Արմեն Աշոտյանը` բողոքի ակցիաների մասին. Քաղաքական ուղղորդումներ կան և երևում է որոշ մարդկանց ստվերը

Արմեն Աշոտյանը` բողոքի ակցիաների մասին. Քաղաքական ուղղորդումներ կան և երևում է որոշ մարդկանց ստվերը

PanARMENIAN.Net - Այսօր «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նախարարը հանդիպել է հավաքի մասնակիցների հետ և շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձել բազմաթիվ հարցերի։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Երիտասարդներին հետաքրքրել է բուհերում ուսման վարձերի թանկացման խնդիրը։ Նախարարն ընդգծել է, որ ոչ ոք լավ կյանքից թանկացումների չի գնում։ Ոչ բուհերը, որ կայացրել են այս որոշումները, ոչ կրթության ոլորտի լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ուրախ չեն և չեն կարող ողջունել, որ ուսման վարձ է բարձրանում։ Ըստ պարոն Աշոտյանի՝ այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով ուսանողներին։ Ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, և այսօր թիվ մեկ հարցն այն է, թե ում և ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։

Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ՀՀ նախագահը հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաձայնել է մի բանաձև, որին մենք առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք. ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից վարձը չմուծելու պատճառով, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից։ «Այս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնք ընթացքի մեջ կդրվեն սեպտեմբերի 1-ից։ Մասնավորապես, «Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես ամենաանապահով ընտանիքների երեխաների համար պետությունը 50-100 տոկոսանոց զեղչեր է նախատեսում։ Այդ ծրագիրը տարածվելու է մոտ 2,5 հազար ուսանողների վրա։ Երկրորդ թիրախը միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն են, ում վճարունակությունը թույլ կտա վերցնել արտոնյալ ուսանողական վարկեր։ Դրանք տրվում են ավելի երկար ժամկետով, ավելի ցածր տոկոսադրույքով, պետությունը գերազանց առաջադիմություն ունեցողների համար փոխհատուցում է վարկի 3 տոկոսը, իսկ լավ առաջադիմություն ունեցողների համար՝ 2 տոկոսը» - ասել է ԿԳ նախարարը։

Նա անդրադարձել է նաև ուսանողական զեղչերի համակարգին, որն այսօր այնքան էլ արդյունավետ չէ և օրենքով լավ չի կարգավորվում։ Տեղեկացրել է, որ օրինագիծ է նախապատրաստվել, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ Օրինագծում նշված է, թե բուհերը բյուջեների որ տոկոսը պետք է ուղղեն ուսման վարձերի զեղչմանը։ «Մենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավոր է լինելու ուսանողի վճարած գումարից վերադարձնել ուսանողներին՝ 1 և ավելի երեխա ունեցող մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին և այլն»,- նշել է ԿԳ նախարարը։ Նա նաև խոստացել է օրինագիծը քննարկել երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների հետ, դնել հանրային քննարկման։

Անդրադառնալով վերջին օրերին կրթական թեմաների շուրջ շահարկումներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ որոշ դրսևորումներում քաղաքական ուղղորդումներ կան, և այդ հայտարարությունների հետևում երևում է որոշ մարդկանց ստվերը։ «Միայն առաջին կուրսեցու վրա է տարածվելու թանկացումը, և առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախևառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը։ Ես վստահ եմ, որ ոչ մի գիտակից ուսանող թույլ չի տալու, որ ինչ-որ մեկը ձեռքեր տաքացնի իր ընտանեկան, սոցիալական պրոբլեմների վրա։ Վստահաբար պետությունը, կառավարությունն ավելի լուրջ գործընկեր են այս հարցում, քան ինչ-որ քաղաքական շրջանակներ, որոնք փորձում են միավորներ հավաքել մարդկանց դժվարությունների վրա։ Դա անթույլատրելի է»:

Նախարարը նաև հորդորել է ուսանողներին, որպեսզի բուհերից պահանջեն՝ իրենց վարձավճարներից գոյացած գումարների ծախսման գործընթացը լինի ավելի թափանցիկ ու հրապարակային։

Ա. Աշոտյանը պատասխանել է նաև բազեականների այլ հարցերի, որոնք վերաբերում էին դասագրքերին, ընդունելության քննություններին և այլ ոլորտների։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---