Հայերի վերաբնակեցման պատմությունը ադրբեջանական պատմագիտության քառուղիներում

Սեփական թեզը հիմնավորելու համար ադրբեջանցիները ընտրում և հանրությանը ներկայացնում են միայն այն վկայությունները, որոնք մասնակիորեն խոսում են իրենց թեզի օգտին

Ադրբեջանական պատմագիտության առանցքային հենասյուներից մեկը, որի վրա ադրբեջանցի պատմագետները հաճախ փորձում են կառուցել ներկայիս Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքների պատմականորեն ադրբեջանցիներին պատկանելու թեզը, հիմնված է 19-րդ դարի սկզբում Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից ներկայիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներ հայերի մասսայական վերաբնակեցման փաստերի վրա: Ըստ այս թեզի` ներկայիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, նախքան 1826-1828 թ. տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմը, տեղաբնակ ադրբեջանցիների թվաքանակը զգալիորեն գերազանցել է տեղաբնակ հայերի թվաքանակը, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում փոխվել է ռուսների կողմից այս տարածքներում հայերի մասսայական վերաբնակեցման պատճառով, ինչի արդյունքում ադրբեջանցիները աստիճանականորեն դուրս են մղվել իրենց պատմական տարածքներից` դրանք զիջելով հայերին:

PanARMENIAN.Net - Մասնավորապես ադրբեջանցի պատմաբան` պատմական գիտությունների դոկտոր` Դ.Հասանլին իր “Պատմական ճշմարտության որոնումը հոդվածի մեջ նշում է. “Հյուսիսային Ադրբեջանում խանությունների վերացումից հետո սահմանվում է կառավարման պարետային համակարգ:

Ողջ Ղարաբաղը, Շուշի կենտրոնով, ներառվում է մուսուլմանական գավառների ռազմական-տարածքային ղեկավարի կողմից գլխավորվող մուսուլմանական շրջանի կազմի մեջ: Սակայն նման վերաբաշխումը բացարձակապես համահունչ չէր տեղական բնակչության ազգագրական, պատմական, կրոնական և կենցաղային առանձնահատկություններին: Դա Ղարաբաղում առանձնակիորեն սուր կերպով արտահայտվեց: Դեմոգրաֆիան աստիճականորեն վերածվում էր քաղաքականության գործիքի:

Հայկական վերաբնակեցումների արևածագին, ռուսական ադմինիստրացիան 1823 թավականին պատրաստեց այս շրջանի բնակչության և դրա էթնոկրոնական կազմի մասին վիճակագրական տվյալներ պարունակող “Ղարաբաղյան գավառի նկարագրությունը”:

Դատելով ռուսական հաստատությունների կողմից պատրաստված վիճակագրական տվյալներից` Ղարաբաղի մարզում այդ ժամանակ 600 գյուղ է եղել, որոնցից 450-ը եղել են մուսուլմանական, և միայն 150-ն են եղել հայկական: Դատելով վստահության արժանի այս փաստաթղթից` 1823 թվականին Ղարաբաղի մարզում ապրել են 20 095 ընտանիքներ, որոնցից` 15 729-ը մուսուլմանական և 4 366-ը` (21,7%) հայկական:

