Ամբողջությամբ փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը

Ամբողջությամբ փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը

PanARMENIAN.Net - Ամբողջությամբ փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկատվոււթյունը հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը։

«Ամբողջությամբ փլուզվել է Սուրբ Նշանի վթարային զանգակատունը, որը կիսափուլ վիճակում է։ Փաստ այն է, որ Հովնաթանյանների նկարներ կային այդ զանգակատան կամարներին արված եւ մենք ուղղակի հերթական կորուստն ունեցանք Վրաստանում»,–ասաց եպիսկոպոսը։

Սրբազանի խոսքով, փլուզման պատճառը կարող է լինել օրերս Վրաստանում եղած երկրաշարժը եւ վերջին օրերի հորդառատ անձրևները։

Հունվար ամսին փլուզվել էր եկեղեցու սյունը, որը հետագայում վերականգնվեց եւ ամրացվեց եկեղեցու հիմնասյունները։

«Կյանքը ցույց տվեց, որ դա էլ չփրկեց, որովհետև եկեղեցու կապող հատվածները արդեն թուլացել էին եւ նույնիսկ վնաս հասցրել կողքի բնակելի տներին»,-ասաց Սրբազանը: Սրբազանը նաև հաղորդեց, որ եկեղեցի են այցելել Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչները։

Վիրահայոց թեմի առաջնորդն ասաց, որ իրենց կողմից նամակ է հղվել Վրաստանի նախագահ Միխայլ Սահակաշվիլիին խնդրանքով՝ միջոցներ ձեռնարկել հայկական հուշարձանների պահպանության եւ Թբիլիսիի հինգ՝ Սուրբ Նորաշեն (կառուցված 1467 թ.), Սուրբ Նշան (կառուցված 1703 թ.), Մուղնեցոց Սուրբ Գեւորգ ( կառուցված 1356 թ.), Երեւանցոց Սուրբ Մինաս (կառուցված 1790 թ.), Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (կառուցված 1775 թ.) եւ Ախալցիխեի Սուրբ Նշան (կառուցված 1862 թ.) եկեղեցիները թեմին վերադարձնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---