Բաբայան. Մենք չենք ուզում պատերազմ, արդեն անցել ենք այն. Ալիևը չի անցել, դա է նրա ռոմանտիկայի պատճառը

Բաբայան. Մենք չենք ուզում պատերազմ, արդեն անցել ենք այն. Ալիևը չի անցել, դա է նրա ռոմանտիկայի պատճառը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատերազմական հռետորիկայով հայտարարությունները դարձել են ավանդական: Վերջինը Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հնչեց: Այս անգամ Ալիևը իր ժողորվդին վստահեցրեց, որ իրենց դրոշը ծածանելու են Շուշիի և Ստեփանակերտի վրա:

Ալիևի` ռոմանտիկայի ժանրից այս հայտարարությունը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով պետք է արժանանա միջազգային հանրության ուշադրությանը: «Ադրբեջանը դարձել է մի ահաբեկչական պետություն, որն անընդհատ սպառնում է իր հարևաններին: Ալիևին իր այդ ելույթում նշել է, որ բանակը պատրաստ է կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, այսինքն, փաստորեն, նա իր վրա է նաև վերցնում իրավիճակի բարդեցման պատասխանատվությունը: Սա այն դեպքում, երբ բազմիցս նշվել է, որ պատերազմական գործողություններով հարցի լուծումը պետք է բացառել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ լուրջ անհանգստություն պետք է առաջացնի միջազգային հանրության մոտ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներում: «Սա չի նշանակում, որ Արցախը վախեցած է: Մենք Հայաստանի հետ միասին ի վիճակի ենք ոչ միայն դիմակայել, այլև հարկ եղած դեպքում այնպիսի հակահարված տալ, որ Ադրբեջանը երբեք չվերականգնվի նման զարգացումից հետո: Բայց ինչո՞ւ հասնենք նման վիճակի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ալիևը որևէ հնարավորություն չի թողնում կառուցողական երկխոսության համար: Ադրբեջանի նախագահը միշտ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում են այլ պետությունների շահերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Իսկ վերջերս նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հիմա եթե Ալիևն ասում է, որ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Շուշիում և Ստեփանակերտում, բնական է` կամ այդ մարդը հիվանդ է, կամ այլ խնդիրներ ունի: Միջազգային հանրությունը պետք է լուրջ քայլեր անի նրան զսպելու համար: Եթե չարվի դա, ապա ստիպված զսպողը մենք ենք լինելու և իհարկե իրավիճակը բոլորովին այլ կլինի: Մենք չենք ուզում պատերազմ, քանի որ արդեն անցել ենք այն: Ալիևը չի անցել, դրա համար է նրա այդ ռոմանտիկան: Իսկ մենք գիտենք, որ ռոմանտիկան շատ շուտ ցնդում է, երբ որ գալիս է իրականությունը»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---