14 մայիսի 2013 - 13:12 AMT
Ադրբեջանում ֆանտաստիկայի ժանրը սիրում են. Ադրբեջանցի դիպուկահարները ԼՂՀ հետ սահմանին ռուս սպա են վիրավորել

Ադրբեջանական լրատվամիջոցները քիչ առաջ սկսել են տեղեկություն տարածել, թե ԼՂՀ հետ սահմանին ադրբեջանցի դիպուկահարները վիրավորել են ազգությամբ ռուս զինվորականի` Բոլոտնիկով ազգանունով: Լրատվամիջոցները հղում են տալիս զինվորական աղբյուրների ու հաղորդում նաև,որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Աղդամի շրջանում:

Նույն աղբյուրն ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, թե Բոլոտնիկովը զբաղվում էր հայ դիպուկահարների և դիվերսիոն խմբերի ուսուցմամբ: Ավելի ուշ, հայտնի չէ` ինչպես պարզվել է, որ ռուս սպան արդեն երկար ժամանակ Ղարաբաղում հայ դիպուկահարներին սովորեցնելուց բացի ինքն էլ մի քանի անգամ կրակել է ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ: Իսկ Ղարաբաղում իր գործունեության համար նույնիսկ պարգևատրվել է ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից:

Այս լրատվամիջոցները շեշտում են, որ սա 1-ին ռուս զինվորականն է, որ վերջին 10 տարում օգնել է հայ զինվորականներին և վնասազերծվել իրենց կողմից, իսկ 1992-1994թթ նման շատ զինվորականներ են սպանվել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեց տարածվող տեղեկությունը` նշելով, որ այն հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: «Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, հայկական զինված ուժերն ի վիճակի են սեփական ուժերով պաշտպանել Արցախը», - ասաց նա:

Նույնը նշեց նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Լկտի սուտ է: Հայկական ուժերը ոչ 90-ականներին, ոչ էլ այսօր ոչ մի ռուս սպայի կամ մասնագետի ուսուցման կարիքը չեն ունեցել»:

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե նշված ռուս սպան Ղարաբաղում իր գործունեության համար պարգևատրվել է Սեյրան Օհանյանի կողմից:

Անդրադառնալով նույն լրատվամիջոցների տեղեկությանը, թե 8 հայ զինծառայողի վիրավորել են, իսկ 4-ի մահվան մասին տեղեկություն ունեն`նշեց. «Մենք Ադրբեջանի պես քարե դարում չենք ապրում, որ զինվորի վիրավորվելու կամ մահվան փաստը թաքցնենք: Եթե նման դեպքեր են լինում, մենք մեր քաղաքացիներին անպայման տեղեկացնում ենք»: Իսկ 2 մեքենա շարքից հանելու մասին Ա. Հովհաննիսյանն ավելացրեց. «Հազիվ էլ կարողանան դա անել և ուրախանալ»:

Իրականում ադրբեջանական լրատվամիջոցների զինվորական աղբյուրներն այնքան էլ գաղտնի չեն` պարզ տրամաբանություն և այդ աղբյուրներն էլ ու այս հրապարակումների խնդիրն էլ ակնհայտ է դառնում: Ադրբեջանում հակահայկական քարոզչության նոր ուղղություն է սկսվում, որը նաև հակառուսական է: Բայց այս հրապարակումները նախաձեռնողները մի կարևոր հանգամանք բաց են թողել` եթե Ադրբեջանը հրադադարը չի խախտում, ինչպե՞ս են ադրբեջանցի դիպուկահարները ռուս սպա վիրավորել: Ու մի հետևություն, որն ամեն անգամ հաստատվում է` Ադրբեջանում ֆանտաստիկայի ժանրը սիրում են: