Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է կապի ոլորտի արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար

Հունիսի 1-7-ի հեռուստահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար: Հայաստանում 2010թ. հունվար-ապրիլին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով, կազմել է 52 949.1 մլն դրամ, որը 2009թ. հունվար-ապրիլի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.2%-ով: Դրա հետ մեկտեղ 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կապի ծառայությունների սակագները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 տոկոսով: Նույն շրջանում աճ է նկատվել նաև համակարգիչների արտադրության ոլորտում. 2010-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտադրվել է 459 համակարգիչ, ինչը 3.4 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա նույն շրջանը (475): Մինչդեռ միայն ապրիլին Հայաստանում 95 համակարգիչ է արտադրվել:

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կարգադրությամբ հատուկ աշխատանքային խումբը կքննարկի և կներկայացնի գրավոր առաջարկություններ «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության մասին» օրենքի իրականացման ընթացակարգերի հստակեցման ու բարելավման վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ապրիլի 8-ին հաստատել է «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության մասին» օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է լիցենզավորման պարզեցված գործընթաց և երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն: Բացի դրանից, գոյություն ունեցող հանձնաժողովի փոխարեն օրենքում նախատեսված է հատուկ պատասխանատու մարմնի ստեղծում, որը համակարգելու է վերահսկողությունը: Այդ միջոցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դիմել է Հայաստանի նախագահին` օրենքը խորհրդարանի վերանայմանը ներկայացնելու խնդրանքով: UITE ներկայացուցիչների կարծիքով, օրենքի գլխավոր թերությունն այն է, որ փաստաթղթում չկա հստակ բնորոշում այնպիսի տերմիններին, ինչպիսիք են «երկակի նշանակության ապրանքներ» և «մտավոր գործունեության ապրանքներ», ինչի պատճառով դրանց շարքին կարելի է դասել ապրանքների ու ծառայությունների բավական լայն շրջանակ: Օրենքի մանրամասն վերլուծությունը ներկայացվել էր հունիսի 1-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում` UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կողմից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) կառավարությանը դիմել է նաև Երևանի Տիգրան Մեծ պողոտայում 150 ք/մ տարածք ինտերնետ-տրաֆիկի փոխանակման «Արմիքս» կապի հանգույցի կենտրոնի համար հատկացնելու խնդրանքով: «Արմիքս»-ի օգնությամբ պրովայդերները մտադիր են արտաքին ինտերնետ-տրաֆիկի սպառումը նվազեցնել մինչև 20 տոկոս, ինչը էականորեն կազդի ինտերնետ ծառայությունների որակի և սակագների վրա: Նախաձեռնող խմբի մեջ են մտնում Հայաստանի հեռահաղորդակցության այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են` VivaCell-MTC, Orange Armenia, ADC, U!Com, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies և այլք: «ԱրմենՏել» ընկերությունը դեռևս չի միացել նախաձեռնությանը, սակայն Կարեն Վարդանյանի կարծիքով ընկերությունը կմիանա «Արմիքս» կենտրոնին:

Բջջային հեռախոսների համար նախատեսված Opera mini բրաուզերից անհատ օգտվողների թիվը Հայաստանում աճել է 91.9%-ով` համեմատած անցյալ տարվա հետ: 2010 թվականի ապրիլին նման տվյալներ են պարունակվում Opera Software զեկույցում: Դրա հետ մեկտեղ Ինտերնետ-էջերի այցելությունների քանակն աճել է 177.1%-ով: Զեկույցում ներկայացված են նաև Opera mini բրաուզերի միջոցով ամենից հաճախ այցելվող կայքերի վերաբերյալ տվյալները: Առաջին եռյակի մեջ մտել են ռուսական odnoklassniki.ru, yandex.ru, mail.ru կայքերը, իսկ Google.com կայքը չորրորդ տեղում է: Դրա հետ մեկտեղ, ամենատարածված բջջային սարքերի թվում, որոնց վրա բեռնված է և օգտագործվում է Opera mini բրաուզերը, զեկույցում նշվում են հիմնականում Nokia ապրանքանիշի բջջային սարքերը: Այդպես, առաջատարների եռյակում են Nokia 6300, Nokia 6233, Sony Ericsson K750i մոդելները: Հնգյակն ամփոփում են Samsung SGH-E250 և Nokia 6500s մոդելները: Այդ ընթացքում 2010 թվականի ապրիլից սկսած Opera mini բրաուզերը հասանելի է դարձել iPhone սմարթֆոների համար: Եվ արդեն 2010թ. ապրիլի տվյալներով, iPhone հեռախոսով Opera mini բրաուզերից ավելի քան 2.6 մլն անհատ օգտվող է գրանցվել` հիմնականում ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Կանադայից և Ռուսաստանից:

