The Independent. Հայերի հոլոքոսթի մասին փաստերը նույնքան իրական են, որքան հրեաներինը

The Independent. Հայերի հոլոքոսթի մասին փաստերը նույնքան իրական են, որքան հրեաներինը

PanARMENIAN.Net - «Նա մեծ պատերազմի զավակ է, որ ծնվել է զանգվածային սպանությունների հեռավոր տարիներին, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Նա նախորդ դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից մեկն է: Այդ կինը նստած է մեր առաջ հաշմանդամի անվասայլակում, ժպտում է մեզ, խոսում Հիսուսի և հայ երեխաների մասին, որոնց ոստիկանները մտրակում էին: Նա տեսել է այդ ամենը սեփական տան դռան ճեղքից: Ամեն օր չես հանդիպի մարդկային պատմության նման վկայի: Ավաղ, նրա նման վերջին մարդիկ շուտով կհեռանան կյանքից»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը իր հոդվածում, որը վերնագրել է. «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին այդ սարսափներն ապրած կինը պատմում է, որ մինչ օրս լսում է երեխաների ճիչերը»:

Ինչպես պատմում է Ֆիսկը, այժմ Եվգինե Սալիբյանն ապրում է ծերանոցում, սակայն նա հիանալի հիշողություն ունի, ինչպես նաև մի սարսափելի սպի ոտքի վրա, որը նա ցույց է տալիս առանց քաշվելու: Դա ձիու սանձերի հետքն է, որոնց վրա նա կախված է եղել ձորի վրա՝ հազիվ փրկվելով արյան կորստից մահանալու վտանգից: Դա տեղի ունեցավ հայրենի Հայաստանից փախչելու ժամանակ: «Հաշշշ, հաշշշ,-ասում է նա:-Այդպիսի ձայն էր գալիս, երբ արնաքամ էի լինում: Ես մինչ օրս հիշում եմ այդ ձայնը. հաշշշ, հաշշշ»:

«Հայերի հոլոքոսթի մասին փաստերը նույնքան ակնհայտ ու իրական են, որքան ավելի ուշ տեղի ունեցած հրեաների հոլոքոսթի մասին: Բայց այդ մասին պետք է մշտապես խոսել, քանի որ թուրքական կառավարությունը նախկինի պես ժխտում է հայերի հոլոքոսթը, որը գրեթե 100 տարի առաջ 1,5 քրիստոնյա հայերի կյանք խլեց: Հայերին տասնյակ հազարներով էին սպանում՝ կացնահարում, կոտորում դանակներով ու գնդակահարում: Կանանց ու երեխաներին անապատ էին քշում՝ հյուսիսային Սիրիայի անապատը, որտեղ նրանք սովամահ էին լինում, բռնաբարվում ու գազանաբար սպանվում: Թուրքերը նույնիսկ պարզունակ գազի խցիկներ են օգտագործել՝ այդ դասը հետագայում սերտեցին գերմանացիները: Շատ շուտով աշխարհում արդեն չեն լինի Եվգինեի նման մարդիկ, որոնք կպատմեն իրենց կյանքի պատմությունը:

Նա ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին Այնթապում, առևտրական Ապոշյանի ընտանիքում: Այդ մարդն իր հինգ երեխաների հմար Հիսուսի պատմությունն է ընթերցել մեծ Աստվածաշունչը դնելով ծնկներին և գորգի վրա շուրջը հավաքելով երեխաներին: Նրանց ընտանիքը, ինչպես և բազում հայերի, միջին դասին էր պատկանում: Հայրը թուրք ընկերներ ուներ, և թեև Եվգինեն այդ մասին չի ասում, հավանաբար, նա առևտուր է արել նաև օսմանյան բանակի հետ: Հավանաբար, հենց դա է փրկել նրանց կյանքը: Երբ սկսվեց առաջին բռնագաղթը, Ապոշյաններին ձեռք չտվեցին: Իսկ ցեղասպանությունը տևեց մինչև այդ պատերազմի գրեթե վերջին ամիսները՝ սկսվելով Գալիպոլիի թերակղզում դաշնակիցների հայտնվելուն պես: 1917 թվականին թուրքերը շարունակում էին հայաթափել Այնթապը՝ սպանելով ու արտաքսելով հայերին: Հենց այն ժամանակ էր, որ երեքամյա Եվգինեն մոտեցավ իր տան շեմին ու լաց, կոծ և աղաղակներ լսեց:

«Դա հին փայտե դուռ էր, որը ճեղքեր ուներ, ես նայում էի այդ ճեղքերից,-հիշում է կինը:-Դրսում բազում ոտաբոբիկ երեխաներ կային, իսկ թուրք ոստիկանները նրանց մտրակելով քշում էին փողոցով: Ոմանք ծնողների հետ էին: Մեզ արգելված էր նրանց կերակուր փոխանցել: Թուրք ոստիկանները ծեծում էին երեխաներին մտրակներով ու մեծ փայտերով: Աղաղակող ու մղկտացող երեխաներ՝ ես մինչ օրս լսում եմ այդ ճիչերը, ինչպես այն ժամանակ, երբ նայում էի դռան ճեղքից»,-ասվում է հոդվածում:

