Ինչպե՞ս կարող է Հայաստանը հարկահավաքության մակարդակով հասնել Աֆրիկայի երկրներին

Համոզել հայ հանրությանը, որ մեծ բիզնեսը թափանցիկ է գործում, շատ դժվար խնդիր է

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն 2010թ, առաջին եռամսյակում գերակատարեց հարկերի հավաքագրման պլանը, մասնավորապես, նախատեսված 116,9 մլրդ դրամի փոխարեն, երկրի բյուջե մուտքագրվեց շուրջ 126,7 մլրդ դրամ, ինչն ապահովեց 19 տոկոս աճ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

PanARMENIAN.Net - Նման “լուսավոր” վիճակագրական տվյալները մթագնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան` հայտարարելով, որ հարկահավաքության մակարդակի հարաբերակցությունը ՀՆԱ-ի ծավալների հետ, Հայաստանում ավելի փոքր է, քան աֆրիկյան երկրներում: ԱՄՀ ներկայացուցիչը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի կառավարության հարկային վարչարարության համակարգի բարելավմանն ուղղված ձեռնարկած միջոցներն ակնկալվող արդյունքը չտվեցին, իսկ իրականացվող բարեփոխումների մի մասը դանդաղ էր առաջ ընթանում: ԱՄՀ-ն, մասնավորապես, կիսում է իշխանությունների մտահոգությունը, կապված խոշոր բիզնեսից հարկահավաքության ցածր մակարդակի հետ և խորհուրդ է տվել ակտիվացնել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը, որը զբաղվում է խոշոր հարկատուներով:

Այդ մտահոգությունն անդրադարձավ խոշոր բիզնեսի հանդեպ վերահսկողության խստացմամբ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ լիովին համաձայն է այն քննադատության հետ, որ կառավարությունը պատշաճ կերպով չի հետևում խոշոր գործարարների գործունեությանը, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է փորք ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն երկրում: Տ.Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ճգնաժամի պայմաններում հարկային հիմնական բեռն ընկավ ՓՄՁ-ի, ոչ թե խոշոր գործարարների վրա: Հաշվի առնելով հարկահավաքության վիճակագրությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ՓՄՁ շատ օբյեկտներ կարող են չդիմանալ այդ “բեռին” և փակվել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ կառավարությունը փորձում է հարկային դաշտ բերել խոշոր գործարարներին: Այս առնչությամբ վարչապետը խոստովանել է, որ երկու տարում իրականացված միջոցառումները բավարար արդյունք չեն տվել:

Ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն ներկայացրել է 285 առավել խոշոր հարկատուների ցուցակը (ցուցակը ճշտվելու է), որոնց տարեկան եկամուտը 2009-ին կազմել է 1 մլրդ դրամից ավելի: Այդ առնչությամբ առաջին անգամ հրապարակվել է անկախ արտաքին աուդիտի եզրակացությունն այդ հարկատուների գործունեության վերաբերյալ: Եզրակցության հրապարակումը թույլ կտա հանրությանը հետևել այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, ինչպես նաև` պետմարմինների գործունեությանը, “որպեսզի ոչ մի պատգամավոր կամ նախարար սեփական բիզնես չունենա”:

Հայաստանում, կարծես թե վաղուց արդեն ոչ մի նախարար ու պատգամավոր սեփական բիզնես չունի, փոխարենը` նրանց “հեռավոր ազգականներին են” պատկանում խոշոր ընկերությունները, որոնք պետական իշխանության այդ նույն ներկայացուցիչները փորձում են բերել հարկային դաշտ:

Խնդիրը, որ իրենց առջև դրել են Հայաստանի պետմարմինների ներկայացուցիչները` թափանցիկ դարձնել երկրի խոշոր գործարարների գործունեությունը, դժվար խնդիր է, սակայն առավել դժվար կլինի համոզել հայ հանրությանը, որ այդ գործունեությունը թափանցիկ է:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---