Հայաստանը Պաղեստինի հավերժ բարեկա՞մն է

Հայաստանը Պաղեստինի հավերժ բարեկա՞մն է

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԳՎ բանաձևը, որով Պաղեստինը ՄԱԿ-ում ստացավ դիտորդ պետության կարգավիճակ, խորհրդանշական է: Այն կոչված է նպաստելու վստահությանը ու խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պաղեստինի դեսպան Նասեր Աբդել Քարիմը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Դեսպանը նշել է, որ քվեարկության ժամանակ Պաղեստինին աջակցած երկրները «Պաղեստինի հավերժ բարեկամներն են», սակայն կան երկրներ, որոնք շարունակ խոսում են մարդու իրավունքների մասին, սակայն կիրառում են երկակի ստանդարտներ՝ «Ցավոք, կան երկրներ, որոնք մեր օգտին չեն քվեարկել: Ես կցանկանայի ասել, որ մարդու իրավունքներն ու բարոյականությունը ունիվերսալ արժեքներ են: Դրանք չեն կարող կիրառվել մի դեպքում և չկիրառվել մել այլ դեպքում»:

«Երեկվա որոշումը ոչ միայն Պաղեստինի հաղթանակն է, այլ նաև մարդու իրավունքների, բարոյականության ու արդարության հաղթանակը: Երեկ ընդունված բանաձևը հաստատում է Պաղեստինը որպես ինքնիշխան ու անկախ պետություն, և դա շատ կարևոր է: Այդ բանաձևը կարող է վերադարձնել Պաղեստինի հարցը միջազգային ասպարեզ»,-ասել է դեսպանը:

Դեսպանը նշել է, որ Պաղեստինն իր հերթին պատրաստ է շարունակել բանակցությունները և նրա անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի դրան: «Մենք անհամբեր սպասում ենք պաղեստինյան հաշտեցման և պատրաստ ենք քննարկել համաշխարհային տերությունների հետ, թե ինչպես վերադառնալ խաղաղ գործընթացին, որն արդյունք կունենա, ոչ թե կլինի բանակցություն հանուն բանակցությունների: Մենք խաղաղություն ենք ուզում միջազգային իրավունքի, ՄԱԿ բանաձևերի, ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնությունների հիման վրա: Այնպես որ երեկվա քվեարկությունը քվեարկություն էր հանուն խաղաղության»:

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ ԳՎ 138 «կողմ», 41 «ձեռնպահ» և 9 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակի շնորհման մասին բանաձևը: Հայաստանը կողմ քվեարկեց: Բանաձևի օգտին քվեարկեցին նաև Ֆրանսիան, Ավստրիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը:

Դեմ քվեարկեցին Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ն, Չեխիան, Միկրոնեզիան, Պալաուն, Պանաման, Մարշալի կղզիները և Նաուրուն:

Ձեռնպահ եղան Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, Ռումինիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---