Մեքսիկայի Պատգամավորների պալատը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

Մեքսիկայի Պատգամավորների պալատը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:

Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին, պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ և ընդգծեց, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին և խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի և Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին և փոխանցեց Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:

Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասաց, որ Պատգամավորների պալատում ևս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորմանը, ինչն անկասկած փոխգործակցության կարևոր ձևաչափ կդառնա:

Մեխիկոյում ԱԳ նախարարը հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---