպատմի ազատ թվանշանային հասարակության առավելությունների մասին

«Ես կարող էի փող աշխատել ծրագրավորմամբ, և, հնարավոր է, ինձ դուրս գար, ծրագրեր գրելը: Բայց ես գիտեի, որ դրանով իմ կարիերան կավարտվեր, և, ետ նայելով, ես կտեսնեի, որ մարդկանց բաժանող պատեր եմ կառուցել, և կզգայի, որ ողջ կյանքում այս աշխարհն ավելի վատն եմ դարձրել»: Ռիչարդ Սթոլման

PanARMENIAN.Net - Ազատ ծրագրավորման լեգենդար կողմնակից Ռիչարդ Սթոլմանը սկսել է GNU օպերացիոն համակարգի մշակումը 1984-ին: Սթոլմանի հիմնած շարժումը կոչվել է «ազատ ԾԱ» այն պատճառով, որ ստեղծվել է օգտագործողների ազատության նկատմամբ հարգանքի հիման վրա: Հենց այդ պատճառով նրա համար արմատապես անընդունելի է «open source» («բաց աղբյուր») և «free software» («ազատ ԾԱ») հասկացությունների միախառնումը: Նրա կարծիքով, այդ շարժումները նման են երկու քաղաքական կուսակցությունների, ընդ որում «open source» շարժումը (հիմնվել է 1998-ին), Սթոլմանի խոսքերով, նրա իդեալիստական գաղափարախոսության ժխտումն է, քանի որ այդ տերմինը թաքցնում է, որ նման ԾԱ-ի իրական նպատակն ազատությունն է: Այնուամենայնիվ, 1998-ից ի վեր, այդ շարժման ներկայացուցիչները սկսել են օգտագործել «open source» տերմինը` նման գործունեությունը բնութագրելու համար: Ինչ էլ որ լինի, ողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ օգտվում են GNU/Linux համակարգից: Ի տարբերություն այլ կոմերցիոն օպերացիոն համակարգերի (Windows, Mac OS), GNU/Linux-ի հիման վրա ծրագրերը հազարավոր մարդկանց աշխատանքի պտուղ են, դրանք կարելի է փոխանցել առանց սահմանափակումների անվճար կամ վճարովի, ստանալ այդ ծրագրերի նախնական տեքստերը և դրանցում ցանկացած փոփոխություն կատարել:

Այսօր Հայաստանում փորձեր են արվում տեղայնացնել GNU/Linux հիման վրա դիստրիբուտիվների ստեղծումը: «Կարելի է ասել, որ ազատ ԾԱ շարժումը Հայաստանում սկսվել է 1990-ականների վերջին: Linux-ը տեղայնացնելու փորձերից մեկը Spitak Linux նախագիծն էր»,- հիշում է ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանում Linux օգտագործողների թիվը շատ չէ` 1-3 տոկոս: Դրա մեղավորն ինչպես տեղեկատվության պակասն է, այնպես էլ հնարավոր անհարմարություններից վախը` կապված անծանոթ օպերացիոն համակարգը (ՕՀ) յուրացնելու հետ:

Ռուս-հայկական համալսարանի և Ռուսական ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համակարգային ծրագրավորման համատեղ լաբորատորիան 2009-ին սկսել է մշակել Nur Linux օպերացիոն համակարգը, որի վերջնական և նորացված տարբերակը պատրաստ կլինի կես տարի անց: Ինչպես նշել է լաբորիատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը, Nur Linux-ում կընդգրկվեն լաբորատորիայի համակարգային ծրագրավորման մշակումները: Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, ազատ ԾԱ շարժումը Հայաստանում առաջիկա երկու տարում իսկական բում կապրի: «Աշխարհի առաջատար երկրների պետական և բիզնես կառույցներն ակտիվ անցում են կատարում ազատ ԾԱ-ի: Հայաստանն այդ գործընթացից դուրս չի մնա»:

Լաբորատորայի աշխատակից Բիայնա Մահարիի խոսքերով, Linux ՕՀ-ը Հայաստանում ավելի տարածված է դառնում. «Չլիցենզավորված ՕՀ-երի կիրառումը Հայաստանում կվերանա: Այսօր խանութներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Linux ՕՀ-ով կամ ձեռք բերել Windows ՕՀ-ի լիցենզավորված տարբերակը: Բայց բաց ԾԱ-ի հիման վրա մշակվել է նաև «Արաքս» օպերացիոն համակարգը` նախատեսված մարզերի համար: Ինչպես ասում է «Արաքս» ՕՀ համահեղինակ Նորայր Չիլինգարյանը, ծրագիրը նոր հայացք է նրան, թե ինչպես կարելի է հավաքել Linux դիստրիբուտիվներ: Նոր օպերացիոն համակարգի համար ընտրվել է խորհրդանշական անվանում՝ չէ որ Արաքսը սահմանային գետ է: «Արաքսը» տեղայնացված է հայերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: «Արաքսը» ցուցադրվել է Երևանում «DigiTec» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետը: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն օգտագործողներից է:

«Ես հուսով եմ, որ Սթոլմանի այցը կազդի Հայաստանում այդ շարժման տարածման վրա, քանի որ Ռիչարդ Սթոլմանը խարիզմատիկ անձնավորություն է: Այսօր Հայաստանը վճարում է Misrosoft-ին ԾԱ համար, թեև կարելի է ունենալ հայկական դիստրիբուտիվ: Այսպիսով, մենք «կախվածության մեջ ենք ընկնում»,- կարծում է Չալաբյանը:

Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանը դասախոսություններ է անցկացնում ողջ աշխարհում առանց որևէ նյութական վարձատրության` քարոզելով ազատ ԾԱ: Սթոլմանի դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 16-19-ը Երևանում և Գյումրիում: Նա Հայաստան է ժամանում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով: Այցի շրջանակներում նոյեմբերի 16-ին Սթոլմանը կկարդա երկու դասախոսություն Երևանում` «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» և նոյեմբերի 18-ին` «Ազատ թվային հասարակություն» թեմաներով: Նոյեմբերի 19-ին Գյումրիում GNU նախագծի հեղինակը կկարդա դասախոսություն «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» թեմայով:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---