Արցախի երիտասարդության կոչը. Մեր հաղթական երթն անկասելի է

Արցախի երիտասարդության կոչը. Մեր հաղթական երթն անկասելի  է

PanARMENIAN.Net - Արցախի երիտասարդությունը հանդես է եկել կոչով ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոչում մասնավորապես ասվում է.

«Պատմության համար 25 տարին ակնթարթ է: Առավել ևս` հայ պատմության համար: Սակայն, վերջին 25 տարին արցախահայության և ողջ հայության համար հոգևոր վերելքի, ազգային ինքնությունը վերահաստատելու, պատմության մարտահրավերները դիմագրավելու, ռազմադաշտում տարած հաղթանակի ջահը նոր սերնդին փոխանցելու քառորդ դար էր:

1988 թվականի փետրվարի 20-ին, արտահայտելով ժողովրդի կամքը, ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ընդունեց պատմական որոշում, որով ազդարարվեց իր ճակատագիրը տնօրինելու` արցախահայության վճռականությունը:

1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդը իրացրեց ինքնորոշման իր ճանաչված իրավունքը, հաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն:

Մենք, որպես ժողովրդի կամարտահայտությամբ հռչակված Արցախի Հանրապետության քաղաքացիներ, հայտարարում ենք.

Արցախի ժողովրդի ինքնորոշումն անբեկանելի է:

Ինքնիշխան պետություն կերտելու և մեր պետության ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքն այլընտրանք չունի:

Մենք` Արցախի Հանրապետության երիտասարդ քաղաքացիներս, ունենք անհրաժեշտ և բավարար ներուժ` մեզ ավանդված ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և պաշտպանելու, անկախության ձեռքբերումները բազմապատկելու համար:

Մեր հաղթական երթն անկասելի է, մեր պետականության զորացման ուղին` անշեղ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---