Արցախ այցելած ռուս լրագրողները հավաստիացրել են, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է

Արցախ այցելած ռուս լրագրողները հավաստիացրել են, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ և հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչևային, Պավել Սիգալին և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին: Կարևորելով Հայաստանի ու Ռուսաստանի՝ տարբեր ոլորտներ ներառող միջպետական ամուր հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց այդ կապերի սերտացմանն ու ամրացմանն ուղղված հասարակական ակտիվ շփումները, միմյանց սատարելու ու աջակցելու ջանքերն ու սրտացավ վերաբերմունքը:

Ռուս լրագրողներն ու հասարակական գործիչները հիացմունքով խոսեցին Արցախի հյուրընկալ ժողովրդի տոկունության, համերաշխության, անկախ ու բարեկեցիկ երկրում ապրելու վճռականության մասին՝ միաձայն հաստատելով, որ արցախցուն ամենաբնորոշ հատկանիշներից մեկը խաղաղասիրությունն է: Նրանք հավաստիացրին, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու և իրենք Արցախի հետ մշակութային ու հումանիտար տարբեր ծրագրեր իրականացնելու լուրջ նպատակներ ունեն:

Հյուրերը տեղեկացրին նաև, որ նախորդ օրը այցելել են Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին և որոշել Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նման անմարդկային բարբարոսությունները կանխարգելելու նպատակով իրականացնել ճանաչողական տարբեր միջոցառումներ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց հյուրերին անկեղծ ու անմիջական գնահատականների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար և պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ ծրագրերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---