Բրեդ Շերման. «Որբի գորգը» պետք է մշտապես ցուցադրվի Սմիթսոնի թանգարանում

Բրեդ Շերման. «Որբի գորգը» պետք է մշտապես ցուցադրվի Սմիթսոնի թանգարանում

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնին հասցեագրված նամակում քննադատել է Սմիթսոնի ինստիտուտում «որբի գորգի» ցուցադրությունն արգելելու մասինՍպիտակ տան որոշումը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականի նամակում ցուցադրության արգելքն «անբացատրելի քայլ» է:

«Դա եզակի գործ է, այն չպետք է մնա պահոցում, այլ պետք է մշտական ցուցադրության դրվի Սմիթսոնի ինստիտուտում և հիշեցնի մեզ անցյալի մասին: Մենք պետք է ճանաչենք և ուսումնասիրենք մարդկայնության դեմ ողբերգական հանցագործությունները, իսկ որբերի գորգերի ցուցահանդեսն այն բանի երաշխիքը կլինի, որ հանցագործությունները երբեք չեն կրկնվի: Կոչ եմ անում Սպիտակ տանը փոխել որոշումն ու հանձնել «որբի գորգը» Սմիթսոնի թանգարանին»,-ասել է Բրեդ Շերմանը:

«Մենք միանում ենք Կալիֆորնիայի հայ համայնքին և շնորհակալ ենք կոնգրեսական Շերմանին նրա սկզբունքային դիրքորոշման համար հայ որբերի գորգի ցուցադրության հարցի լուծումը գտնելու փորձերում: Դա ընդհանուր հայկական և ամերիկյան ժառանգության խորհրդանիշն է»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված«Հայ որբերի գործած գորգերը» ցուցադրությունը, որոնք մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին գործել են «որբի գորգը»:

Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը: Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---