ՀԲՃ. Քանի՞ զոհ պետք է լինի, որ դադարեցվի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գործունեությունը

ՀԲՃ. Քանի՞ զոհ պետք է լինի, որ դադարեցվի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գործունեությունը

PanARMENIAN.Net - Համահայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել` պահանջելով անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը:

«Կոպտորեն ոտնահարվել է գյուղացիների` ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ լինելու դիրքորոշումը, գյուղապետն ապօրինաբար իրեն իրավունք է վերապահել գրավոր կարծիք ներկայացնել ամբողջ գյուղի անունից, իսկ բնապահպանության նախարարության կողմից ՓՀԷԿ-ի կառուցման համար դրական եզրակացությունը տրվել է բազմաթիվ խախտումներով: Ավելին, գյուղի բնակիչներին վերջին մի քանի ամսվա ընթացքում ահաբեկել ու ճնշել են` ստիպելով չբարձրաձայնել իրենց դիրքորոշումը:

Գյուղը կանգնած է բնապահպանական լրջագույն վտանգի առաջ. Խաչաղբյուր (Պաղջուր) գետը պատրաստվում են դնել խողովակների մեջ, շրջակա միջավայրը շարունակվում է ավերվել, սողանքային գոտիները մեծանում են, շինարարությունը կատարվում է Իջևանի արգելավայրում, հարևանությամբ աճում է Կարմիր գրքում գրանցված ծառատեսակ: Եվ այս ամենին գումարվեց խիստ ցավալի դեպք` «Մեգաէներջի»ի մահաբեր գործունեության արդյունքում այսօր արդեն զոհ ունենք: Համահայկական բնապահպանական ճակատը այդ օրինախախտումների հետ կապված հանցագործության մասին 2013թ հունվարին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն վերջիններիս կողմից, ըստ էության, մեր կողմից բարձրացված հարցերը չեն դարձել լուրջ քննարկման առարկա:

Ամիսներ շարունակ գործը «քնեցվում» է, իսկ մեղավորները դեռևս անպատիժ են: Ո՞վ է պատասխանատու այս բոլոր հանցագործությունների համար: Այս ամենը թույլ է տալիս մեզ արձանագրել և հայտարարել, որ իրենց մեղքի բաժինն ունեն և ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանները, ովքեր առանց լուրջ և հիմնավորված ուսումնասիրությունների ընկերությանը տրամադրել են դրական եզրակացություն, և իրավապահ մարմինները՝ որոնք աչք են փակել այդ ապօրինությունների ու անօրինակությունների վրա:

Քանի՞ զոհ պետք է լինի, որպեսզի դադարեցվի այս մահաբեր ու բնավեր գործունեությունը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը, պատասխանատվության ենթարկել թե´ ապօրինի որոշումներ կայացրած պետական պաշտոնյաներին, թե´ «ՄեգաԷներջի» ՍՊԸ-ի պատասխանատուներին, թե նախագիծը կազմած «ԷՌԱ» ՍՊԸ-ին», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին` ժամը 17:44-ին, Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր–2» ՓՀէԿ-ի շինհրապարակում էքսկավատորի վրա 30 տոննա կշռող ժայռաբեկոր է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 26-ամյա Խալաթյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---