Հայ ժողովուրդը պաշտպանում է էժան պանիր ունենալու իր իրավունքը

Պանրագործները բացատրել են պանրի գների բարձրացումը ոչ թե մրցակցության խնդրով, այլ մթերվող կաթի գների բարձրացումով

Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010-ի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 28 064.4 դրամ (տարեկան 336772.8 դրամ) երկրորդ եռամսյակի 26 485.4 դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի կառուցվածքը և կալորիականությունը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

PanARMENIAN.Net - Միևնույն ժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է ամսական 43 499.8 դրամ կամ տարեկան 49 629.1 դրամ` երկրորդ եռամսյակի 41052.4 դրամի փոխարեն:

Հայաստանի սպառողական շուկայում պանրի ռեկորդային թանկացում է արձանագրվել, մասնավորապես, 1400-1500 դրամ արժողությամբ պանրի գինն այժմ կազմում է 2100-2200 դրամ:

Հայաստանում պանրի գները բարձրացել են կաթի թանկացման պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ մարքեթինգի բաժնից: Ընդ որում, նշեցին, որ ընկերությունը փորձում է զսպել այլ կաթնամթերքի գնաճը, սակայն այն հարցին, թե «որքանով է թանկացել կաթը», չպատասխանեցին` հաղորդելով, որ դա «գաղտնիք է»: Դրա հետ մեկտեղ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ ընկերությունից հաղորդեցին, որ իրենց կաթնամթերքը չի թանկացել:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կաթնամթերք ապրանքախմբում 2010թ. հոկտեմբերին 2009թ. հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5.6%, իսկ 2010թ. սեպտեմբերի համեմատ` 3.9%:

Գնաճը հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում պանրի 7.6% ընդհանուր գնաճով: Այդ թվում` «լոռի» տեսակի պանրի գինը մեկ ամսում աճել է 13.0%-ով, «չանախ» տեսակինը`5.6% –ով, իսկ տնային պայմաններում արտադրված պանրինը` 6.4%-ով:

Համաձայն բյուջեի ցուցանիշների, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացվում է, այսինքն շուկան ավելի քիչ է աշխատում, և մրցակցությունը թուլանում է, մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Որոշ մարզերում կաթը թանկացել է 20 դրամով, իսկ 1կգ պանրի արտադրության համար ծախսվում է 7 լիտր կաթ, այսինքն այն պետք է թանկանար 120 դրամով, սակայն գինը բարձրացել է գրեթե 1000 դրամով»,- բացատրել է նա` ավելացնելով նաև, որ երկրում ժողովուրդը սովոր է անորակ, աղի պանիր օգտագործել, ինչը աղերի կուտակման է հանգեցնում»:

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը բացատրում է պանրի և սննդամթերքի այլ տեսակների թանկացումը սուբյեկտիվ գործոնով, որն անհիմն բնույթ է կրում: Նրա խոսքերով, նման կտրուկ գնային տատանումները համաշխարհային միտումների օբյեկտիվ արդյունք չեն, քանի որ համաշխարհային բորսաներում վերջին շրջանում չի արձանագրվել կաթի գնի բարձրացում: «Բանն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները գին են հաստատում շահույթ ստանալու նպատակով, քանի որ նրանց գործունեության նկատմամբ պատշաճ մակարդակով վերահսկողություն չի սահմանվում, որի պատճառով պարենային շուկայում մենաշնորհ է ձևավորվել տարբեր ոլորտներում»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության մասին` Պողոսյանը նշել է, որ առանց պետական կառույցների, ՀԿ-ների և սպառողների ջանքերի միավորման անհնար կլինի ինչ-որ բան փոխել: Դրա հետ կապված նա ավելացրել է, որ սպասվող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն օժտվելու է մեծ լիազորություններով, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտներից հավաստի տեղեկություններ ստանալու հետ կապված, ինչը թույլ կտա հետևել նրանց ֆինանսական հոսքերին և բարեխիղճ մրցունակության հիմքերի խախտումներին: Արմեն Պողոսյանի կարծիքով, քաղաքացիները ևս պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, սակայն «մենք Ռուսաստանը կամ Ֆրանսիան չենք, որտեղ նման երևույթները միանգամից խռովություն են առաջացնում»: Անդրադառնալով ամանորից առաջ սննդամթերքի ավանդական թանկացումներին` նա նշել է, որ այս տարի դրանից խուսափել չի լինի:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) գումարած նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև պանրի շուկայում ստեղծված իրավիճակին: Պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից և Հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետևանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը Հանձնաժողովը նույնությամբ տրամադրել էր մամուլին և հասարակությանը:

Այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ ՊԵԿ-ի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---