Անդրեյ Արեշև. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բխում է ՌԴ և ՀՀ շահերից

Անդրեյ Արեշև. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բխում է ՌԴ և ՀՀ շահերից

PanARMENIAN.Net - Մաքսային միության հետ Հայաստանի հետագա մերձեցման մասին որոշումը, որի մասին հայտարարվեց Ռուսաստանի և Հայաստանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպմանը, բխում է երկու պետությունների երկարաժամկետ շահերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, դիրքորոշումների փոխադարձ համաձայնեցման կոնկրետ ժամկետների մասին դեռ բավականին բարդ է խոսել, սակայն քաղաքական որոշումը կայացվել է, ինչն, անկասկած, կարևոր է:

«Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքական կուրսը ենթադրում է փոխգործակցության տարբեր ուղղությունների փոխադարձ լրացում «և-և« սկզբունքով, սակայն, նման մոտեցումը ի սկզբանե հարուցում էր Երևանի եվրոպական գործընկերների և ընդհանրապես ներկայիս այսպես կոչված «եվրաինտեգրումը» որպես երկրի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ու հայ-ռուսական հարաբերությունների խարխլման լծակ օգտագործելու միտում ունեցող ուժերի առարկությունները»,-ասել է Արեշևը: Նա հիշեցրել է, որ Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, այն դեպքում, երբ Եվրամիությունը ավելի շատ սահմանափակվում է բարոյական քարոզներով ու նոր սոցիալական արժեքներ ներդնելու փորձերով, ինչը հայ հանրության համար հազիվ թե կարող է գրավիչ լինել: «Չմոռանանք Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին ՀԱՊԿ շրջանակներում, ռուսական շուկայի մասին, որն ավանդական է հայկական գյուղմթերքի համար, արտագնա աշխատանքի ՌԴ մեկնած հայերի դրամական փոխանցումների մասին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում տնտեսական համագործակցության ոլորտում ծագող հարցերը շատ արագ կարող են լուծվել: Թեև, հազիվ թե արևմտամետ շրջանակները Երևանում խուճապի մատնվելու ծանրակշիռ պատճառներ ունեն՝ Հայաստանի հարաբերություններին ԵՄ երկրների հետ (օրինակ, հայկական լեռնահանքային հումքի արտահանմանը եվրոպական շուկա) ոչինչ չի սպառնում»,- ասաց ռուս փորձագետը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---