49  17.09.13 - Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օծման արարողությունը

Գարեգին Բ. Համալիրի բացումն ամրապնդում է հայ ու ռուս ժողովուրդների բարեկամությունը

Գարեգին Բ. Համալիրի բացումն ամրապնդում է հայ ու ռուս ժողովուրդների բարեկամությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացավ Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանն իր օրհնությունն էր բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, ՌԴ կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Ինչպես օծման արարողության ընթացքում նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը, համալիրի բացումն ամրապնդում է հայ ու ռուս ազգերի բարեկամությունը: Գարեգին Բ-ի խոսքով, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին «կբազմապատկի այդ երկրի օրհնությունն ու երկնքից ուղարկվող պարգևները»:

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ու Մոսկվայի իշխանություններին հայ եկեղեցու կյանքին աջակցելու համար, ինչպես նաև շինարարներին, քանդակագործներին ու գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանին: Կաթողիկոսը նշել է, որ տաճարի հարթաքանդակները այցելուներին «կծանոթացնեն հիշատակման արժանի հայոց պատմության դրվագներին, հայրենիքի ու հավատքի համար պայքարի էջերին»:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու առաջնորդ Եզրաս Ներսիսյանին Ամենայն հայոց կաթողիկոսն արքեպիսկոպոսի կոչում է շնորհել, հայտնում է RIA Novosti-ն:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո կազմակերպիչները, բարերարներն ու հյուրերը եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել են «Հայերը Մոսկվայում» և «Պատմական ուղին» խորագրերով ցուցահանդեսները, որոնք կազմակերպել էին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունն ու Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը նպատակն է նպաստել հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալումն ու բարձրացումը:

ՀՀ նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

Մոսկվայի կենտրոնում կառուցված հայկական եկեղեցական համալիրի շին.աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006-ին: Այն ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու հայերեն գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով ներկայացնում է Հայոց պատմությունը` գրերի գյուտը, քրիստոնեության ընդունումը, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքարը, ոսկե դարը և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Հղումներ թեմայով.
24  17.09.13 - «Հայերը Մոսկվայում» և «Պատմական ուղի» ցուցահանդեսների բացումը
8  17.09.13 - Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի. Հյուրերի ժամանում
12  17.09.13 - Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---