Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին է

Հայաստանում բջջային ծառայությունների շուկան առայժմ հեռու է «խաղաղ» լինելուց

Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։

PanARMENIAN.Net - Բջջային կապի օպերատորները վստահեցնում են, որ շուկայում մրցակցության շատ հնարավորություններ կան։ Խնդիրն այն է, թե կոնկրետ ի՞նչ բնույթ կկրի այդ մրցակցությունը, եւ բաժանորդները կշահե՞ն արդյոք հեռահաղորդակցության շուկայում ծավալվող պայքարից։

Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը 2008 թվականին 46 տոկոս աճ էր արձանագրել, իսկ Բիլայնը գրանցել էր 23 տոկոս աճ։ 2009 թվականին, սակայն, շուկայում զգացվեցին հագեցման առաջին նշանները, եւ բաժանորդների թվի աճը կտրուկ կերպով նվազեց։Վիվասել-ՄՏՍ-ի դեպքում այդ աճը կազմեց ընդամենը 2.4 տոկոս, իսկ Բիլայնը, նույնիսկ որոշակի հետաճ արձանագրեց, թեեւ այս մասին տվյալները հակասական են, քանի որ ընկերությունը 2009 թվականից անցում է կատարել բաժանորդների հաշվարկման նոր համակարգի, եւ տվյալները լիովին համադրելի չեն։ Այդուհանդերձ, 2009 թվականի համար մեզ տրամադրված տվյալներով, Վիվասել-ՄՏՍ-ը շուկայի միանձնյա առաջատարն է. ընկերությունը տարին եզրափակեց 2 միլիոն 70 հազար բաժանորդներով։ Բիլայնը առայժմ հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները, որոնց համաձայն ընկերությունը 502 հազար ակտիվ բաժանորդ ունի։

2009թ.-ի նոյեմբերին հայաստանյան բջջային շուկա մուտք գործեց Օրանժ Արմենիա բջջային օպերատորը, եւ, որդեգրած ագրեսիվ մարտավարության շնորհիվ բաժանորդների թվի տպավորիչ աճ արձանագրեց՝ գործունեության առաջին 3 ամիսների ավարտին հայտարարելով 200 հազար բաժանորդների մասին։Օրանժի մուտքը հարկադրեց շուկայում արդեն իսկ գործող օպերատորներին պատասխան քայլերի դիմել՝հատուկ առաջարկների եւ ծառայությունների սակագների նվազեցման տեսքով, որպեսզի կարողանան պահպանել իրենց բաժանորդներին։ Աճող մրցակցային պայմաններում հեռահաղորդակցության ծառայությունների շուկան առաջիկա մեկ-երկու տարիներին կհասնի 100% եւ ավելի հագեցման, եւ օպերատորները արդեն դիտարկում են այլ ոլորտներում մրցակցելու հնարավորությունը։

«Աճի տեղ դեռ կա: Չի կարելի ասել, որ բնակչության թիվն ուղիղ համեմատական է բջջային կապի ներթափանցմանը եւ ծառայությունների օգտագործման ծավալներին: Որոշ զարգացած — զարգացող երկրներում բջջային կապի ներթափանցումը ավելին է, քան 100 տոկոսը, բայց մրցակցության դաշտ մնում է», - մեզ փոխանցեցին Վիվասել-ՄՏՍ-ից՝արձագանքելով շուկայի հագեցվածության մասին հարցին. - «Շարունակվում են առաջարկվել նոր ծառայություններ — ապրանքատեսակներ: Ամիսը առնվազն երկու անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս նոր առաջարկով: Մասնավորապես, ներկայում մեծ է տվյալների փոխանցման ծառայությունների պահանջարկը` ներառյալ գերարագ բջջային ինտերնետը: Ներկա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնգապատկել է ցանցի թողունակությունը` շուկայում ինտերնետի օգտագործման օրեցօր աճող պահանջարկը բավարարելու համար»:

Իսկապես, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան այնպիսի երկրների օրինակներ են, որտեղ շարժական կապի ծառայությունների ներթափանցումը մոտ է կամ ավելին է 100 տոկոսից։ Այդօրինակ ներթափանցման պայմաններում ծագող առաջնահերթ խնդիրն այն է, որ շարունակական գնային պատերազմների հետեւանքով մեկ բաժանորդից ստացվող եկամուտը նվազում է, եւ մեծածավալ ներդրումները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իրենց չեն արդարացնում, ինչի հետեւանքով, ի վերջո, տուժում են բաժանորդները։

Այս մտահոգությունը, մասնավորապես, կիսում է Բիլայնը։ «Բջջային շուկայի ապագան հիմնականում կախված է օպերատորների որդեգրած գնային քաղաքականությունից։ Մեր ընկերությունը միշտ ընդդիմացել է գնային պատերազմներին։ Ընկերությունը բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ է պլանավորում, այնպես որ, «խաղաղ պայմաններում» մեր հաճախորդները իսկապես հաճելի նորություններ կտեսնեն»։

Այդուհանդերձ, բջջային ծառայությունների շուկան առայժմ հեռու է «խաղաղ» լինելուց։ Օրանժ Արմենիան առայժմ կարիք չունի մտածել եկամուտների մասին՝ իրականացնելով իր 75 միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագիրը։ Ընկերության նպատակն է ապահովել իր բաժնեմասը Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայից, որը 2009 թվականին 105 766.6 միլիոն դրամի հասույթ է ապահովել (շուրջ $280 միլիոն դոլար), եւ հաստատվել ինտերնետ ծառայությունների շուկայում, որտեղ անցնող տարում եկամուտները եռապատկվել են՝ հասնելով 10 404.2 միլիոն դրամի (մոտ $27.5 միլիոն դոլար)։