Իրերի իրական վիճակը ճշմարտացիորեն նկարագրված է պետական քաղաքականությունը լուսաբանող ХIХ դարի ռուս հետազոտողների աշխատությունների և պաշտոնական հրատարակությունների մեջ: Համաձայն 1832 թվականի մարդահամարի տվյալների` Ղարաբաղում առկա ընտանիքների թիվը կազմում է 20456, իսկ հայ ընտանիքների թիվը միևնույն 10 տարիների ընթացքում աճում է մինչև 31.6 %: Շուշիում, որը համարվում էր Ղարաբաղի կետրոնը, 1823 թվականին 1532 ընտանիքներից 1111-ը մուսուլմանական էին (72.5%), 421 ընտանիքներ հայկական էին (27.5%), սակայն արդեն 1832 թվականին, ի հաշիվ հայկական վերաբնակյալների, այդ ցուցանիշը հասավ 44.9 %-ի: Ռուս ռազմական պատմաբան Վ.Պոտտոն նշում է, որ հայերի առաջին խոշոր վերաբնակեցումը կայացավ 1828 թվականին: Նա գրում է, որ 1828 թվականի մարտի 16-ին Իրանից Երևանի մարզ են ուղևորվում 40 հազ. հայկական ընտանիքներ, սակայն հացի պակասի հետևանքով 5 հազ. ընտանիքներ` վերաբնակյալների առաջին խումբը, ստիպված է լինում երկար ժամանակ սպասել Արաքսի ափին և վերջ ի վերջո այն ուղարկվում է Ղարաբաղ”(1):

Մեկ այլ ադրբեջանցի հեղինակ` Հ.Դ.Խալիլովը նշում է. “Ելիզավետապոլի մարզում 124.000 հայեր վերաբնակեցվում են պաշտոնապես, իսկ որոշ մասը` ոչ պաշտոնապես: Ընդհանրապես 1828-1830 թթ. Ելիզավետոպոլի մարզում վերաբնակցվում են 200 հազ. հայեր: Չնայած Ղրիմի պատերազմի տարիներին Անդրկովկասում հայերի վերաբնակեցմանը, նրանց թվաքանակը, ցավոք սրտի, չի գրանցվում: 1877-1879 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին Անդրկովկասում վերաբնակեցվում են 85 հազար հայեր: Դրանից հետո ինչպես ընտանիքներով, այնպես և առանձին անձերով շարունակվում է հայերի վերաբնակեցումը Անդրկովկասում”(2):

Ադրբեջանցի պատմաբանների կողմից հայերի վերաբնակեցման գործընթացի ուսումնասիրությունը և դրա ներառումը ադրբեջանական պատմագիտության մեջ որպես ժամանակագրական տեսանկյունից ադրբեջանցի ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցած, արժանահիշատակ դրվագի, պատահական չէ:

Այս առնչությամբ հատկանշելի է Ադրբեջանի նախագահ Հ.Ալիեվի կողմից “Ադրբեջանցիների ցեղասպանության մասին” 1998 թվականի մարտի 26–ի հրամանագիրը, որի բովանդակությունը լույս է սփռում այս թեզի զարգացման գաղափարական նպատակի վրա: Այստեղ մասնավորապես ասվում է. “1813 և 1828 թվականերին ստորագրված Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով սկսվեց ադրբեջանական ժողորդի անդամահատումը, մեր պատմական հողերի վերաբաժանումը: Բաժանված ադրբեջանցի ժողովրդի ազգային պատուհասի շարունակությունը դարձավ նրա հողերի բռնազավթումը: Այս քաղաքականության իրականացման արդյունքում կարճ ժամկետներում ադրբեջանական տարածքներում իրականացվեց հայերի մասսայական վերաբնակեցում: Ցեղասպանության քաղաքականությունը դարձավ ադրբեջանական տարածքների բռնազավթման անբաժանելի մասը: Չնայած այն բանին, որ Էրիվանի, Նախիջևանի և Ղարաբաղի խանությունների տարածքներում տեղաբախշված հայերը փոքրամասնություն էին կազմում այնտեղ բնակվող ադրբեջանցիների համեմատությամբ` նրանք իրենց հովանավորի խնամակալությամբ (նկատի է առնում ռուսներին) հասան այնպիսի ադմինիստրատիվ տարածքային միավորի ստեղծմանը, ինչպիսին այսպես կոչված “Հայկական մարզն” է (3):

Այսպիսով բավականաչափ պարզ է դառնում, թե ինչին են փորձում հանգեցնել ադրբեջանցի պատմաբանները և պաշտոնատար անձիք այդ թվականներին տեղի ունեցած հայերի վերաբնակեցումների վերաբերյալ իրենց հետազոտությունները:

