Turkiye. Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը

Turkiye. Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Ինչպես գրում է Turkiye-ն, Անկարան մտադիր է ականազերծել Հայաստանի հետ սահմանի 11,6 մլն քմ-ից՝ 4 մլն քմ-ը: Դրա համար հարկավոր է 52,4 մլն եվրո: Գումարի 75 տոկոսը կհատկացնի ԵՄ-ն, 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախագծի շրջանակում նախատեսվում է նոր տեխնիկայով հագեցնել սահմանապահ ուղեկալները:

Ինչպես նախօրեին գրել է թուրքական Sabah թերթը, «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդօղլուի խոսքերը, որ կան որոշ կրեատիվ գաղափարներ ու մտքեր, որոնք Թուրքիան կցանկանար զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, նոր իմաստ են ստանում»:

«Դավութօղլուի ԱՄՆ կատարած այցի արդյունքում, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումների արդյունքում պաշտոնական Անկարան նախապատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը»,- գրել է թերթը:

Նշվում է նաև, որ, մասնավորապես, պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,- գրել էր թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջանից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որը, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելությանը հոկտեմբերի կեսին Դավութօղլուն հայտարարել էր Շվեյցարիայի պաշտոնյաներին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

Թուրք նախարարը հասկացրել էր, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,- ամփոփում է թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

Հայ-թուրքական սահմանի երկարությունը 280 կմ է: Թուրքիան այն փակեց 1993 թվականին՝ սատարելով Ադրբեջանին: Այժմ սահմանն ըստ ՌԴ հետ պայմանագրի պահպանում են հայ և ռուս սահմանապահները: Վերջին միջադեպը սահմանին տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամռանը, երբ սահմանին ոչնչացվեց թուրք սահմանախախտը: Թուրքերը պնդում են, որ սահմանախախտը հովիվ էր և հատել էր սահմանը, ոչխարներին որոնելիս: Թուրքական կողմը խոստովանում է, որ նա սահմանն ապօրինի է անցել, սակայն պնդում է, որ վերջինս անզեն էր:

Ռուսական սահմանապահ ծառայությունը նշում է, որ հետաքննություն է ընթանում՝ պնդելով, որ սահմանախախտը կրակել է սահմանապահների ուղղությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---