Առաջիկա տարիներին Հայաստանը մտադիր է ընդգրկվել բիզնեսի վարման գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում

Արտասահմանյան ներդրումները Հայաստան ներգրավելու ամենամեծ խնդիրը երկրի շրջափակումն է

Այս շաբաթ Հայաստանում քննարկել են ներդրումային միջավայրի բարելավման հարցեր, մասնավորապես, ուղիղ արտասահմանյան ներդրումների ավելացումը: Նշվել է, որ Հայաստանում արձանագրվել է լուրջ հաջողություն արտասահմանյան ներդրումների ներգրավման ոլորտում. երկրում գործում է շուրջ 3700 ձեռնարկություն օտարերկրյա կապիտալով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալն աճել է 4տոկոսով, ընդ որում, ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը երկրում հաշվետու շրջանում կրճատվել է 8 տոկոսով: Ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008թ.՝ 1,1 մլրդ դոլար: Խոշորագույն օտարերկրյա ներդրողներն են 2009թ. ՌԴ-ն՝ 384,8 մլն դոլար, Ֆրանսիան՝ 197,4 մլն դոլար և Արգենտինան՝ 48,2 մլն դոլար:

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարության բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման մասին ծրագրի դրույթների, երկիրը պետք է ընդգրկվի բիզնեսի վարման (Doing Business) գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում: Ներդրումներին գրավելու համար հարկավոր է բարձրացնել երկրի մրցունակության ցուցանիշները: Բացի այդ, հարկավոր է վարել բիզնես-էթիկայի չափանիշների ներդրման քաղաքականություն: Օտարերկրյա ներդրումներ կարող են ստանալ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են աշխարհում ճանաչված կորպորատիվ կանոններով:

Հայաստանը ներքին ռեսուրսների մոբիլիզացման և ներդրումների արդյունավետության բարձրացման խնդիր ունի: Ուղղակի օտարերկրյա ներդրումները կարող են խթան հանդիսանալ ներքին ռեսուրսների մոբիլիզացման համար:

Հայաստանի շրջափակումը խանգարում է արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: Ներդրումների ներգրավման գործընթացը պետք է ավելի դինամիկ լինի: Հայաստանը պետք է բարելավի ներդրումային միջավայրը, արտասահմանյան ներդրողներին տրամադրի հարկային և ֆինանսական առավելություններ:

Արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար անհրաժեշտ է ստեղծել բրենդինգ: Օրինակ, Սինգապուրը մարդկանց մոտ ասոցացվում է բարձր տեխնոլոգիաների հետ: Հայաստանը նույնպես պետք է հասնի նրան, որպեսզի երկիրը մարդկանց մոտ ինչ-որ ապրանքանիշի ասոցիացիա առաջացնի:

Հայաստանում արտասահմանյան ներդրումների ներգրավման գերակա ոլորտներն են թեթև արդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան:

Ճգնաժամից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում առկա են ավելի շատ թերություններ, քան առավելություններ ներդրումների ընդգրկման ոլորտում: Առաջին հերթին, Հայաստանում պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատիան: Արտասահմանյան ներդրողը պետք է իրեն Հայաստանում պաշտպանված զգա, և միայն այդ դեպքում կարելի է հասնել որոշակի արդյունքների:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---