Հնագետը ներկայացնում է Քաշաթաղում հայտնաբերված Ղուշչի և Աղբատխերտի ամրոցները

Հնագետը ներկայացնում է Քաշաթաղում հայտնաբերված Ղուշչի և Աղբատխերտի ամրոցները

PanARMENIAN.Net - Քաշաթաղի շրջանի պատմամշակութային միջավայրը, որը սկսել է ուսումնասիրվել ազատագրումից հետո, դեռ շատ չբացահայտված ու չուսումնասիրված կողմեր ունի: Արդեն քանի տարի է, ԼՂՀ տարածքում գտնվող պատմական հուշարձանների պահպանական գոտիների կազմամբ է զբաղվում հնագետ Գագիկ Սարգսյանը, ով հերթական աշխատանքների ժամանակ Քաշաթաղի շրջանում հայտնաբերել է մինչ այսօր անհայտ վեց ամրոցներ: karabakh-open.info-ն շարունակում է ներկայացնել դրանք:

Ամրոց Ղուշչի: Փոքր պահակային ամրոց է, որ նստած է ներկայումս անբնակ Ղուշչի գյուղի արևելյան եզրին բարձրացող և շրջակայքի վրա գերիշխող ժայռածերպի հարթ գագաթին: Հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղվածությամբ ժայռագագաթը հարավից ու արևելքից եզերվում է ուղղահայաց կտրվող բազալտի «ստալակտիդային» անմատչելի կառուցվածքներով, մյուս կողմերից՝ մեծ թեքությամբ իջնող զառիթափ լանջերով: Ամրոցի միջնաբերդը զբաղեցնում է 30 X 50 մ տարածք, որի հյուսիսային եզրագծով գնում է անմշակ մեծ ժայռաբեկորներից շարված կիկլոպյան պարսպագիծը: Այստեղ նկատվում են նման շարվածքով ընդլայնական դրված 2-3 պատեր, որոնք գագաթի մակերեսը բաժանում են առանձնացված հատվածների: Երկու հատվածներում պահպանվել են մոտ 3 մ տրամագծով ակնհայտորեն ձեռակերտ փոսեր, հավանաբար, ջրավազաններ: Գագաթնագծից մոտ15-20 մ դեպի դուրս հյուսիսային լանջի վերնամասի եզրագծով դրված է մանր տափակ, ճեղքած քարերից կրաշաղախով շարված պարսպագիծ, որն ունի մոտավորապես 40-50 մ երկարություն: Վերջինս միջնադարյան է և հյուսիսային լանջին կազմավորել է արհեստական դարավանդ, ուր նկատվում են կառուցապատման հետքեր: Հայտնաբերված սակավաթիվ խեցեղենը կարելի է թվագրել միջին բրոնզի դարաշրջանով, այն է ՝ ք.ա. 19-16 րդ դդ. և միջնադարով:

Ամրոց Աղբատխերտ: Գտնվում է Հակից 1.7 կմ հարավ-արևելք, Տաք ջուր հանգստավայրից մոտ 0.7 կմ հյուսիս-արևմուտք, Աղավնո գետի աջ ափին, Աղբատխերտ կոչված տեղամասում: Ամրոցի միջնաբերդը տեղակայված է մոտ 120 մ տրամագծով կլորավուն թերակղզու գագաթին: Ժայռածերպերով եզերվող թերակղզին իր ամբողջ ծավալով մխրճվում է գետագծի մեջ և երեք կողմերից ողողվում է նրա ջրերով: Այն մատչելի է միայն հարավից, որտեղից ամրոց հնարավոր է ներխուժել, անցնելով թամբաձև իջվացքը և բարձրանալով ամրոցանիստ բլուրը: Վերջինս մոտ 60 մ տրամագծով, հարթ մակերեսով բլուր է, որն իր պարագծով ամրացված է կիկլոպյան շարվածքով, պարսպով: Հարավային կողմում ուրվագծվում է ամրոցի գլխավոր մուտքը: Այն մոտ 3 մ լայնությամբ, երկու կողմերից պարսպապատերով եզերված, թամբաձև իջվածքի ստորոտից, դեպի բլրաեզրի պարսպաշարը բարձրացող միջանցք է: Նույն հարավային կողմի բլրալանջին, հիմնական պարսպագծից ներքև, նրան զուգահեռ, անցնում է ամրոցի պաշտպանական համակարգի երկրորդ պարսպագիծը: Միջնաբերդի հյուսիս-արևմտյան մասի բարձրադիր հատվածում, նկատվում են մի մեծ, առանձնացված կառույցի, հնարավոր է՝ դղյակի կիկլոպյան պատերը: Առանձին շինությունների պատեր նկատվում են միջնաբերդի ներսում, գերազանցապես պարսպին կից: Միջնաբերդի կենտրոնում կանգնած է մնացել մի ցից ժայռազանգված, որը, հնարավոր է, ծառայել է ծիսական արարողությունների համար: Միջնաբերդի հարավային կողմի թամբաձև իջվածքում եղել է բնակավայրը, որը գրեթե հիմնովին ավերվել է անցյալ տարի կառուցվող էլեկտրակայանի ջրագիծը անցկացնելու ընթացքում: Այստեղից հավաքված խեցեղենի հարուստ հավաքածուն թվագրվում է միջին բրոնզից մինչև ուշ երկաթ ընկած ժամանակաշրջաններով, այսինքն՝ ք.ա. 19-7 րդ դարերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---