«ՀԿԵՈւ» («Հարավկովկասյան երկաթուղի») ՓԲԸ-ն 2010 թվականին կներդնի փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության համակարգ: Ամբողջ երկաթուղում հին սարքավորումները փոխարինվում են նոր` օպտիկամալուխայիններով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ԲարՔեմփ 2010 խորհրդաժողովը կայացավ Երևանում հունիսի 4-6-ը: Իննովացիոն ճամբարի ընթացքում նյութեր ներկայացվեցին գեոլոկացիայի, կայքերի դրամականացման, տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, կրթության մեջ վեբ-գործիքների օգտագործման և այլ թեմաների վերաբերյալ: Այս տարի մասնակիցների հետաքրքրությունն էր նկատվում Ինտերնետում ձեռնարկատիրության թեմայի հանդեպ:

Հայաստանի վարչապետը հանդիպեց խորհրդաժողովի մասնակիցների հետ, ովքեր նրանց դիմեցին Հայաստանում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն մշակելու խնդրանքով: Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումում, որի տակ ստորագրել են ԲարՔեմփ խորհրդաժողովի մոտ 190 մասնակիցներ, շոշափվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն յունիքոդ տառատեսակներով կատարելը, տեղեկատվական անվտանգության նպատակով պաշտոնական էլեկտրոնային փաստի հասցեների օգտագործումը պետծառայողների պաշտոնական նամակագրության համար: Մասնակիցները կառավարության ղեկավարին կոչ արեցին նաև քայլեր ձեռնարկել հայկական տառերի նշագրում ունեցող համակարգչային ստեղնաշարի լայն տարածման համար:

Պետական կայքերի թվում, որտեղ չի օգտագործվում յունիքոդ համակարգը, նշվում են Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սահմանադրական դատարանի, Քաղաքացիական ավիացիայի, ՀՀ Կենտրոնական բանկի և այլ կայքեր: ԲարՔեմփը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որոնք բաց են բոլորի համար և ընթանում են զեկույցների, դասընթացների, շնորհանդեսների, քննարկումների ձևաչափում: Խորհրդաժողովը ենթադրում է ոչ պաշտոնական միջավայր` նախապես չծրագրված ներկայացումներով, որոնք վերաբերում են ՏՏ և Ինտերնետի ոլորտներին:

Սեպտեմբերին Երևանում պատրաստվում են անցկացնել տեխնոլոգիաների վերաբերյալ մեկ այլ խորհրդաժողով` TEDx Yerevan: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design – Տեխնոլոգիաներ, Ժամանց, Դիզայն) հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: Սկսած 1984 թվականից հիմնադրամն ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որոնք մեկ բեմում են հավաքում գիտնականների, քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի, նկարիչների, երաժիշտների, ինժեներների և շատ ուրիշների: TED-ի դասախոսների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ քլինթոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ջեյմս Ուոթսոնն ու Մյուրրեյ Գելլ-Մաննը, , Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը: Հայաստանում TEDx կազմակերպությանն աջակցում են Civilitas Հիմնադրամն ու «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը: Ներկա փուլում արդեն ընտրվել է խորհրդաժողովի անցկացման վայրը (Նոր փորձարարական արվեստի կենտրոն` ՆՓԱԿ) և ամսաթիվը (սեպտեմբերի 25): Խորհրդաժողովը տեղի կունենա «Սահմաններից դուրս» (Beyond Borders) կարգախոսով:

Ներկայացման համար թեմաների ընտրության վրա զգալի ազդեցություն են ունեցել Ինտերնետից օգտվողները, ովքեր tedxyerevan.com կայքում առաջարկել ու քվեարկել են դուր եկած թեմաների օգտին: Առավել տարածված ոլորտների թվում էին էներգետիկան, իննովացիաները, տեխնոլոգիաները, կրթությունը, Հայրենիքը, Սփյուռքը և այլն: Այդ թեմաների համատեքստում կընտրվեն ներկայացումներն ու ելույթ ունեցողները: Ներկա պահին բանակցություններ են ընթանում ինչպես միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, այնպես էլ հետաքրքիր զեկուցողների հետ, ովքեր դեռևս այնքան էլ լայն ճանաչում չունեն: Ծրագրվում է հավասար քանակությամբ խոսնակներ հրավիրել Հայաստանից, արտասահմանից և հայկական Սփյուռքի ներկայացուցիչներից»: Ծրագրվում է, որ խորհրդաժողովի ընթացքում 20-25 ներկայացում կլինի, որոնցից յուրաքանչյուրի համար կտրվի 3-10 րոպե ժամանակ, և միայն բացառիկ դեպքերում ելույթը կարող է տևել 18 րոպե:

Գայանե Միրզոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---