Նախագահը Քեսաբի դեպքերի մասին․ Լրջագույն մարտահրավեր է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմներին

Նախագահը Քեսաբի դեպքերի մասին․ Լրջագույն մարտահրավեր է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 24-ին, Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն է արել։ Նախագահն իր մտահոգությունն է հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ:

«Բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մարտի 21-ի առավոտյան սիրիացի ապստամբներն անցել են թուրք-սիրիական սահմանն ու հարձակվել Քեսաբի և մյուս հայաբնակ գյուղերի վրա: Նրանք պղծել են Քեսաբի եկեղեցին, կողոպտել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայի կողմից, նրանց աջակցում են թուրք զինվորականները:

Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք սիրիական Քեսաբից ապաստան է գտել Լաթակիայում, իսկ մի քանի մարդկանց ճակատագիրն անհայտ է:

Հանրապետության ղեկավարը հիշեցրել է, որ «առաջին ծանր պատուհասը» Քեսաբի շրջանի համար դեռևս 1909-ին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին այնտեղ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա, մոտ մեկ տարի այնտեղ մնալուց հետո գաղթականները վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915-ը, երբ տեղի բնակչությունը Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության նախագահը խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Լիբանանում Սիրիայի դեսպանն այցելել էր Արամ Ա-ին Անթիլիասում՝ նրան հանձնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը, որտեղ ասվում էր, որ խաղաղությունը Քեսաբում կվերահաստատվի: Վնասը գնահատելու և իրենց աջակցությունը հայտնելու համար Անթիլիասից Լաթակիա էին ժամանել մի խումբ եկեղեցականներ:

Մարտի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր հաղորդագրությունը, որ թուրք զինվորականները Քեսաբում սիրիական կործանիչ են խփել: Անկարայում պնդում են, որ սիրիական ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Ռեակտիվ կործանիչը ոչնչացվել է Քեսաբում: Ըստ Անկարայի, այն կրակի է մատնվել թուրքական սահմանը հատելուց հետո:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

Ավելի վաղ՝ ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ դիմելով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին, հետաքրքրվել է՝ արդյո՞ք չի պատրաստվում ԱԺ նախագահը նախաձեռնել հատուկ քննարկում կամ որոշ գործողություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ ռազմական հարձակման է ենթարկվում սիրիական Քեսաբ ավանը, որը, հայտնի հայաբնակ ավան է.

«Այսպիսով սկսում ենք կորցնել ամենահին հայ համայնքներից մեկը: Եվ եթե 1915-ին չկար Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա կա, և առաջարկում եմ այս քառօրյան օգտագործենք համատեղ ինչ-որ գործողություն-հայտարարություն մշակելու, քանի որ մեր հայրենակիցների վիճակն այնտեղ իսկապես շատ դժվար է»,- հայտարարել է պատգամավորը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասել է, որ մտահոգված է Քեսաբի իրադարձություններով, բայց գործողությունների ծրագրի մասին խոսելը, ըստ Աբրահամյանի, ավելորդ է. «Ավելի ճիշտ կլինի, որ Ազգային ժողով հրավիրենք արտգործնախարարին կամ ԱԳՆ պատասխանատուին, ով կփորձի ներկայացնել, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: Իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին, բայց իմ կարծիքով, դա ավելի խորը խնդիր է»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ ասել էր, որ Քեսաբի տեղահանված հայերի հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, ու այժմ փորձում են ուղիներ գտնել` տեղահանված հայերին հնարավորինս օժանդակելու համար։ Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Քեսաբի հայերը տեղափոխվեն Հայաստան, Բալայանը պատասխանել էր, որ նման դեպքերի համար ԱԳՆ-ն սիրիահայերին ընդունելու, քաղաքացիություն և մուտքի արտոնագիր տրամադրելու համար հատուկ ընթացակարգ ունի:

Իսկ մինչև այդ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր), Արման Սահակյանը (ՀՀԿ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն»), Արթուր Գևորգյանը (ՀՀԿ), Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Լևոն Մարիտիրոսյանը (ՀՀԿ) հայտարարություն են տարածել, որտեղ սիրիական ու թուրքական իշխանություններին կոչ են անում Քեսաբի իրադարձությունների անաչառ հետաքննություն անցկացնել, իսկ միջազգային հանրությունից պահանջում միանշանակ գնահատական տալ «մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսապի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»:

«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է նրանց տարածած հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---