Սեյրան Օհանյան. Գնդապետ Բուդաղյանի հետ կարճ զրույց ենք ունեցել դեպքի մասին

Սեյրան Օհանյան. Գնդապետ Բուդաղյանի հետ կարճ զրույց ենք ունեցել դեպքի մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերյանի զորամասում, որտեղ հունիսի 1-ին տեղի էր ունեցել արդեն հայտնի միջադեպը, զինծառայողների առօրյան ընթանում է բնականոն հունով, իսկ պահակակետում, որտեղ դեպքը տեղի է ունեցել այսօր զորամասի հրամանատարը լրագրողներին ավելի մանրամասն ներկայացրել է նախաքննության ընթացքում մինչ այդ հրապարակված տեղեկատվությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի վերանշանակման 50 օրն, ի դեպ, այսօր լրանում է, նշեց, որ զորամասը լավագույններից մեկն է և անցած տարի այս օրերին էր, որ հակառակորդի` այս զորամասի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում կազմակերպված դիվերսիան մեկ զոհ և մեկ վիրավոր տալով հնարավոր եղավ խափանել:

«Մենք այս զորամաս հատուկ այցելեցինք` բոլորին ցույց տալու համար այստեղի պայմանները, զինվորների պատրաստվածությունը, հրամանատարական կազմի բարձր որակավորումը: Պաշտպանության նախարարությունն ընդունում է դեպքը տեղի է ունեցել բոլորիս մեղավորությամբ, իսկ անմիջական այն հրամանատարները, որոնք համապատասխան քայլեր չեն ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ ստանում են իրենց պատիժը»,- ասաց Սեյրան Օհանյանը և ավելացրեց, որ քրեական պատասխանատվության ենթարկվում են այն մարդիկ, ովքեր հանցագործության անմիջական կատարողներն են, իսկ այս զորամասի հրամանատարական կազմի որոշ անդամներ ազատվել են աշատանքից, տեղափոխվել կամ նշանակվել են պակաս պատասխանատու աշխատանքի: Ձերբակալված սպաներ չկան, բայց եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ դրա անհրաժեշտությունը կա, այդ քայլն էլ կարվի:

Նախարարն անդրադարձավ նաև երեկ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ իր այցին, որի ժամանակ եղել է նաև Գորիսի հայտնի միջադեպից հետո այնտեղ տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանի հիվանդասենյակում:

«Ես արտերկրում էի, այդ պատճառով եմ երեկ այցելել գնդապետ Բուդաղյանին: Մենք կարճ զրույց ենք ունեցել դեպքի մասին: Այս դեպքը տեղի է ունեցել պահի ընթացքում ծագած միջանձնային խնդրի պատճառով: Պաշտպանության նախարարությունը դատապարտում է ցանկացած նման միջադեպ: Զինվորականներն այնքան սպառնալիքներ, մարտահրավերներ և դժվարություններ ունեն դրսից, որ դրանք էլ բավական են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ ամեն օր իրեն զեկուցում են հանրապետության բոլոր զինվորական հոսպիտալներում գտնվող զինծառայողների վիճակի մասին, իսկ վերջին տեղեկությամբ, գնդապետ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---