Սարգսյան-Ալիև նոր հանդիպման վերաբերյալ համաձայնություն կա (թարմացված)

Սարգսյան-Ալիև նոր հանդիպման վերաբերյալ համաձայնություն կա (թարմացված)

PanARMENIAN.Net - Նախօրեին՝ մարտի 23-ին, աշխատանքային այցով Հաագայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ԱՄՆ ներկայացնող Ջեյմս Ուորլիքի, ֆրանսիացի Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում և հետագա քայլերը: Հաագայում անցնում է միջուկային անվտանգության երրորդ գագաթաժողովը, որին մասնակցում է 5 000 պատվիրակ, այդ թվում աշխարհի երկրների 58 ղեկավարներ:

Արդեն այսօր՝ մարտի 24-ին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Ժամկետները կհստակեցվեն»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ նա գրել էր, որ Նիդերլանդներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: «Դրական հանդիպում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Աշխատում ենք միասին, հաստատուն խաղաղությունը հնարավոր է», - Twitter-ու գրել է ամերիկացի համանախագահը:

Նա ևս մեկ գրառում էր կատարել. «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»: Ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել, որ Հաագայում կարող են հանդիպել նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Համանախագահները մի շարք հանդիպումներ են ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես ասվում է հանդիպման ավարտին տարածված հաղորդագրության մեջ, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել են աշխատանքը 2013 թ. նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատեցին պատրաստակամությունը լուծելու գոյություն ունեցող հարցերն ու գործընթացն առաջ մղելու:

Միջնորդները նաև նշեցին, որ հարկավոր է շարունակել համագործակցությունն ու խաղաղ բանակցությունները բարձր մակարդակով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան ապրիլին:

Ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բարձր է գնահատել Մոսկվայում կայացած բանակցությունները: «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կրկին միասին կաշխատեն խաղաղության հասնելու համար», -գրել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---