Այսուհանդերձ, վերոնշյալ թեզի առումով հատկանշելի են 3 կարևոր հանգամանքներ, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր հետագա եզրահանգումների տեսանկյունից: Առաջին հանգամանքն այն է, որ այսպիսով տարածքային ազգային պատանելության գաղափարը ադրբեջանցի պատմաբանները կապում են ոչ թե դիտարկվող ժամանակաշրջանում նշված տարածքներում ադրբեջանական անկախ պետության գոյության փաստի (և դա բնական է, քանի որ նման պետություն, ինչպես հայտնի է, այս ժամանակահատվածում չի եղել), այլ այս տարածքների` որպես պատմականորեն ադրբեջանաբնակ լինելու գործոնի հետ: Երկրորդ հանգամանքը վերաբերվում է 19-րդ դարի սկզբի դրությամբ Իրանում նման հայաշատ համայնքի առկայությանը, որի առաջացման պատճառների մասին, սակայն, ադրբեջանցի պատմաբանները և պաշտոնական աղբյուրները լռում են: Եվ երրորդ հանգամանքը վերաբերվում է ադրբեջանական պատմագիտության կողմից այս թվականներին տեղի ունեցած հայերի վերաբնակեցման գործընթացի մեջ հայերի դեպի Ղարաբաղ վերաբնակեցումների փաստերի առանձնակի շեշտադրմանը, որի նպատակը ինքնին պարզ է. ցույց տալ, որ ներկայիս Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության զգալի մասը էթնիկ տեղաբնակներ չեն, այլ հանդիսանում են Իրանից վերաբնակեցված հայերի ժառանգներ: Մյուս կողմից պատմական իրողությունները պարզաբանելու և ըստ այդմ ադրբեջանական պատմագիտության կողմից առաջադրված այդ թեզի գիտական հիմնավորվածության և դրա կառուցման ակադեմիական անկողմնակալության աստիճանը պարզաբանելու համար, հարկ է անդրադարձ կատարել Անդրկովկասում հայերի վերաբնակեցման գործընթացին առավել երկար պատմական ժամանակաշրջանի կտրվածքով, քան ադրբեջանցիների կողմից հաճախակիորեն մեջբերվող 1828 թվականն է: Սկսած մ.թ.ա. 6-րդ դարից` հայկական տարբեր թագավորություների կազմում գտնվող ներկայիս Հայաստանի տարածքից հայերի հիմնական վերաբնակեցումների առաջին նշանակալի ալիքը սկսվում է 885-1045 թվականների Բագրատունիների հայկական թագավորության անկումից(4) և այս տարածաշրջանում 1040 թվականին առաջին սելջուկ-թուրքական ավերիչ ներխուժումից հետո5: Տեղի ունեցածը, անշուշտ, բացատրելի է, հաշվի առելով, որ հույները սելջուկ-թուրքական արշավանքներին նախորդած բյուզանդական տիրապետության կարճատև շրջանում (1045-1065թթ.) անխոհեմաբար ցրեցին հայկական զինական ուժերը Հայաստանում, որը շուրջ 80 հազար զինվորով, մինչև այդ հանդիսանում էր Մերձավոր Արևելքի առավել մարտունակ ու կարգապահ ուժերից մեկը: Հույների կողմից տարվող հարկային, տնտեսական ծանր քաղաքականության, ինչպես նաև հայոց եկեղեցին ավանդական քրիստոնեական եկեղեցական դոգմաներից դեպի ուղղափառ եկեղացական դոգմաների ընդունմանը հակելու փորձերի արդյունքում, հայ հասարակության մեջ խիստ դժգոհություն է առաջ գալիս բյուզանդական իշխանությունների նկատմամբ: Այս ամենի արդյունքում սելջուկները բավականաչափ հեշտորեն են կարողանում Հայաստանի այլևս բաց և անպաշտպան սահմաններից իրականացնել իրենց նվաճումները, իսկ ավելի ուշ, արդեն 1071թ., ջախջախել նաև բյուզանդական զորքերին` հաստատվելով նաև Փոքր Ասիայում:

