ՏՏ ոլորտի կրթական հարցերը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների ուշադրության կենտրոնում են

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտիում հունիսի 15-22-ը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսություն

Ծաղկաձորում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների` «առանց փողկապների» հանդիպում, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մասնակիցների մոտիվացիայի բարձրացման հարցերը, բուհերի վերականգնումը որպես գիտատեխնիկական կենտրոններ, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների հարցեր:

PanARMENIAN.Net - Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը նշեց, որ կրթության գործընթացում հարկավոր է ներգրավել բազում ընկերությունների, ընդ որում նախաձեռնությունը պետք է լինի ինչպես ընկերությունների, այնպես էլ բուհերի կողմից: Նա հաստատեց համաժողովի մասնակիցների խոսքերն այն մասին, որ կրթության ոլորտին նվիրված միջոցառման ժամանակ Երևանի համալսարաններից մեկի պրոռեկտորը հրաժարվեց քննարկել կրթության խնդիրները ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ըստ Վաչե Կիրակոսյանի, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար հարկավոր է արմատապես բարեփոխել կրթության ոլորտը: Իր հերթին, Sourcio ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն առաջարկել է բուհերի ֆինանսավորումը թողնել նույն մակարդակի վրա, բայց երկու անգամ կրճատել սովորողների թիվը: «Յուրաքանչյուր ուսանողի համար կատարված ծախսերը պետք է ավելանան, և բուհի բյուջեն չպետք է կախված լինի ուսանողների քանակից, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված են լինում դուրս չթողնել ուսանողներին, այլապես կլինի աշխատատեղերի կրճատում` նկատի ունենալով ֆինանսավորման ոչ բավարար լինելը»,- ասել է նա:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Տաթև» գիտակրթական համալիրի հետ համատեղ Ինտերնետում թողարկել է հայերեն դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների էլեկտրոնային գրադարան հետևյալ հասցեով` spyurq.dasagirq.am (կամ http://dasagirq.am): Ինչպես հունիսի 18-ին գրադարանի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի հայկական դպրոցները դասագրքերով ապահովելու համար բյուջեից հատկացված միջոցները կարող են շատ ավելի արդյունավետ օգտագործվել, եթե դասագրքերը տարածվեն Ինտերնետի միջոցով: «Կրթության ավանդական մեթոդների հետ մեկտեղ նախարարությունն օգտագործելու է նորարարական տեխնոլոգիաները: Տվյալ նախագիծը Սփյուռքի երեխաներին թույլ կտա ուսումնասիրել և կատարելագործել հայերեն լեզուն»,- նշել է Աշոտյանը: Նրա խոսքով, Սփյուռքւմ նախագծի առնչությամբ դրական արձագանքների դեպքում նախագիծն ավելի ակտիվ զարգացում կստանա:

Այսօր կայքում ներկայացված են «Զանգակ-97» հրատարակչության ինտերակտիվ դասագրքերը` հայերենի այբբենարանն ու «Իմ առաջին ընթերցարանը»: Ինտերակտիվ գրքերը կազմված են խաղարկային ու մանուկներին հասանելի ձևով, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են գրվում տառերը, ինքնուրույն նախադասություններ կազմել և աուդիո-դասեր լսել: Այստեղ տեղակայված են դասագրքերի pdf. տարբերակները (մոտ 10-ը), ինչպես նաև մի քանի աուդիո- և տեսադասեր:

Նոր կրթական Ինտերնետ-պլատֆորմը Հայաստանում կստեղծվի երեք տարվա ընթացքում: Այդ մասին հունիսի 18-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, մոտ ժամանակները կառավարությունը մասնագետների մրցույթ կհայտարարի, որոնք կնախագծեն պլատֆորմը: Այս նախագծի սկզբնական փուլի համար ՀԲ-ը կհատկացնի 50 հազար դոլար: Ըստ Աշոտյանի, այդ նախագիծը թույլ կտա հայալեզու բովանդակություն ստեղծել Ինտերնետում, ինչպես նաև դիստանցիոն դասեր անցկացնել Հայաստանի բարձր լեռնային գյուղերում: «Պլատֆորմը նախատեսված է լինելու ոչ միայն Հայաստանի ուսուցիչների և աշակերտների համար, այլ նաև Սփյուռքի»,- ասել է նախարարը:

«Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներ իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է. «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Միջազգային փորձագետների հանձնաժողովը ԵրՖԻ-ն Հայաստանում եզակի գիտահետազոտական ենթակառուցվածք ունեցող կազմակերպություն է համարել` ֆիզիկայի բնագավառում գերազանցության կենտրոն: Կենտրոնը եզակի կլինի տարածաշրջանում, այստեղ կգործի աքսելերատոր, որը համարվում է նոու-հաու: ԵրՖԻ-ն գիտության և գիտատար տեխնոլոգիաների զարգացման գերազանց հիմք է առաջարկում` ժամանակակից ֆիզիկայի տարբեր բնագավառներում ինստիտուտում իրականացվող առաջավոր գիտական հետազոտությունների, ֆիզիկայի նվաճումները գիտական տարբեր ուղղությունների սահմանագծում (միջդիսցիպլինար հետազոտություններում) և տեխնոլոգիաների մշակման գործում կիրառելու հնարավորությունների ակտիվ որոնումների շնորհիվ:

