Ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն արժանացել է ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին

Ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն արժանացել է ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, մաղթել նոր հաջողություններ: Հանրապետության նախագահն իր շնորհավորական խոսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրության և առաջադրման համար մասնագիտական հանձնախմբերը կանխավ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիվ լավագույններից լավագույնների հետ հանդիպումն արդեն տեղի է ունենում նախագահի նստավայրում: Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե միամտություն կլիներ կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնախմբերի կարծիքների հետ, և հավանաբար, այդպես էլ պետք է լիներ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել նրանց՝ լինել համբերատար, հանդուրժող և համոզվածություն է հայտնել, որ լավագույն ստեղծագործություններն անպայման կարժանանան հանձնախմբերի գնահատականին:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.

Թեսսա Հոֆմանին (Գերմանիա)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար և Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա Բարսեղյանին` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ Գասպարյանին` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար,

արվեստի բնագավառում՝ Հակոբ Հակոբյանին (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար և Հենրիխ Էլիբեկյանին` «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար,

բժշկագիտության բնագավառում` Ռուբեն Ֆանարջյանին, Արթուր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ Չիլինգարյանին, Նիկոլայ Բոստանջյանին, Գագիկ Հովսեփյանին, Բագրատ Մաիլյանին և Լևոն Վանյանին` «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Հենրիկ Էդոյանին` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ արվեստի բնագավառում` Գևորգ Գրիգորյանին` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար և Սաթենիկ Շատիրյանին` ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը Ճոճանակին» ներկայացման համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

Մանե Գալոյանին, Հովհաննես Ներսեսյանին, Արսեն Ստեփանյանին՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար,

Լևոն Կարապետյանին (դաշնամուր), Միքայել Նավասարդյանին (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ լավագույն կատարման համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---