Հայերի հետագա վերաբնակեցումն ավելի մեծ թափ է ձեռք բերում թաթար-մոնղոլների, ապա Լենկ Թեմուրի արշավանքների ընթացքում, ինչի արդյունքում մասնավորապես մոնղոլ զորավար Թոթղամիշի կողմից Ղարաբաղից և Սյունիքից տասնյակ հազարավոր հայեր են գերեվարվում(6): Հայերի վերաբանակեցումն առանձնակի մեծ դրսևորում է ձեռք բերում նաև 17-րդ դարասկզբին, շահ Աբասի գահակալության օրոք, երբ 1603 թվականին շուրջ 250 հազար հայեր Արևելյան Հայաստանից, հիմնականում Նախիջևանի և Արարատյան հարթավայրի տարածքներից բռնի կերպով տեղահանվում են դեպի Իրան(7) (այս իրողությունը այսպիսով տալիս է Իրանում 19 դարասկզբին հայերի նման մեծաքանակ զանգվածի առկայության հարցի պատասխանը, ինչի մասին, ինչպես արդեն նշվեց, ադրբեջանական պատմագիտությունը գերադասում է լռել): Հայերի բռնի վերաբնակեցման գործընթացը նախ Իսմայիլ 1-ի, ապա շահ Աբասի կողմից զուգահեռաբար ուղեկցվում է Արևելյան Հայաստանի տարածքներում, մասնավորապես Երևանի շրջանում թյուրքական ցեղերի` թուրք կիզիլբաշների և ախչա-կյոնլու քաջարների մասսայական վերաբնակեցումներով(8): Այսպիսով ակնհայտ է դառնում այն պատմական իրողությունը, որ սկսած 11-րդ դարից` Արևելյան Հայաստանից տեղաբնակ հայերի շարունակական, հարկադրական արտագաղթը և թուրք-սելջուկների արշավանքներից հետո թուրքական տարրի դեպի Արևելյան Հայաստան վերաբնակեցման գործընթացը կրել են զուգահեռ բնույթ: Սա հստակեցնում է նաև այն հարցի պատասխանը, թե որտեղից և ինչպես է պատմության ընթացքում արևելյան Հայաստանի տարածքում ձևավորվում թուրքալեզու մուսուլմանական էլեմենտը, որի թվաքանակի գերակայության վերաբերյալ 19-րդ դարում տեղ գտած վիճակագրական տվյալների վրա ադրբեջանցի պատմաբանները հաճախ են հղում կատարում, ապացուցելու համար, ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքների պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը` հայերի առավել ուշ վերաբնակեցումներն այստեղ ներկայացնելով (որն իրականում հայրենադարձության գործընթաց է եղել) ոչ այլ ինչ, քան որպես պատմության ընթացքում ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն և ադրբեջանական տարածքների վերաբաշխման գործընթաց:

Փաստորեն, այս տրամաբանությամբ, եթե սկսած 10-րդ դարից հայերի վերաբնակեցան պատմությունը նույնացնելու լինենք փաստավավերագրական 10 սերիայից բաղկացած մի սերալի, իսկ վերջինիս ամեն մի սերիայի բովանդակությունը` մեկ դարի ընթացքում տեղ գտած էթնիկ վերաբնակեցման փաստերի հետ, ապա կստացվի, որ ըստ ադրբեջանական պատմագիտության` Արևելյան Հայաստանի տարածքում վերաբնակեցումների գործընթացի և մասնավորապես հայերի վերաբնակեցումների գործընթացի պատմությունը հարկ է դիտել, սկսած ոչ թե 1-ին, այլ ընդամենը 9-րդ սերիայից: Որքանով են այդպիսով ադրբեջանցի գիտնականերն իրենց հետազոտությունների մեջ պահպանում պատմական իրողությունների ամբողջական վերլուծության տրամաբանությունը և օբյեկտիվությունը, թողնում ենք առանց մեկնաբանությունների: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, ադրբեջանական պատմագիտությունը 19-րդ դարասկզբի հայերի վերաբնակեցումների վերաբերյալ իր հիպոթեզի մեջ հատուկ կերպով է անդրադարձ կատարվում նաև Ղարաբաղի տարածաշրջանում հայկական վերաբնակեցումների վերաբերյալ վկայություններին: Թե ինչն է դրա պատճառը, կարծում ենք առանձնակի պարզաբանման կարիք չունի. ներկայումս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը դեռևս շարունակում է մնալ չլուծված, իսկ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղի տարածքում հայերի վերաբնակեցման վկայություններին վերաբերվող հատուկ անդրադարձը և ադրբեջանական պատմագիտության կողմից այս տարածքներում բնակվող ներկայիս հայերի` իբրև եկվոր լինելու հանգամանքի արծարծումը ուղղակիորեն միտված է պատմականորեն արդարացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ սեփական հավակնությունները:

Այս իմաստով ամենահատկանշելին թերևս փաստագրական իրողությունների իրական բովանդակության ներկայացման ձևաչափն է, որի շուրջ, ըստ երևույթին, փորձում է խաղալ ադրբեջանական կողմը: Բանն այն է, որ 19-րդ դարասկզբին Ղարաբաղ անվան տակ ժամանակակիցները ընկալում էին ոչ միայն ներկայիս Լեռնային Ղարաբաղի, այլև ողջ Ղարաբաղի խանության տարածքները: Վերջինիս մակերեսը, որն իր մեծությամբ մոտ 3 անգամ գերազանցում էր ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, արևելքում տարածվում էր Քուռ գետի ողջ երկայնքով մինչև Քուռի և Արաքսի ջրբաժանը, իսկ հարավից Արաքս գետի երկայնքով ձգվում էր մինչև Նախիջևանի խանության սահմանները(9): Այդպիսով` պարզորոշ է այն իրողությունը, որ ինչպես Պարսկաստանից 1828 թվականին դեպի Ղարաբաղ տեղի ունեցած հայերի որոշակի խմբերի արտագաղթի մասին վկայություններն, այնպես էլ հայ և մուսուլմանական ընտանիքների համեմատական թավաքանակների մասին վկայությունները վերաբերվում են ոչ միայն կոնկրետ ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքին, որի տպավորությունը այս ամենից անտեղյակ ընթերցողների շրջանակում փորձում են ձևավորել ադրբեջանցի պատմաբանները, այլև շատ առավել ընդարձակ մի տարածքի, որն իր մեջ ընդգրկում էր ոչ միայն ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, կամ առհասարակ Ղարաբաղի Խանության լեռնային տարածքի մեծ մասը, այլ նաև Դաշտային Դարաբաղի և ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքին արևմուտքից հարող նախկին Կուբաթլիի շրջանի հյուսիսային հատվածը և Քելբաջարի, Լաչինի շրջանները:

