Հեղափոխական հայտարարության համար Ուորլիքին Ադրբեջանում հավանաբար «նզովքի» ենթարկեն

Հեղափոխական հայտարարության համար Ուորլիքին Ադրբեջանում հավանաբար «նզովքի» ենթարկեն

PanARMENIAN.Net - Հավանաբար, առաջիկայում Ադրբեջանի ցասումը կթափվի ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գլխին Twitter-ի միկրոբլոգում արված գրառման համար:

«Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար», գրել է ամերիկացի համանախագահը:

Այդպիսով, Ուորլիքն իր գրառումով Ղարաբաղը ճանաչեց հակամարտության կողմ, ինչին այդքան երկար ցանկանում էր հասնել հայկական կողմը: Ինչպես հայտնի է, դիվանագետները երբեք չեն գործում առանց «վերևների» հավանության: Դեռևս վաղ է ենթադրություններ անել այդ գրառման պատճառների ու հետևանքների մասին, սակայն փաստը մնում է փաստ: Ուորլիքը դարձավ ԵԱՀԿ ՄԽ առաջին գործող համանախագահը, որը հանդես եկավ նման հայտարարությամբ:

Հայկական կողմը չի դադարում կրկնել, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է ու պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ, որտեղից «հեռացվեց» Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Հակամարտությունը հենց Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև է, իսկ Հայաստանն, ինչպես և ասվել է ի սկզբանե, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

Հարկ է նշել նաև, որ 1994 թվականի մայիսի 12-ի Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են երեք կողմերը՝ Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը, ընդ որում ադրբեջանական կողմը շտապեց առաջինը ստորագրել այն:

1994 թվականի մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ Դաշնային ժողովի և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի արդյունքում Ադրբեջանի միլի մեջլիսի , Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը 1994 թվականի մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Համաձայնագիրն անժամկետ հրադադարի մասին, որը նույն օրը Բաքվում Ադրբեջանի անունից ստորագրեց պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը 1994 թվականի մայիսի 10-ին Համաձայնագիրը Երևանում Հայաստանից ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ի 12:00-ին:

Վերադառնալով Ուորլիքին: Բաքվում արդեն բազմիցս են նրան մեղադրել «հայամետ դիրքորոշման» համար նրա մի շարք անաչառ հայտարարությունների համար: Տարօրինակ է, որ այս անգամ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին նրա գրառումից 15 ժամ անց, ադրբեջանական կողմը լռում է, չարձագանքելով ոչ ԶԼՄ-ների մակարդակով, ոչ էլ ավելի բարձր մակարդակով: Հավանաբար, «մարսում» են կամ չեն հավատում աչքերին:

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մի քանի ժամից կամ օրից Ուորլիքի հասցեին կտեղա վրդովմունքի տարափը, ընդհուպ մինչև համանախագահի պաշտոնից նրան զրկելու պահանջը: Բայց, ինչպես արդեն ասվել է, հաշվի առնելով, որ դիվանագետներն իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում են «վերադասի հետ», կարելի է ակնկալել, որ նույնիսկ փոփոխության դեպքում ԱՄՆ կողմից առավել անաչառ մոտեցումը Ղարաբաղի հարցում կպահպանվի:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---