Հայաստանը գինեգործության զարգացման ուղիներ է փնտրում

Մասնագետների կարծիքով, ընթացիկ տարում Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ. բերքից

Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը տեղի կունենա Երևանում, սեպտեմբերի 16-17-ին: Fruitfull Armenia հերթական համաժողովը կրելու է «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը» խորագիրը: Համաժողովի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի համտեսող Միշել Ռոլանը:

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել այս ոլորտը և նոր տեխնոլոգիաներ կիրառել: Պետք է ապրանքանիշ ստեղծել, որը հայտնի կլինի ողջ աշխարհում: Օրինակ, Bodega del Fin del Mundo արգենտինական գինիների տնտեսությունը, 20 տարի առաջ փոխելով գինու արտադրության տեխնոլոգիան, շատ հայտնի ապրանքանիշ է դարձել: Մեր Արենին պետք է ավելի լավը լինի, և պետք է այնպես անել, որպեսզի աշխարհի ցանկացած ռեստորանում գտնվելու դեպքում կարողանաս պատվիրել մեր գինին»,- ասել է Fruitfull Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը:

Նա նաև կարծում է, որ արտահանման հիմնական շուկան կարող է դառնալ Ռուսաստանը, որն արգելել է Վրաստանի և Մոլդովայի գինիների ներկրումը: Համաժողովը կբացի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գևորգ Աբրահամյանն, իր հերթին, կարծիք է հայտնել այն մասին, որ ստեղծվող տնտեսական բաց գոտու համար պետք է համապատասխան բազա ստեղծել, քանի որ այդտեղից է հիմնականում արտահանվելու գյուղմթերքը: Նրա կարծիքով, ռուսական շուկան հագեցած է այլ երկրների գինիներով, իսկ հայ հայ արտադրողները ձգտում են մտնել այդ շուկան: Լավ մրցակից դառնալու համար պետք է լավ ապրանք արտադրել և լավ գովազդ կազմակերպել: «Գինու համար լավագույն գովազդը Միշել Ռոլանն է, մեկ այլ քայլ է նաև մեր արտադրանքի որակի բարձրացումը», - նշել է նա:

Միևնույն ժամանակ, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնել է, որ այս տարի Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ.-ի բերքից: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ճգնաժամի պատճառով նվազել է գինու և կոնյակի վաճառքը, որի հետևանքով կրճատվել է նաև խաղողի պահանջարկը:

«Խաղողի մեծածախ գնման մասին պայմանագրերի թիվը կրճատվել է 25 տոկոսով: Խաղողն ամբողջությամբ կիրացվի, սակայն վճարման հարցը շատ սուր է լինելու, քանի որ անցյալ տարվա մթերման համար ֆերմերներին դեռևս չի վճարվել 200 մլն դրամ», - ասել է նա:

Գինեգործների միության նախագահը գտնում է, որ խաղողի գինը կախված է լինելու Երևանի կոնյակի գործարանի վարած քաղաքականությունից, որը, ամենայն հավանականությամբ, խաղողի 1 կգ-ը կգնի 130 դրամով: «Խաղողի հիմնական մասը գնելու են գործարանները` 1 կգ 110-130 դրամով», - ասել է նա:

Ավագ Հարությունյանը գտնում է, որ մեր երկրում բարձրորակ գինի արտադրելու համար ոչ միայն բարձր տեխնոլոգիաներ չկան, այլև քիչ են լավ գինու համար անհրաժեշտ խաղողի տեսակները: Նրա կարծիքով, 15 հազ. հա խաղողի այգիներում գինեգործության համար պիտանի են 1 հազ. հա-ի վրա աճող խաղողը միայն: Խաղողագործության համար մեկ այլ հիմնախնդիր է որթնալվիճի զարգացումը:

Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Որթնալվիճն արագ զարգանում է խաղողի արմատների վրա և 3-4 տարվա ընթացքում խաղողը լրիվ փչանում է: Այդ հիվանդությունն անհնար է բուժել, դրա դեմ միակ պայքարը հին խաղողի տունկերը ոչնչացնելն ու նորերը տնկելն է», - ասել է նա, ավելացնելով, որ խաղողի նոր տունկերի համար Հայաստանի ֆերմերներին 270-290 մլն ԱՄՆ դոլար է հարկավոր: Միության նախագահն նշել է, որ որթնալվիճը Եվրոպայից 100-120 տարի առաջ Մ. Նահանգներ է տարվել, իսկ Հայաստանում այն ի հայտ է եկել անցյալ դարի 20-ական թթ.: Մինչ օրս այն չէր տարածվում մի քանի պատճառներով` եղանակային, ջրման (ոչ ցողելով) պայմանների և հողային կառուցվածքի:

Բացի այդ, ԽՍՀՄ իշխանության տարիներին արգելվում էր Արարատյան դաշտավայր խաղողի նոր տեսակների ներմուծումը, իսկ Միության փլուզումից հետո, Հայաստանի իշխանությունները հիվանդության տարածումը կանխելու կամ այն ոչնչացնելու վերահսկողության ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:

Ներկայում հիվանդությունը տարածված է Տավուշի մարզի մի քանի հա խաղողի այգիներում, ինչպես նաև մի փոքր օջախ էր հայտնաբերվել Արարատյան դաշտավայրում, որը ոչնչացվել է:

Հայաստանում գինու արտադրությունը աստիճանաբար աճում է` 2010 թ. հունվար-հունիս ամիսներին արտադրվել է 2 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 1,5 մլն լիտրի փոխարեն (ավելի քան 32,3 տոկոս): Ընդ որում, որակը ծավալին համապատասխան չի աճում, քանի որ խաղողի նոր բարձրորակ տեսակների արտադրման և աճեցման համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիաների ներմուծումը պահանջում է ժամանակ և մեծաքանակ ներդրումներ:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---