Հայաստանի անապահով ընտանիքների համար գազի սակագների նվազեցումը թույլ կտա մեղմել գնաճի ազդեցությունը

60 հազար անապահով ընտանիքներ 2011-ի ապրիլի 1-ից մինչև 2012-ի ապրիլի 1-ը բնական գազի համար կվճարեն նվազեցված սակագներով

Հայաստանի կառավարության առջև լուրջ մարտահրավեր է կանգնած՝ տարվա արդյունքներով ապահովել բյուջեով նախատեսված 4±1,5 տոկոս գնաճ, ինչին և ուղղված են իշխանությունների քայլերը: Կառավարության քայլերի շարքում, որոնք ուղղված են գնաճի ազդեցությունը մեղմելուն, գյուղատնտեսության ոլորտում առկա լայնածավալ ծրագրերն են, մասնավորապես, սերմնաբուծության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի սուբսիդավորումը և այլն: Ընդ որում, կարևորագույն քայլերից է Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագների նվազեցումը:

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն արտագնա նիստում, որը կայացել է Օշական գյուղում, որոշում է ընդունել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի նվազեցման միջոցառումների մասին։ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով ամսական մինչև 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականություն կդառնա ՀՀ նախագահի ուղղակի հանձնարարականը։ «Սա սոցիալական լուրջ միջոցառում է»,- ասել է նա։

«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք բնական գազ են օգտագործում, նախատեսվում է գազի սակագնի նվազեցում ապրիլի 1-ից», - «Հրազդան-5»-ի շինհրապարակ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ - Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

«ՀայՌուսգազարդ»-ին արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: Ըստ առկա տվյալների, այդ ցանկից 49 500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում: Էներգետիկ համակարգում կատարված վերազինումների և վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ, առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի մեղմացմանը: Ցանկում ընգդրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խմ ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ:

Ոռոգման ջրի սուբսիդավորման համար Հայաստանի կառավարությունը 4,2 մլրդ դրամ կհատկացնի, ինչը թույլ կտա չբարձրացնել սակագները: Այդ մասին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, գործադիրը մարտի 31-ին հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։

Բացի դրանից Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱԺ-ում գտնվում է մեծ օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է նրա լիազորությունների ընդլայնում: Սպասվում է, որ նոր լիազորությունների շնորհիվ հանձնաժողովը կկարողանա ավելի լավ կատարել իր պարտականությունները և թույլ չտալ տեղական շուկայում գների բարձրացում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների համար:

Վիկտորիա Արարտյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---