Ինստիտուտի վերազինման համար 2011թ. պետական բյուջեից առանձին տողով կհատկացվի առնվազն 575.6 մլն դրամ, իսկ միջուկային բժշկության նոր ենթակառուցվածքի զարգացման և ողջ նախագծի իրականացման համար կպահանջվի շուրջ 100 մլն դոլար, որոնցից միայն արագացուցչի (ցիկլոտրոնի) կառուցման համար կպահանջվի 50-70 մլն դոլար:

ՄՏՍ ընկերությունը դիտարկում է«Կոռնետ-ԱՄ» ընկերության ներգրավման հնարավորությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառույցում: Ինչպես ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» ընկերությունը, որը մտնում է ՄՏՍ ընկերությունների խմբի մեջ, հայտարարել է «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ»-ի արտադրանքներն ու ծառայությունները ՄՏՍ ապրանքանիշի օգտագործմանը հանձնելու գործընթացի մեկնարկի մասին: 2011-ի վերջին Ռուսաստանի հեռահաղորդակցության շուկայում ՄՏՍ ընկերությունների խմբի շրջանակներում կմնա երկու ապրանքանիշ` ՄՏՍ-ը և ՄԳՏՍ-ը:

«Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ-ն Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ կապի օպերատորի բաժնետոմսերի 80 տոկոսի բաժնետերն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» ընկերության մամլո քարտուղար ԵկատերինաՆևսկայան ասել է, որ ռեբրենդինգը դեռ վերաբերվում է Ռուսաստանի տարածքում տրամադրվող ծառայություններին և ապրանքներին: «Հիմա վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսի որոշումներ են ընդունվելու Հայաստանում «Կոռնետ-ԱՄ»-ի վերաբերյալ»,- ասել է Նևսկայան:

«Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր» ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Ընկերության հիմնական բաժնետերը «Սիստեմա» կորպորացիան է: Քոմսթար-ՄՀՀ ընկերության դուստր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը տեղաբաշխված են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն շրջաններում. մասնավորապես Կենտրոնական, Հյուսիս-արևմտյան, Հարավային, Մերձվոլգյան և Ուրալի շրջաններում: Ընկերությունն ակտիվներ ունի նաև Ուկրաինայում և Հայաստանում: 2010թ. ընթացքում մշակութային նախաձեռնություններում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1մլրդ 86մլն ՀՀ դրամ: Այդ մասին հունիսի 15-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնեց մամուլի ասուլիսում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունների ցանկը հարուստ է: Միջոցառումների շարքում են Հայոց ցեղասպանության մութ էջերի վրա լույս սփռող 96 հատոր գրականության նվիրատվությունը ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գրադարանին, ՙԱրարատից` Սիոն՚ ֆիլմի ցուցադրման, ՙԵվգենի Օնեգին՚ օպերայի բեմականացման, մշակութային, հոգևոր և պատմական հուշարձանների մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված ՙՃանաչեք Հայաստանի հուշարձանները՚ (AMAP) ծրագրի հովանավորությունը, Գյումրիում երաժշտական դպրոցի վերանորոգմանն ուղղված` Յան Գիլլանի երևանյան համերգը, ՙՈսկե ծիրան՚ ամենամյա միջազգային կինոփառատոնը, ՙՎերադարձի՚ և ՙԲաց երաժշտության փառատոները՚, ՙԱրմենիա՚ հայկական առագաստանավի ճանապարհորդությունը, Սերժ Թանկյանի համերգը: Ընկերության համար հատուկ կարևորություն ունեն նաև ԶԼՄ-ների կողմից ազգային ինքնության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` ՙՀ1՚ հեռուստաալիքով հեռարձակվող ՙՕտար, ամայի ճամփեքի վրա՚ հաղորդումը, ՙՄիր՚ միջպետական հեռուստաալիքով ցուցադրվող Հայաստանի բացառիկ հուշարձանների մասին պատմող ֆիլմաշարը, ՙՇանթ՚ հեռուստաալիքով անցկացվող ՙԴուդուկի նոր ընտրյալները՚ մրցույթը և շատ ավելին:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Հայաստանում ազգային կոնտենտի զարգացումը խթանելու նպատակով բոլոր հետաքրքրված անձանց և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղադրել ինտերնետ ցանցում իրենց վեբ կայքերը: Ինչպես հայտնել է ընկերության մամլո ծառայությունը, վեբ ռեսուրսների սեփականատերերը կարող են օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց, ինչպես նաև հնարավորություն ունեն տեղեկատվություն տարածել իրենց կայքէջերի վերաբերյալ ինտերնետում: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում և ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---