Հերթը 77-ամյա գերեվարված ծերունունն է․ Ադրբեջանական ANS-ում հայտնվել է հերթական «հարցազրույցը»

Հերթը 77-ամյա գերեվարված ծերունունն է․ Ադրբեջանական ANS-ում հայտնվել է հերթական «հարցազրույցը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանը հատած հայ ծերունու «հարցազրույցն» ադրբեջանական հեռուստատեսությամբ իրեն երկար սպասել չտվեց։ Ինչպես գերեվարվելուց մի քանի օր անց 2013-ի օգոստոսին Հակոբ Ինջիղուլյանը հատնվեց ադրբեջանական ANS-ի տաղավարում, այնպես էլ հիմա հերթը Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանինն է։ Անհետանալուց երկու օր անց նա հայտնվեց կոտրված ձեռքով, որը, ինչպես ինքն է պատմում, իբր սահմանն անցնելուց է կոտրել։ Նկատենք, որ ավելի վաղ համացանցում հայտնված լուսանկարում ձեռքը կոտրվածի տեսք չուներ։

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա:

Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով, բանակցությունները սկսվել են, բայց արդյունքներ դեռ չկան:

Այսպիսով, ANS-ի «հարցազրույցում» «քեզ ստեղ ոնց են նայում» հարցին ծերունին «պատասխանում է»՝ «լավ են նայում, ձեռքս կոտրվել էր, բայց արդեն լավանում է»։ Հեռուստաալիքն ասում է, իբր, Խոջոյանն իր մասին «անհասկանալի տեղեկություններ է տալիս, մեկ ներկայանալով երկրի անվտանգության մարմինների աշխատակից, մեկ՝ ալկոհոլ պատրաստող խաղողագործ։ Այժմ գերին բուժվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում»։

Մինչ այդ, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հունվարի 29-ին այցելել էին նրա հարազատ Վերին Կարմիրաղբյուրը, գրում է «Այսօր»-ը։ Գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով, ԿԽՄԿ ներկաացուցիչները որոշ տեղեկություններ էին ճշտում Խոջոյանի մասին, խոստացել էին արդեն այսօր հարցում ուղարկել Բաքվի իրենց գործընկերներին։

Գյուղապետն ասել է նաև, որ Խոջոյանի թոռներից մեկը Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով նամակ է փոխանցել պապին, նրանք էլ նշել են, որ երբ Բաքվի ներկայացուցիչները հանդիպեն Խոջոյանին՝ նամակն անպայման կփոխանցվեն: Բացի այդ ԿԽՄԿ-ից ասել են նաև, որ եղել են նախադեպեր, երբ նման հիվանդություն ունեցող մարդկանց հարցը բավականին արագ է լուծվել: Երկու նման «հարցազրույց» էլ ժամանակին գերեվարվելուց մի քան օր անց նույն ալիքին տվել էր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը, ով ևս նշել էր, որ «իրեն լավ են նայում, ոչ մի բանի կարիք չունի, ինչպես նաև որ հայրենիք վերադառնալ չի ցանկանում»։ Այնուհետև տեղեկություններ էին տարածվել, իբր Ինջիղուլյանը երրորդ երկիր տեղափոխվելու մասին ցանկություն է հայտնել, որոնք այդպես էլ պաշտոնապես չէին հաստատվել։

ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ընթացքում նշել էր, որ Ինջիղուլյանի առաջին «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրին, որի նպատակն էր կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը:

Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական, չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում ու նրան ստիպում են հանդես գալ հակասական հայտարարություններով, հիմա էլ նույնը կրկնվում է 77-ամյա ծերունու դեպքում, ով, բացի այդ ամենից նաև առողջական խնդիրներ ունի: Մնում է սպասել՝ երբ կհրապարակվի «ամբողջական հարցազրույցը», որտեղ ծերունին, հավանաբար, ևս կպատմի, թե ինչպես էին իրեն «նեղում հայրենիքում, ու թե ինչքան լավ է իրեն զգում հարևան երկրում»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---