ՊԲ վերջին հաշվարկները. Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 000 կրակոց

ՊԲ վերջին հաշվարկները. Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 000 կրակոց

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները, իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում՝ դժվար չէ կռահել:

Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994-ի մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրներն ամենատարբեր մակարդակով հայտարարել են, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակլ են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 24-ին մամուլի ասուլիսում ասել էր, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում, չնայած, ինչպես «վտանգ միշտ էլ կա»: Ապա հավելել, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է սահամաններում ու շփման գծում որոշակի իրադարձություններով, ինչպես նաև քաղաքական բանակացային հանդիպումներով, սակայն իրադրությունը վերահսկելի է: Նախարարը նշել էր նաև, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են, պետք է պատրաստ լինենք, դրանց համարժեք պատասխան է տրվելու:

Հունվարի 24-ին Հայաստանի սոցապ նախարարություն այցելությանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին: Նա նշել էր, որ չի կարող բացառել, որ ռազմական գործողություններ չեն լինի, «որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել, չնայած տեսանելի ապագայում նման բան չի տեսնում: Նա նշել էր նաև, որ եթե պարտադրեն, ստիպված ենք լինելու կռվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---