ՀՀ ԱԳ նախարար. Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին

ՀՀ ԱԳ նախարար. Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առկա իրավիճակը: Այդ առումով նա մասնավորապես ընդգծեց. «Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։

Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանային կայունությունը, ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի սիստեմատիկ դրսևորումներով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով:

Չնայած եռանախագահների՝ վերջին չորս տարիների գործադրած ջանքերին՝ 15 հանդիպում ամենաբարձր մակարդակով, տասնյակ նախարարական հանդիպումներ, համանախագահների մի քանի տասնյակ այցելություններ տարածաշրջան և բանակցություններում որոշակի առաջընթացի արձանագրում, անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները։

Ադրբեջանն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները այլև մշտապես նոր քայլեր է ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները։ Նման վերջին դրսևորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ։ Չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը։ Միջազգային հանրության արձագանքը այս խայտառակ քայլին միաձայն էր և միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում: Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է ճիշտ է արել: Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Սեպտեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանն Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում հանդիպում ունեցավ ԱՄՆ արևմտյան ափի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող քայլերը, Հայաստանում իրագործվող բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---