Այսուհանդերձ անգամ մի կողմ թողնելով այն փաստը, որ նույնիսկ Դաշտային Ղարաբաղի տարածքները, ինչպես նշում է գերմանացի ճանապարհորդ Յոհան Շիլտբերգերը իր “Յոհան Շիլտբերգերի ճանապարհորդությունը Եվրոպայով, Ասիայով և Աֆրիկայով 1394-1427 թվականներին” աշխատության մեջ, եղել են հայաբնակ(10) (նախքան այստեղ առավել ուշ շրջանում թուրքական էթնիկ վերաբնակեցումները) և գալով Ղարաբաղի տարածքի էթնիկ կազմի վերաբերյալ ադրբեջանցի պատմաբանների կողմից բերվող վկայություներին, հատկանշելի է նաև այն, որ այդ վկայություններում շեշտադրումը կատարվում է ոչ թե տարածքի բուն բնակչության, այլ այդտեղ առկա ընտանիքների թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալների մեջբերման վրա, ինչն իրականում առավել լղոզված և ոչ հստակ պատկեր է ստեղծում տիրող դեմոգրաֆիական իրավիճակի պարզաբանման հարցում: Մասնավորապես, չնայած Դ.Հասանլին իր վերոհիշյալ հոդվածի մեջ հատուկ վստահությամբ է հղում կատարում 1823 թավականին կազմված “Ղարաբաղյան գավառի նկարագրությունը” փաստաթղթում տեղ գտած Ղարաբաղի մարզում առկա գյուղական բնակավայրերի և գրանցված ընտանիքների ազգային պատկանելության վերաբերյալ տվյալներին, վերջինս գերադասում է չհիշատակել միևնույն փաստաթղթում առկա բնակչության էթնոկազմերի հարաբերակցության և դրանց թվաքանակի վերաբերյալ ուղղակիորեն բերվող տվյալները, որոնց համաձայն հայերը Ղարաբաղի լեռնային հատվածում կազմել են բնակչության 84,6 %-ը, թաթարները՝ 14,7 %-ը, իսկ քրդերը՝ 0,7 %-ը (11): Այս առումով ուշագրավ է նաև ամերիկահայ պատմաբան պրոֆեսոր Ջորջ Բուրնությանի վկայությունը, ով 2009թ. իր կողմից ՌԴ պետական արխիվում այս փաստաղթի թարգմանության նպատակով բնօրինակի ուսումնասիրության արդյունքների մասին նշում է, որ Ղարաբաղի լեռնային հատվածում առկա շուրջ 300 հարյուր գյուղերից շուրջ կեսը եղել են հայկական, իսկ մյուս կեսը` թաթարական: Հայկական գյուղերն ըստ այդմ կենտրոնացած են եղել հիմնականում Ղարաբաղի այն 5 մելիքությունների կազմում, որոնց նախկին տարածքը նույնանում է ներկայիս Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի հետ: Հայերի թիվն այստեղ 1822 թվականի դրությամբ կազմել է ընդհանուր բնակչության 96.3 %-ը, իսկ թաթարներինը` միայն 3.6%-ը(12):

Այսպիսով ակնհայտ է դառնում նաև այն իրողությունը, որ եթե 1822-1823 թթ. դրությամբ հայերի թվաքանակը նախկին Ղարաբաղի խանության լեռնային տարածքներում և հատկապես ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացարձակորեն գերազանցել է տեղաբնակ թաթարների (ադրբեջանցիների) թվաքանակը, ապա անգամ 1828 թվականին Իրանից դեպի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայիս տարածք հայերի վերաբնակեցման դեպքում էլ (որը դեռևս վիճելի հարց է, քանի որ ինչպես նշվեց, նախկինում Ղարաբաղ կոչվող տարածքը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները նույնական չեն) խոսք չի կարող լինել, որ ներկայիս Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի նախկին էթնոկազմը այս վերաբնակեցումների արդյունքում ենթարկվել է մինչ այդ այստեղ բնակվող ադրբեջանցիների համար ճակատագրական նշանակություն ունեցող փոփոխության:

Նման թեզը, չնայած ադրբեջանցի պատմաբանների կողմից իրավիճակն այլ գույներով ներկայացնելու, ճշմարիտ գիտնականին ոչ հարիր, ջանքերին, համենայնդեպս, նախկին Ղարաբաղի խանության լեռնային և հատկապես ներկայիս Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքների ազգաբնակչության մասով զուրկ են որևէ իրական հիմքերից: Եթե վերջաբանի փոխարեն ամփոփելու լինենք վերը շարադրվածը, ապա փաստորեն հայերի վերաբնակեցումների վերաբերյալ ադրբեջանական պատմագիտության մոտեցման մեջ հատկապես առավել շոշափելիորեն են ուրվագծվում հետևյալ մոտեցումները.

