ԵՄ-ն ի դեմս Ֆրանսիայի փորձում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, հնարավոր է` նաև ԱՄՆ-ին

Ֆիլիպ Լեֆորի նշանակումը կարող է նշանակել կամ Ֆրանսիայի առավել լայն ներկայություն Հարավային Կովկասում կամ ԵՄ-ում համանախագահ-երկրի փոխարինման հնարավորություն

Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի` տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որը կարելի է բնութագրել նույն կերպ, ինչ նախորդները` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իսկ բանակցությունները շարունակվելու են մինչև անվերջություն: Լեֆորի այցի մասին ավելի ուշ, իսկ այժմ նշենք ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության որոշ դետալներ:

PanARMENIAN.Net - Միջնորդներին կարելի է հասկանալ. աշխարհին, մասնավորապես ԱՄՆ-ին և ԵՄ-ին հիմա բացարձակ չի հետաքրքրում Ղարաբաղը, ահա նրանք փորձում են վերակենդանացնել բոլորի համար անկարևոր գործընթացը և արդարացնել իրենց գոյությունը:

ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող գլուխ հանել ոչ իր տնտեսական քաղաքականությունից, ոչ Իրաքում և Աֆղանստանում շարունակվող պատերազմից: ԵՄ-ն խրվել է Լիբիայում և պատրաստվում է խրվել Սիրիայում: Իսկ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակը հասկացնել տվեց նույնիսկ ամենակասկածող քաղաքական գործիչներին մի պարզ ճշմարտություն. անցյալին վերադարձ չի լինի և ոչ մի հիմնարար սկզբունք չի օգնի Ադրբեջանին վերադարձնել այն, ինչ երբեք նրան չի պատկանել: Ի դժբախտություն համանախագահների, ոչ մի կոնկրետ պայմաններ, ուղղված հրադադարի ամրապնդմանը և հիմնարար սկզբունքների ճանաչմանը, չեն կարող փոխել արդեն գոյություն ունեցող իրականությունը: Միակ բանը, որը կարող է արմատապես փոխել իրավիճակը, Ադրբեջանի կողմից իր դիրքորոշումը վերանայելն է, որն ավելի է հեռացնում խաղաղության հաստատումը, որովհետև կարգավորման մասին հարկ չի լինում խոսել: Բաքուն կարծում է, որ կարգավորում նշանակում է ԼՂՀ-ն վերադարձնել Ադրբեջանի իրավասության տակ: Հայաստանը միջազգային հանրության աչքում երբեք չի եղել հակամարտող կողմ:

Հակամարտության կողմը Լեռնային Ղարաբաղն է: Ադրբեջանական ԶԼՄ-ներից բացի ոչ ոք աշխարհում չի օգտագործում «հայ-ադրբեջանական հակամարտություն» տերմինը:

Ինչ վերաբերվում է Ֆիլիպ Լեֆորին, ապա նա ֆրանսիացի դիվանագետ է ավելի քան 20-ամյա փորձով, ով իր կարիերայի մեծ մասը նվիրել է Կովկասում և Ռուսաստանում աշխատանքին: Հատուկ ներկայացուցչի պաշտոնում նա փոխարինել է Պիեր Մորելին և Պիտեր Սեմնեբիին 2011-ի սեպտեմբերի 1-ից 2012-ի հունիսի 30-ն ընկած շրջանում: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի առաջարկով: «Ֆիլիպ Լեֆորն իդեալական ընտրություն է, և նրա նշանակումը թույլ կտա բարձրացնել ԵՄ դերն այս զգայուն տարածաշրջանում»,- ասել է նա: «Այս պաշտոնը շատ կարևոր է, քանի որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանին, որը մեծ նշանակություն ունի տնտեսական և մշակութային զարգացման համար խաղաղության վերջնական հաստատումից հետո»,- ասել է Լեֆորը` նշելով, որ ԵՄ-ն աջակցում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

Միաժամանակ, հենց ֆրանսիացի դիվանագետի նշանակումը` որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ունի որոշակի նշանակություն: Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն, դատելով ամեն ինչից, ավարտում է իր առաքելությունը: Լեֆորի նշանակումը կարող է նշանակել կամ Ֆրանսիայի ավելի լայն ներկայություն Հարավային Կովկասում կամ ԵՄ-ում համանախագահ երկրի փոխարինման հնարավորություն: Ճիշտ է, դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն իր խնդիրներով կարող է ակտիվ և արդյունավետ մասնակցել Մինսկի խմբի աշխատանքին: Մյուս կողմից, Մինսկի համաժողովի գրեթե բոլոր երկրներն արդեն հանգում են հակամարտության լուծման ներկա առաջարկների անարդյունավետության մասին եզրակացության: Վերջ ի վերջո, ԵԱՀԿ ՄԽ-ին հաջողվել է թույլ չտալ նոր պատերազմ Ադրբեջանի և ԼՂ միջև: Ով գիտի, թե ինչ կարող է պատահել, եթե Ֆրանսիան տարածաշրջանում գնա ավելի «խորը ներթափանցման»: Լիբիական իրադարձությունները պետք է բոլոր համար նախազգուշացում լինեն այն առումով, որ մեկ երկրի աջակցությունը մյուսի դեմ բարիք չի բերում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---