Դավիթ Բաբայան. Ստեփանակերտն էլ է կողմնակից ստատուս քվոյի փոփոխության

Դավիթ Բաբայան. Ստեփանակերտն էլ է կողմնակից ստատուս քվոյի փոփոխության

PanARMENIAN.Net - ԼՂՀ ղեկավարությունը նորմալ է ընդունում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն այն մասին, որ ԼՂ-ում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Մենք էլ ենք կողմնակից, որ ստատուս քվոն փոխվի և հակամարտությունը վերջնականապես կարգավորվի, բայց կարգավորումը կողմերը տեսնում են տարբեր կերպ: Ադրբեջանը պատկերացնում է վերադարձ մինչև 1988 թ., որը անհնար է: Մենք պատկերացնում ենք, որ Ադրբեջանը և Արցախը պետք է պաշտոնապես ճանաչեն իրար»- ասաց նա և ավելացրեց, որ «ադրբեջանական տարածք» արտահայտությանն էլ վերապահումով է պետք մոտենալ:

Բաբայանը նշեց, տարբեր ժամանակներում Ղարաբաղի հարցը փորձել են լուծել տարբեր եղանակներով` 70 տարի եղել է մի տարբերակ` ԼՂԻՄ տեսքով. այդ ձևաչափը սպառեց իրեն, ապա մյուս տարբերակով ԼՂ-ն ենթարկեցին անմիջապես ԽՍՀՄ կենտրոնին` Մոսկվային, որը ևս իրեն չարդարացրեց: Արդյունքում ԼՂ ինքնավար մարզն ու Շահումյանի շրջանը ինքնորոշվեցին ու ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն Ադրբեջանը օգտելով անկլավային իրավիճակից, ագրեսիա դրսևորեց ԼՂ հանդեպ:

«Հիմա մենք ունենք մի տարբերակ, որն արդեն 20 տարի գործում է և թույլ է տալիս գոնե մեր անվտանգությունը ապահովել: Իսկ խոսել, որ պետք է վերադարձ լինի 88թ, 91թ, ուղղակի իրատեսական չէ: Ադրբեջանը պետք է հասկանա սա: Մանավանդ, որ այնտեղ հայատյացությունը հասել է այնպիսի աստիճանի, որ նման պետության հետ ենթակայի կարգավիճակով խոսելն անհնար է» - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Նա նաև ընդգծեց, որ Մոսկվան շարունակում է իր հավասակշռված քաղաքականությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, իսկ Լավրովի հայտարարությունը միայն կոչ է` ուղղված բանակցային գործընթացն ակտիվացնելուն:

Բաբայանն անդրադարձավ նաև հարցին, որ ռուսական կողմը պարբերաբար զենք է վաճառում Ադրբեջանին, նշեց, որ դա ընդամենը բիզնես է և տարածաշրջանում ուժերի հավասարակաշռությունը միշտ կպահպանվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---