Նախագահի ելույթը․ Թուրքիայի «փաստաբան» Ալիևը, ՀՀ-ԵՄ գործակցությունն ու ասոցացման համաձայնագիրը

Նախագահի ելույթը․ Թուրքիայի «փաստաբան» Ալիևը, ՀՀ-ԵՄ գործակցությունն ու ասոցացման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով երեկվանից Չեխիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 25-ին, մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ նիստին, որտեղ նույնպես ելույթ է ունեցել: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ, տեղեկացնում են նախագահի աշխաըակազմի մամուլի ծառայությունից:

«Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Սերժ Սարգսյանը ցավով փաստել է, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Նա նշել է, որ երբեմն ոչ միայն չենք գործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, «այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն»:

«Ասվածի վառ ապացույցն Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմներից, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից»,- նշել է ՀՀ նախագահը` հավելելով, որ խաղաղության և բարեկեցության համար առաջնայինը Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին իր ելույթում անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքերին, նշել է․ «Օգտվելով միջոցառմանը Թուրքիայի բացակայությունից, Հայաստանի նախագահը հարձակվում է այդ երկրի վրա: Բայց ես այստեղ եմ և կարող եմ պատասխանել, թե ինչու է փակ Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այն փակվեց 1993-ին Ադրբեջանի Քելբաջարի շրջանի բռնազավթումից հետո»,- ասել է Ալիևը, գրում է ադրբեջանական APA-ն։

Մինչև այդ իր ելույթում Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը.

«Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- նշել էր հանրապետության ղեկավարը: Արդեն իր այսօրվա ելույթում նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:

«Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև անցած հինգ տարիներին Հայաստանի ու Եվրամիության համատեղ ծավալուն աշխատանքի մասին։ Ըստ նրա, ամրապնդվել է քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր են գործադրվում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, ներդրել է նաև վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։

Հայաստանի խորհրդարանը 2013-ի նոյեմբերի 11-ին վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կարող են ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և այլք:

Թոշակառուների, մինչև 12 տարեկան երեխաների ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար վիզան անվճար է, մյուսները վճարում են զգալի զեղչերով:

ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում անցնող Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության խորհրդի 13-րդ նիստին։

Նախագահ Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ ընդլայնելով ոլորտային գործակցության շրջանակը։

«Հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս՝ համատեղելի կլինի գործակցության մյուս ձևաչափերի հետ:

Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»։

Հայաստանի ղեկավարի համոզմամբ, ճիշտ ուղի է ընտրված, քանի որ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ՝ «դա ընդամենը գործիք է»։ «Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե գործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր գործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։

Անկեղծ հավատում ենք, որ միայն գործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ և բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը»:

2013-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների գագաթնաժողովում Հայաստանը պետք է ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ՀՀ մտադրության մասին:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց Եվրոպայի հետ բանակցությունները, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

ՀՀ ղեկավարությունը հայտարարեց, որ Երևանը միտված է խորացնելու ԵՄ հետ գործակցությունն այն մասով, որքանով դա չի հակասի ՄՄ-ին անդամակցությանը:

Եզրափակելով, Սերժ Սարգսյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես՝ հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. «երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով»։

«Կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային գործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով»,- նշել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---