Հայաստանը կանգնել է արդյունաբերական կողմնորոշում ունեցող ուղու վրա

Իշխանություններին առայժմ չի հաջողվում պաշտպանել տեղի արտադրանքն անօրինական ներմուծումից

Յուրացնելով ճգնաժամի դասերը, երբ տնտեսական աճի շարժիչ ուժին բաժին էր ընկնում միայն շինարարության ոլորտը, որն ամենաշատն էր տուժել այդ շրջանում, երկրի կառավարությունը որոշել է հիշել, որ «Հայաստանը եղել է, կա և կլինի արդյունաբերական երկիր»: Նախօրեին նման հայտարարություններով ելույթ է ունեցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Պարզվում է` էկոնոմիկայի նախարարությունը մշակել է «Արդյունաբերության ոլորտում ռազմավարական քաղաքականություն` ուղղված արտահանմանը»:

PanARMENIAN.Net - 2011-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի հուլիսի համեմատ ավելացել է 7%-ով: Այս տարվա հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 78 մլրդ 165,4 մլն դրամ` 2010-ին հուլիսի համեմատ ավելանալով 10,2%-ով: Ապրանքաշրջանառությունը հուլիսին աճել է 5,9%-ով (165 մլրդ 961,8 մլն), ծառայությունների ծավալը` 5.3%-ով (78 մլրդ 474 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 32,4%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում, իսկ շինարարության ոլորտում ` 32.2%-ով անկում:

Վերջին միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի կառավարության թիրախային մոտեցումը, այդ թվում` աջակցությունն արդյունաբերական ոլորտին, թույլ կտան այս տարվա վերջին պահպանել աճի երկնիշ ցուցանիշը: Այդ մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Եթե անդրադառնանք տնտեսության մեջ ընթացիկ զարգացումներին, ապա կարելի է նկատել, որ մենք վեց-յոթ ամսվա կտրվածքով 12-13% աճ ունենք արդյունաբերության ոլորտում` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Դա նշանակում է, որ արդյունաբերությունն աճում է միջին տնտեսական ցուցանիշներից ավելի արագ տեմպերով, ինչն ուրախացնում է, քանի որ Հայաստանը եղել է, կա և կլինի արդյունաբերական երկիր»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, նախարարը հանդես է գալիս երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման կողմից: Եվ այստեղ կառավարությունն ուղենիշ է վերցրել թիրախային մոտեցման և զանազան ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացման միջոցով կարգավորել իրադրությունը բոլոր ճյուղերում և անգամ ենթաճյուղերում:

Իսկ ինչ վերաբերում է արտահանման ծավալների աճին, ապա, Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարի աճի տեմպերը (25-30%) այստեղ գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշները: «Գտնում եմ, որ այդ միտումները կպահպանվեն, իսկ դա նշանակում է, որ մեր արտադրանքը սպառման նոր շուկաներ է գտնում»,- ընդգծել է նա: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման աճին նպաստելու է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Արդյունաբերության ոլորտում ռազմավարական քաղաքականությունը` ուղղված արտահանմանը»: Սակայն իշխանություններին առայժմ չի հաջողվում պաշտպանել տեղի արտադրանքն անօրինական ներմուծումից: Հարց է ծագում` իսկ ինչպես է արտադրանքը խուսափում մաքսազերծումից առանց վերոհիշյալների իմացության:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---