1)Անկախ համաշխարհային ակադեմիական միջավայրում այս մասին հայտնի փաստերից և ընդունված տեսակետից, հայերի վերաբնակեցման հարկ է նշված գործընթացը դիտարկել ոչ թե պատմական ողջ ժամանակշրջանի կտրվածքով, պատմական մեկ ամբողջության մեջ, այլ` սկսած միայն դրա առանձին դրվագից:

2)Սեփական թեզը հիմնավորելու համար ընտրել և հանրությանը ներկայացնել միայն այն վկայությունները, որոնք մասնակիորեն խոսում են այդ թեզի օգտին` լռելով մնացյալ վկայությունների և փաստերի մասին, որոնք, ընդհակառակը, ուղղակիորեն ապացուցում են դրա անլիարժեքությունը:

Որքանով կարելի է, այդպիսով, նման թեզը համարել գիտական, որտեղ է այս դեպքում իրականությունը և կեղծիքը, որքանով է արդարացված Հ.Ալիեվի կողմից 1998 թվականի մարտի 26–ի հրամանագրով այս խնդրի վերաբերյալ ադրբեջանական հասարակությանը և ադրբեջանական ակադեմիական շրջանակներին այլևս իրավաբանորեն պարտադրված տեսակետը, թողնում ենք ընթերցողների կարծիքին:

Օգտագործված գրականության ցանկ. 1. Гасанлы Д. “Карабах: поиск исторической правды”, гл. “Переселение армян из соседних стран и изменение демографической ситуации в Карабахе”, http://www.ca-c.org/c-g/2010/journal_rus/c-g-3-4/13.shtml 2. Халилов X.Д. “Из этнической истории Карабаха” http://karabakh-doc.azerall.info/ru/azerpeople/ap003.htm 3. Указ Президента Азербайджанской Республики о геноциде азербайджанцев, http://www.azerbaycanli.org/ru/page131.html 4. G. Sheffer, “Diaspora Politics: At Home Abroad”, Cambridge University 2006, p-59 5. N. Migliorino “(Re)constructing Armenia in Lebanon and Syria: ethno-cultural diversity and the state in the aftermath of a refugee crisis”, Berghahn Books 2008, p-9 http://books.google.com/books?id=y_Sd32i-0owC&pg=PA9&dq=armenian+emigration&lr=&as_brr=3&cd=12#v=onepage&q=armenian%20emigration&f=false 6. R.G.Hovannisian “The Armenian People From Ancient to Modern Times”, Palgrave Macmillan,2004,Vol:I,p-267 , http://books.google.com/books?id=G0lA5uTJ0XEC&printsec=frontcover&hl=ru#v=onepage&q&f=false) 7. S.Olson “An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires”, p-44 http://books.google.com/books?id=CquTz6ps5YgC&pg=PA45&dq=Eastern+Armenia&lr=&as_brr=3&cd=17#v=onepage&q=Eastern%20Armenia&f=false” 8. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. С. 74, http://ebooks.preslib.az/pdfbooks/rubooks/petrushevsky.pdf : 9. “Карта военных действий в Закавказском крае с 1809 по 1817 год”, Тифлис 1902г. http://www.runivers.ru/images/date/2009_november/05/m.jpg 10. “Путешествие Ивана Шильтберхера по Европе, Азии и Африке с 1394 по 1427 г”. Перевод и примечания Ф.Бруна, Одесса, 1866, с.110, http://www.byzantium.ru/library/brun_shiljtberger.pdf 11. “Описание Карабахской провинции”, Тифлис, 1866, с. 260 12. Dr. George Bournoutian interview about new publication "The 1823 Russian Survey of Karabagh Province", http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8ogorHbsQSE#!

Կարեն Սաֆարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---