Շուկայի տրամաբանությունը հուշում է, որ հիմնական աճը կարելի է ակնկալել ինտերնետային ծառայությունների ոլորտում։ Հարկ է նշել, որ շարժական ինտերնետ կապը բավական ծախսատար է, եւ, բացի դա՝ մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում օպերատորի ցանցում, այնպես որ, դեռ պարզ չէ, թե որքանով են արդարացված այս ոլորտում կատարվող ներդրումները հայաստանյան շուկայի պայմաններում։

Ավելի կարեւոր է այն, որ Հայաստանում մատուցվող շարժական ինտերնետային կապի ծառայությունները հաճախ բաժանորդների սպասելիքները չեն արդարացնում։ Կապը հաճախ է ընդհատվում, եւ օպերատորներից ոչ մեկը չի կարողացել հաստատուն կերպով ապահովել գովազդվող 7.2 Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ։ Օրանժը, որը հատկապես մեծ ակտիվությամբ էր գովազդում իր 3G USB մոդեմներով կապը, մեծ հարված ստացավ իր հեղինակությանը։ Փետրվարի սկզբին ընկերությունը ընդունեց, որ իրենց բաժանորդների 1/3-րդ մասը «որոշակի անհարմարություններ» են զգացել՝ «ռեկորդային ծավալի ինտերնետի սպառման» հետեւանքով, սակայն ազդեցությունը շատ ավելի լայնածավալ էր, իսկ բաժանորդները ստիպված էին լռել՝ ունենալով 1 տարվա պայմանագիր ընկերության հետ, որի կասեցումը որոշակի տույժերի հետ էր կապված։

Ամեն դեպքում, այս ոլորտում պահանջարկը դեռեւս շատ մեծ է։ Սակայն այստեղ բջջային օպերատորները ոչ միայն միմյանց հետ են մրցակցում, այլեւ տասնյակ ինտերնետ ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, այդ թվում՝ «Կոռնետ» եւ «Այքըն» օպերատորների հետ, որոնք ինտերնետ կապուղի են տրամադրում WiMAX շարժական կապով։

Շուկայի զարգացման մեկ այլ ուղղություն է հանդիսանում մասնակի կամ ամբողջապես փոխահատուցվող արժեքով հեռախոսների եւ սարքերի տրամադրումը օպերատորի կողմից՝ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում։ Այս փորձը հատկապես հաջողված է ԱՄՆ-ում՝ հայտնի iPhone հեռախոսների եւ Amazon Kindle էլեկտրոնային գիրք ընթերցելու սարքավորումների պարագայում։

Վիվասել-ՄՏՍ-ը եւ Օրանժը արդեն իսկ հանդես են եկել համեմատաբար էժան հեռախոսների, ինչպես նաեւ 3G USB մոդեմների եւ 3G Wi-Fi երթուղիչների առաջարկներով։ Վիվասել-ՄՏՍ-ի դեպքումը խոսքը վերաբերում է Home Zone, Office Zone սակագնային պլաններին, իսկ Օրանժի մոտ դա Flybox-ն է։

Այս բնույթի առաջարկների շարքում է նաեւ Վիվասել-ՄՏՍ-ի վերջերս առաջարկած MTC 236 մատչելի հեռախոսը, որը միայն օգտագործելի է Վիվասել-ՄՏՍ-ի ցանցում։

Պետք է նշել, սակայն, որ շուկան սպասում է շատ ավելի լուրջ առաջարկի՝ Apple ընկերության հայտնի iPhone հեռախոսին։ Այս հեռախոսը այժմ Հայաստանում հնարավոր է ձեռք բերել մոտ 1000 ամերիկյան դոլարով, ինչը հեռու է մատչելի լինելուց։ Օրանժ Արմենիան դեռ նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ Հայաստանում կներկայացնի այս հեռախոսը։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում Օրանժ Արմենիան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս iPhone-ը պայմանագրային պայմաններով մասնակիորեն էժանացված առաջարկելու հնարավորությունը, միայն շեշտելով, որ հեռախոսը շուտով կներկայացվի։

Ուշագրավ է, որ iPhone-ը Նոր Տարվա տոներին ներկայացնելու՝ ընկերության պլանները փոփոխություն են կրել։ Օրանժը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում չզուգորդել iPhone-ի վաճառքը «Ամանորյա հրաշքներ» ակցիայի հետ, քանի որ այդ դեպքում Օրանժ-ի խանութներում «անխուսափելիորեն նոր հերթեր կգոյանան»։

«Օրանժը iPhone-ի վաճառքը կսկսի միայն այն ժամանակ, երբ վստահաբար հնարավոր կլինի պահպանել սպասարկման բարձր որակը եւ բաժանորդներին դիմավորել միայն հարմարավետ միջավայրում», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Հնարավոր եզրակացություններից մեկն այն է, որ հաճախորդները 1000 դոլար արժողությամբ հեռախոսի համար հերթ չէին կանգնի, եւ Օրանժի iPhone-ը հավանաբար ներկայացվելու է շատ ավելի մատչելի գնով։ Կախված այն բանից, թե որքանով էժանացված կլինի այս հեռախոսը, եւ ինչպիսի՞ն կլինեն համապատասխան պայմանագրի պայմանները, այս քայլը կարող է կտրուկ կերպով փոխել իրավիճակը Հայաստանի բջջային ծառայությունների շուկայում եւ ստիպել մյուս օպերատորներին դիմել համարժեք քայլերի։

Այնպես որ, ընդհանուր առմամբ, «բջջային հեռանկարները» հայաստանյան բաժանորդների համար խոստումնալից են, իսկ օպերատորները առայժմ շարունակելու են պայքարել շուկայի համար։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---