ՀՀ կառավարությունը մտադիր է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կոչված են զսպել գնաճը

Առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Կայուն տնտեսական զարգացման ծրագիր, որը ներառում է նաև աղքատության կրճատում

Ինչպես և սպասվում էր, Հայաստանում գնաճը շարունակում է աճել, և կանխատեսումների համաձայն, առաջին կես տարում այն մոտենալու է 10 տոկոսի: Մասնավորապես, օպերատիվ տվյալների համաձայն, 2011թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 3.4 տոկոսով: Պարենային մթերքների համաշխարհային գների բարձր աճի մասին է խոսում նաև FAO-ն: Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են հացահատիկի մյուս տեսակների արտահանման գների հետ միասին, այդ աճը կազմել է մոտ 70 տոկոս անցյալ տարվա փետրվարի համեմատ: Նավթի գների կտրուկ աճը կարող է ավելի խորացնել պարենամթերքի շուկայի առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը:

PanARMENIAN.Net - Մտահոգված գնաճի բարձրացումով՝ Հայաստանի կառավարությունը մտադիր է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կոչված են զսպել գնաճը: Նախատեսվում է ավելացնել հակամենաշնորհային մարմնի լիազորությունները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել անբարեխիղճ ձեռնարկատերերի հետ, որոնք, օգտվելով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներից, փորձում են անհիմն բարձրացնել գները: ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ավելի քան 30 տոկոսի դեպքում կառավարությանն իրավունք տալ որոշել այդ ապրանքների գները 90 օրվա ընթացքում:

2011 թ. մարտի 4-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25%:

Խորհուրդը մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով դեռևս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման և գնաճային սպասումների ավելացման երևույթներով:

Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման ներկա և կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով չափավոր գնաճային ճնշումներ են ձևավորելու: Խորհուրդն ամփոփեց, որ ըստ էության, իրականանում են 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը և ծրագրի կանխատեսումները, և, հավատարիմ մնալով փետրվարին արված հայտարարությանը, որոշեց շարունակել դրամավարկային պայմանների խստացումը:

Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունները, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Տարվա երկրորդ կեսը կարող է նշանավորվել գնաճի սպասումների փոփոխությամբ դեպի դրական կողմ: «Առաջին կիսամյակում վարկային միջոցների հետաձգված պահանջարկը կարող է տեղափոխվել տարվա երկրորդ կես, որի պատճառով հնարավոր է կտրուկ ցատկ»,- ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և հավելել, որ վարկավորման տեմպերի աճին երկրորդ կիսամյակում կարող են խանգարել արտաքին գործոնները՝ իրավիճակն արաբական երկրներում, նավթի գների բարձրացումը և այդ ֆոնի վրա ԱՄՆ տնտեսության անկումը, ինչպես նաև ներքին գործոնները, այդ թվում՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանները: Միաժամանակ, բանկիրը նշել է, որ ՀՀ ԿԲ ունեցած ազգեցության գործիքներն այդքան արդյունավետ չեն, քանի որ ուղղակի ազդեցություն չեն ունենում Հայաստանի ֆինանսական շուկայի վրա:

Այսպիսով, ծանրաբեռնվածությունը հիմա ընկնում է հիմնականում կառավարության վրա ներդրումային և բիզնես միջավայրի բարելավման, մրցակցային դաշտի ձևավորման, բիզնեսի պաշտպանության, հարկային և մաքսային օրենսդրոթւայն բարելավման առումով: Այս ամենը հանգեցնում է սոցիալական խնդիրների և աղքատության ավելացման, ուստի տեղական արտադրության զարգացումը և խթանումը պետք է դառնա սոցիալական խնդիրների լուծման հիմնական միջոցը: Հայրենական արտադրողներին աջակցելու համար կառավարությունը կարող է նրանց տրամադրել արտոնյալ վարկեր, հարկադրման և ներկրման ժամանակավոր ռեժիմներ, ինչպես նաև շարունակել իր ջանքերն այլ երկրների հետ մաքսային ռեժիմների բարելավման ուղղությամբ, ինչը կհեշտացնի հայկական ապրանքների մուտքն արտասահմանյան շուկաներ:

Ինչպես հավաստիացնում են փորձագետները, Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցման խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Առաջիկայում կառավարությունը կներկայացնի Կայուն տնտեսական զարգացման ծրագիրը, որը ներառում է նաև աղքատության կրճատում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ աղքատության դեմ պայքարելու համար նախատեսված են նաև 2011-ի պետբյուջեից 44 մլրդ դրամի չափով բյուջետային հատկացումներ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---