Նոբելյան մրցանակակիրները Երևանում կխոսեն քաղցկեղի հիմնախնդիրների մասին

Նոբելյան մրցանակակիրները Երևանում կխոսեն քաղցկեղի հիմնախնդիրների մասին

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիրներ պրոֆեսոր Թիմոթի Հանթը և պրոֆեսոր Մարտին Չալֆին Երևանում հանդես կգան հանրային դասախոսություններով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց «Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շարքը Հայաստանում» ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը, նոյեմբերի 4-ին` ժամը 15:00-ին, Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում Թիմոթի Հանթը հանդես կգա «Քաղցկեղի հիմնախնդիրը», իսկ Մարտին Չալֆին` «Լուսավորելով կյանքը» թեմայով դասախոսություններով, որոնք երկուսն էլ առնչվելու են քաղցկեղ հիվանդության առանձնահատկություններին և բուժման մեթոդներին: «Դասախոսություններին կարող են ներկա գտնվել շուրջ 180 ունկնդիրներ` հայտեր ուղարկելով «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ պաշտոնական կայքին: Մասնակիցների ընտրության ժամանակ գերապատվությունը տալու ենք կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին, ինչպես նաև այդ ոլորտների ավագ գիտաշխատողներին»,- տեղեկացրեց Զաքարյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր հերթին նշեց, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում նույն օրը` ժամը 20:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում պրոֆեսորները կմասնակցեն «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: «Քննարկման արդյունքում երիտասարդ գիտնականները Նոբելյան մրցանակակիրների կողմից կստանան խորհրդատվություն գիտական կարիերայի կայացման և զարգացման հարցում։ Երիտասարդ բնագետները հնարավորություն կունենան նաև ստանալ իրենց հուզող գիտական հարցերի պատասխանները, ստեղծել գիտական կապեր, քննարկել գիտության ասպարեզում Հայաստանում առկա խնդիրները և այլն: Ծրագրի նպատակն է երիտասարդ գիտնականների շրջանում կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը, ինչը խթան կհանդիսանա կենսագիտության և կենսաբժշկության ոլորտների զարգացմանը՝ երիտասարդ գիտնականների ներգրավվածության միջոցով:Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շնորհիվ հայ երիտասարդները կծանոթանան գիտության նորագույն նվաճումներին»,- ասաց նա` հավելելով, որ այդ միջոցառումները մեծ դեր կխաղան Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գործում:

Նոբելյան մրցանակակիրների դասախոսություններն ու նրանց մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Թուֆենկյան» ավանդական հյուրանոցների աջակցությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---