Բաքվի ժանրի ճգնաժամը. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն կարողանում նոր «սարսափներ» հորինել Հայաստանի մասին

Բաքվի ժանրի ճգնաժամը. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն կարողանում նոր «սարսափներ» հորինել Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - Ֆանտազիայի բացակայության պայմաններում ադրբեջանական ԶԼՄ-ները էլ չգիտեն, թե ինչ հորինեն Հայաստանը բացասական տեսակետից ներկայացնելու համար, հատկապես Վլադիմի Պուտինի Բաքու կատարած այցից հետո: Գործի են դրվում արդեն մի քանի տարի շարունակ կրկնվող Մուբարիզ Ահմեդօղլուի կարգի քաղաքագետների «բացահայտումներն» «աղքատ Հայաստանի մասին, որտեղ մարդ չի մնացել», «բանակի կազմալուծման» և այլ սարսափների մասին: Էլ չենք ասում այն մասին, որ ամեն անգամ Հայաստան այցելող ադրբեջանցի լրագրողները ուղղակի պարտավոր են բացառապես սև գույներով նկարագրել երկիրը: Ի տարբերություն Ադրբեջանի, որն այդպես էլ Հեյդար Ալիևի ժամանակների Ադրբեջանական ԽՍՀ մնաց, Հայաստանում չկա ոչ նախագահի անձի պաշտամունք, ոչ այնպիսի կոռուպցիա, ինչպես Ադրբեջանում, և կա ընդդիմություն, որին, ինչպես Բաքվում, թմրանյութերի առկայություն չեն վերագրում ու բանտ չեն նստեցնում միայն այն բանի համար, որ նրանք դեմ են գործող իշխանություններին: Լևոն Տեր-Պետրոսյանի բազմահազարանոց հանրահավաքները 2008թ. և Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքները 2013թ. արդեն իսկ խոսուն են: Ճիշտ է, 2008թ., ցավոք, չհաջողվեց զերծ մնալ արյունահեղությունից: Սակայն դա ոչ մի կերպ չես համեմատի Բաքվում ցույցի մասնակիցներին ցրելու հետ:

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական ճգնաժամին, ապա այն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում: Գուցե Ադրբեջանը և բարգավաճում է, բայց այն մասին, որ հարյուր հազարավոր գյուղացիների կենսամակարդակը աղքատության շեմից ցածր է և նրանք փախչում են երկրից առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչինչ չի ասվում: Այո, Հայաստանից նույնպես բավականին շատ մարդ է մեկնում՝ այդպիսին է կյանքը ողջ հետխորհրդային տարածքում:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, որը գրեթե ճիշտ է արտացոլում թվերը, միջին աշխատավարձը Հայաստանում հուլիսին կազմել է 145 հազար դրամ՝ 360 դոլար այսօրվա կուրսով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 104,4 տոկոս է: Չխորանանք թվերի մեջ, ուղղակի ասենք, որ եթե տվյալները գերազանցված են, ապա աննշան: Այո, Հայաստանը չունի նավթ ու գազ, և դա փառք է: Նավթային ասեղին նստած երկիրը ի վերջո մակաբույծի է վերածվում: Նավթն ու գազը վաղ թե ուշ վերջանում են և այն ժամանակ կործանում է սպասվում: Ադրբեջանական տնտեսության ոչ նավթային հատվածը գրեթե զարգացած չէ, և պարզ չէ, թե ինչ է անելու Բաքուն:

Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրություններին հայկական հանրության շրջանում, որոնք այդքան ուրախացնում են Բաքվին, ապա դա ոչ այլ ինչ է, քան արևմտյան կողմնորոշում ունեցող հատվածի կարծիքը, ի դեպ, ոչ այնքան բազմամարդ: Հիմնական մասը գտնում է և առաջիկայում էլ այդպես է կարծելու, որ Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին թշնամիներից: Մասնավորապես, այդ մասին է ասել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է, ևս այս դեպքում «վտանգավոր» բառը միանգամայն անտեղի է: Ուղղակի Ռուսաստանը ևս պետք է հստակ գնահատի ու հարգի Հայաստանի շահերը, Հայաստանը պետք է գնահատի ու հարգի ՌԴ շահերը: Իսկ անվտանգության առումով ՌԴ և ՀՀ շահերը տարածաշրջանում դեռ երկար ժամանակ նույնական կլինեն, քանի որ խոսքը գնում է փոխադարձ անվտանգության ապահովման մասին»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---