2011-ի պետբյուջեն կունենա հստակ սոցիալական ուղղվածություն

2011-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում կուղորդվի հակաճգնաժամայն քաղաքականությունից տնտեսության կայուն զարգացմանը վերադառնալուն

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին 80 «կողմ», 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է երկրի 2011թ. պետբյուջեի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է ընդդիմադիր խմբակցությունների մտահոգությունն այն առումով, որ բյուջեի նախագիծը ռիսկեր է պարունակում:

PanARMENIAN.Net - 2011թ. ՀՀ պետբյուջեն կազմում է 1,1 տրիլիոն դրամ: Բյուջեի եկամտային մասը կհասնի 852 մլրդ դրամի: Բյուջեի դեֆիցիտը կպահպանվի նաև 2011թ.՝ կազմելով 148 մլրդ դրամ: Պետբյուջեի ծախսերի և եկամուտների հատվածն ավելացել է 2.4 մլրդ դրամով, պաշտպանական ծախսերն ավելացել են 5-6 մլրդ դրամով:

«Վստահ եղեք, այդ ռիսկերը կառավարության ուշադրության կենտրոնում են և մենք ամեն ին կանենք դրանք նվազեցնելու համար»,-ասել է վարչապետը: Սարգսյանը կրկին հաստատել է, որ 2011թ. պետբյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն՝ կոչ անելով քվեարկել բյուջեի ընդունման օգտին:

Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Հանդես գալով ՀՀ խորհրդարանում` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ 2011-ի պետբյուջեի նախագիծը նախաձեռնող չէ: «Պետբյուջեի նախագիծը չի խրախուսում տնտեսական մրցակցությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է մշակել նոր սոցիալ-տնտեսական ռազմավարություն»,- ասել է Մինասյանը և հավելել, որ ՀՅԴ-ն քվեարկելու է բյուջեի նախագծի «դեմ»: Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ խմբակցությունը ողջունում է բյուջեի վերջնական նախագծում պաշտպանական ծախսերի ծավալի ավելացումը, բայց միաժամանակ նշել է, որ չի կարելի բավարարվել ձեռք բերվածով: ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կքվեարկի նախագծի ընդունման օգտին: Պետբյուջեի նախագիծը պաշտպանում է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը: իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակը կոչ է արել պատգամավորներին քվեարկել պետբյուջեի նախագծի ընդունման օգտին, հայտարարելով, որ դա բխում է Հայաստանի ազգային շահերից:

2011 թվականին ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն` իրականացնելով զարգացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումներ, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի նախագիծը: «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011 թվականին հիմնականում նպատակաուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանը և արտահանման կողմնորոշման ընդլայնմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավմանը, տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանն ու ներդրմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները և առաջնահերթ քաղաքականությունները»,- հայտնել է վարչապետն իր խոսքում: Մասնավորապես, գնաճը 12-ամսյա թիրախով կանխատեսվում է 4%-ի շրջանակներում` 1.5 տոկոսանոց միջանցքում, իսկ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4% տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8 տոկոս բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011 թվականի վերջում կանխատեսում են ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ և, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում։

2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող` 86.6 տոկոսը կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում`սոցիալական բնագավառներ` կրթություն, առողջապահություն, սոցապահովություն` 44.4 տոկոս; պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգության ապահովում` 18.8 տոկոս, տնտեսության ճյուղեր` 15.6 տոկոս, համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ` 3.3 տոկոս, պետական պարտքի սպասարկում` 4.5տոկոս:Կառավարության` աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերով, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական արդարության, հասարակության բևեռացման վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթության մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով 2011 թվականին համախառն ներքին արդյունքի հետ համեմատած 11.8 տոկոսի չափով ներդրումներ է նախատեսվում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---