Սալիբյանը պատմում է, որ նրա ընտանիքը երկու սայլերի վրա էր տեղավորվել: «Ես տեղս փոխեցի մի ծեր կնոջ հետ: Գիշեր էր, մենք գնում էինք ձորի եզրով, մեր ձիերը վախեցան, խրտնեցին, սայլը շրջվեց և ծեր կինը մահացավ երկաթե կտորի հարվածից: Ես կամրջից վայր ընկա և փրկվեցի միայն ձիու սանձերի շնորհիվ, որոնց մեջ ոտքս էր խճճվել: Ինձ փրկեց Հիսուսը: Ես կախված էի այդպես, և արնաքամ էի լինում, արյունը հոսում էր՝ հաշշ, հաշշ»: Եվգինեն ցույց է տալիս ոտքի սարսափելի սպին՝ խորը, մխրճված մկանների մեջ: Աղջնակը երկու օր անգիտակից է եղել, իսկ հետո երկար ապաքինման ճանապարհ է անցել սկզբում Հալեպում, հետո Դամասկոսում, և վերջապես Բեյրութի ապաստարանում:

Նա պատմում է, որ ամբողջ կյանքը նվիրել է Աստծուն ու ամուսնուն, ևս մեկ ողբերգություն ապրելով 1953 թվականին, երբ նրա որդիներից մեկը վթարից զոհվեց Լիբանանում: Նա երջանիկ է այժմ հայ տարեցների լուսավոր այս տանը: «Լավ չէ հարազատներից հեռու ապրել, բայց ինձ դուր է գալիս այս վայրը: Այստեղ ես մեծ ընտանիք ունեմ»: Եվգինեն ասում է, որ սիրում է Ամերիկան: Նրա ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց 1976 թվականին, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: «Սա ազատ երկիր է: Մարդիկ բոլոր երկրներից են Ամերիկա գալիս: Բայց ինչո՞ւ է մեր նախագահը մահմեդական»:

«Ես փորձում եմ վստահեցնել նրան, որ դա այդպես չէ: Եվգինեն ամեն օր կարդում է Նոր կտակարանը և մշատպես խոսում է Հիսուսի հանդեպ սիրո մասին: Ինձ թվում է, որ այդ ծեր կինը մեռնելու է ժպտալով: Ես հարցնում եմ նրան, թե ինչ զգացմունքներ ունի թուրքերի հանդեպ, որոնք փորձել են բնաջնջել հայերին: Նա անմիջապես է պատասխանում: «Ես աղոթում եմ Թուրքիայի համար: Ես աղոթում եմ թուրք ղեկավարների համար, որպեսզի նրանք կարողանան տեսնել Հիսուսին: Մուհամեդ մարգարեից միայն աճյունն է մնացել: Իսկ Հիսուսն ողջ է, նա երկնքում է»:

Ինձ ապշեցնում են նրա խոսքերը, բայց ես հանկարծ հասկանում եմ, որ 100-ամյա զառամյալ կնոջ ձայնը չեմ լսում: Ես լսում եմ 3-ամյա հայ աղջնակի ձայնը, որի հայրը Այնթապի իր տանը, գորգին նստած Աստվածաշունչ է կարդում երեխաներին: Այդ աղջնակը նայում է դռան ճեղքից ու տեսնում է, թե ինչպես են հալածում իր ժողովրդին», -գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Ռոբերտ Ֆիսկը բրիտանացի լրագրող է, The Independent-ի սեփական թղթակիցը Մերձավոր Արևելքում: 25 տարի ապրելով Բեյրութում՝ Ֆիսկը շատ է գրում Հայոց ցեղասպանության և պաղեստինա-իսրայելյան հակամարտության մասին: ֆիսկը նաև եղել է Երևանում, որտեղ դասախոսություններ է կարդացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:

Ըստ The New York Times-ի, «Ռոբերտ Ֆիսկը հավանաբար Մեծ Բրիտանիայի արտասահմանյան կյանքը լուսաբանող ամենահայտնի թղթակիցն է. նրա աշխատանքային ստաժն արտերկրում ավելի քան 30 տարի է»: 70-ականներին նա լուսաբանել է Բելֆաստի իրադարձությունները, 1975-90-ականներին՝ քաղաքացիական պատերազմը Լիբանանում, 1979 թ. Իրանի հեղափոխությունը, 1990-1991 թթ. Իրանա-իրաքյան պատերազմը, 1991 թ. Պարիսից ծոցի պատերազմը, ներխուժումն Իրաք 2003 թ.: Ֆիսկն ազատ տիրապետում է արաբերենին, նա երեք անգամ հարցազրույց է վերցրել Ուսամա բեն Լադենից: Նա 7 անգամ արժանացել է Մեծ Բրիտանիայի լավագույն միջազգային թղթակցի տիտղոսին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---