Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ

Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ

ՀՀ գյուղնախարարության վրա այս տարի հսկայական պատասխանատվություն է դրված, բայց ահա կօգնե՞ն արդյոք երեք փոխնախարարների հրաժարականները, ժամանակը ցույց կտա

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարիների ընթացքում «մոռացության էր մատնված»: Եվ միայն այն բանից հետո, երբ անբարենպաստ հանգամանքներից ելնելով 2010-ին այստեղ արձանագրվեց առավել մեծ անկում, երկրի իշխանությունները լրջորեն ձեռնամուխ եղան առկա խնդիրների լուծմանը: Պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանի առևտրային բանկերը չէին վառվում գյուղատնտեսությունը վարկավորելու ցանկությամբ՝ նրա բարձր ռիսկայնության պատճառով:

PanARMENIAN.Net - Այնումենայնիվ, Հայաստանի կառավարության որոշման համաձայն, գյուղատնտեսության ոլորտում տրամադրվելու են արտոնյալ վարկեր 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Այդ նպատակով արդեն հատկացվել է 200 մլն դրամ: Վարկերը տրամադրվելու են դրամով: Վարկերը տրամադրվելու են երկու տարով մինչև 3 մլն դրամ նվազագույնը 6 ամիս մարման ժամկետով:

Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը կարծում է, որ գյուղատնտեսության սուբսիդավորման վերաբերյալ կառավարության ծրագիրն արդյունավետ կլինի: «Շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ, քանի որ վարկերը կտրամադրվեն ցածր տոկոսադրույքներով և դրամով»,- ասել է ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել է Հայաստանի տնտեսական հարցերը լուսաբանող լրագրողների ակումբի կողմից: Նրա խոսքերով, կառավարական ծրագիրը նոր մշակույթ կմտցնի, կբարձրանա բանկերի հետաքրքրությունը գյուղատնտեսության ոլորտում վարկավորման նկատմամբ:

Հայաստանի տարածքում 2010-ին գործել է 21 բանկ, որոնց վարկային ներդրումների ծավալները 2009-ի համեմատ ավելացել են 28.7 տոկոսով, ընդ որում գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ծավալների աճն ավելացել է 19 տոկոսով: Այդ մասին ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել է Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի կողմից, հաղորդել է Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը : Նրա խոսքերով, Հայաստանի բոլոր առևտրային բանկերն ունիվերսալ են, առաջարկում են բանկային ծառայությունների ողջ սպեկտրը, սակայն այսօր գյուղատնտեսության վարկավորումը, հիմնականում, մասնագիտանում է 6 բանկերի վրա:

Ինչպես հաղորդել է Օսիպյանը, գյուղատնտեսական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 17-19 տոկոս արդյունաբերության մեջ 14 տոկոս միջին շուկայական տոկոսադրույքի համեմատ: Աշոտ Օսիպյանը դա բացատրել է նրանով, որ բանկերը ստիպված են լինում հատուկ մեխանիզմ կիրառել գյուղատնտեսական վարկի գնահատման ժամանակ, հավելելով, որ այդ գործընթացը բարդանում է անշարժ գույքի կադաստրի բացակայության, ընտանի կենդանիների գրանցման, գրավի իրացվելիության պատճառով` «խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որի պատճառով այդ ոլորտին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի միայն 6 տոկոսը»:

Միաժամանակ, ՀԲՄ նախագահը հավելել է, որ «բանկերը մտածում են այնպիսի ծառայությունների ընդլայնման ուղղությամբ, ինչպիսիք են լիզինգը և ֆակտորինգը»: «Այսօր Հայաստանի բանկային համակարգում բարձր է մրցակցության մակարդակը, և այստեղ մենք տեսնում ենք բանկային ծառայությունների տրամադրման տոկոսադրույքների նվազում»:

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման կառավարության քայլերի հետ համաձայն չէ ընդդիմությունը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դրա հետ կապված հայտարարել է, որ անընդունելի է, որ տնտեսության ոլորտներից մեկը վարկավորվում է այդքան ցածր տոկոսադրույքներով:

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ Գծապատկերի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» և հեռախոսահամարը` (10) 54-19-68։ Գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվում են գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշմամբ, ըստ էության, գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվության ծառայություն մատուցել գյուղացիներին։ Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենեք ԳԱՄԿ-ներ, որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, և որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանք պարտավոր են հասնել գյուղացուն, օգնության կարիք առաջանալու դեպքում խորհրդատվություն տրամադրել։ Կառավարության այս որոշումով նաև հնարավորություն է ստեղծվելու փոխադարձ կապ ապահովել, նախարարությունն էլ կկարողանա պատշաճ ձևով վերահսկել ամեն օր մատուցվող ծառայությունների ծավալը։ Նաև մենք հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել և հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին:

Այնուհետև վարչապետը հավելել է, որ մի քանի օր է, ինչ առևտրային բանկերն սկսել են գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով։ Բացի այդ, նրանք 6 ամիս էլ հնարավորություն են ունենալու օգտվել արտոնյալ պայմաններից` ո՛չ տոկոսը, ո՛չ էլ մայր գումարը չսպասարկել։ Ընդ որում, 200-ից ավելի համայնքներում սուբսիդավորումը լինելու է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկերը հասանելի են լինելու 8 տոկոսով։ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով պարզաբանումներ տալ, թե գյուղացիներն ինչպես կարող են օգտվել այդ վարկերից, որպեսզի բոլորին հասկանալի լինեն պայմանները, ժամկետները, սպասարկման ձևերը և այն բանկերը, որոնք այդ ծառայությունները մատուցում են։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը:

Հայաստանի գյուղնախարարության վրա այս տարի հսկայական պատասխանատվություն է դրված, բայց ահա կօգնե՞ն արդյոք երեք փոխնախարարների հրաժարականները, ժամանակը ցույց կտա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---