ԵԽԽՎ-ն ընդունել է հայ պատվիրակների՝ Ադրբեջանին քննադատող հայտարարությունը

ԵԽԽՎ-ն ընդունել է հայ պատվիրակների՝ Ադրբեջանին քննադատող հայտարարությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում ընդունվեց հայկական պատվիրակության նախաձեռնած գրավոր հայտարարությունը, որտեղ նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։

Հայտարարության տակ ստորագրած պատգամավորներն իրենց խիստ մտահոգությունն են հայտնում Ադրբեջանի կողմից՝ իր պարտականությունների և պարտավորությունների համառորեն չկատարման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների և բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին և անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները և քաղաքացիական հասարակության խիստ հետապնդումները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողողը պետք է հրատապ գործողություններ ձեռնարկի և օգտագործի իր ամբողջ կարողությունները։

Վեհաժողովը, որն Ադրբեջանին արդեն իսկ կոչ է արել իրականացնել իր պարտականությունները և հարգել ԵԽ արժեքները, ցավ է հայտնում, որ որևէ առաջընթաց չկա։ Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ իրավիճակն ավելի է վատթարացել:

«Հետևաբար, մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգել մամուլի և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև խոսքի ազատությունը, ԵԽ չափանիշներին համապատասխանեցնել օրենսդրությունը՝ մասնավորապես զրպարտության, ՀԿ-ների, հավաքների մասին օրենքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքները և Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցների հիման վրա արված առաջարկությունները»,-ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը:

Մինչդեռ, «Թղթակիցներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության մի խումբ անդամներ և քաղաքական վտարանդիներ Ադրբեջանից բողոքի համատեղ ակցիա են անցկացրել հունիսի 24-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց:

Մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին ու բլոգերներին: Բուն ակցիան անցնում էր այն պահին, երբ ԵԽԽՎ նիստում ելույթ էր ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ ձերբակալված լրագրողների պատկերներով, նրանց ազատելու վերաբերյալ կարգախոսներ էին վանկարկում: Նրանք նաև պահանջում էին ԵԽԽՎ պատգամավորներից պահանջել Բաքվից ազատ արձակել ԶԼՄ-ների աշխատակիցներին, հայտնում է Haqqin.az-ը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, ՀՀ խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 24-ին Մամուլում և մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով նիստում հանդես է եկել ելույթով: Վերջինս փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ` կոչ անելով ԵԽԽՎ-ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:

Ելույթում պատգամավորը մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին և սա ողջունելի է: Այո, բռնությունը մամուլում և մամուլի միջոցով այսօր բավականին ակտուալ խնդիր է ԵԽ անդամ երկրներում, և մենք չենք կարող ձևացնել, թե անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Եվ զեկուցողը իրավացի է, որ վերջին տասնամյակում ԶԼՄ-ների դաշտը էականորեն փոխվել է ինտերնետի և առցանց լրատվամիջոցների հսկայական աճի շնորհիվ: Սակայն, դրան զուգահեռ աճել են նաև նեգատիվ երևույթների ռիսկերը, որոնց թվում բռնության քարոզն է մամուլում և մամուլի միջոցով: Որպես կանխարգելիչ միջոց զեկուցողը տեսնում է անդամ պետությունների կողմից հստակ և համակարգված պայքարը բռնության քարոզի դեմ:

Սակայն ի՞նչ անել այն դեպքերում, երբ ԵԽ անդամ պետությունն ինքն է հենց բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչը: Ավելին, դատապարտվում և բանտեր են նետվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր համարձակվում են պայքարել բռնության ու ռասիզմի դեմ:

Խոսեմ փաստերով` Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում է` «Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի ադրբեջանցի երիտասարդության համար» ու այս հայտարարությունը ադրբեջանական մամուլի առաջին էջերից չի իջնում: Մեկ այլ ադրբեջանցի գործիչ` Անար Մամեդխանովը հայտարարում է, որ ադրբեջանցիները հայերին պետք է սպանեն Ղարաբաղում, այլ ոչ թե այլ երկրներում, և սա դարձյալ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ նյուզն էր: Ադրբեջանի նախագահ Ալիևի յուրաքանչյուր ելույթ բռնության ու ռասիզմի կոչ է, և լրատվամիջոցը կամ լրագրողը` ով կհամարձակվի այլ կարծիք ունենալ, հայտնվում է բանտում: Ինձ անկեղծորեն ցնցեց 12-ամյա ադրբեջանուհու խոստովանությունը, որ ինքը որոշել է դիպուկահար դառնալ, որպեսզի սպանի հայերին: Եվ զավեշտն այն է, որ Ադրբեջանը ԵԽ-ում իր նախագահության գերակայություններից է համարում ատելության դեմ պայքարը:

Մեր գործընկեր Ռոջեր Գեյլն իր այս զեկույցում շատ կարևոր արձանագրում է անում, որ պետք է երեխաներին զերծ պահել բռնության քարոզից: Մի քանի տարի է ես դիմում եմ միջազգային տարբեր ատյաններ, այդ թվում նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ուղարկելով հատվածներ ադրբեջանական դասագրքերից, ուր հակահայությունը հիմնական հենքն է, և զրո արձագանք:

Հարգելի գործընկերներ, մեր հիմնական գործը ոչ թե տարվա մեջ մի քանի անգամ հավաքվելն ու խոսելը պետք է լինի, այլ կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալը: Որպեսզի, այստեղ նստած ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրեն իրավունք չվերապահի հայտարարելու, թե ԵԽ-ն կորցնում է իր ազդեցությունը և կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական բեմից»:

Նախօրեին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահի ելույթը: «Ալիևի այսօրվա ելույթը ոչ մի բանով չէր տարբերվում սովորաբար իր շուրթերից հնչող և տարածվող ապատեղեկատվությունից, որը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված»,-ասել է նա: Ըստ նրա, Ալիևը բավականին նյարդայնացած է եղել հարցուպատասխանի ժամանակ, ինչը հատկապես սրվել է մարդու իրավունքներին վերաբերող հարցերի ժամանակ: «Մասնավորապես, իռլանդացի պատվիրակը հարցում մատնանշեց, թե Amnesty International-ի տվյալներով երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, ինչին Ալիևը արձագանքեց մերժման մեխանիզմով` սուտ եք ասում, ձեզ սովորեցրել են հարցը տալ և այլն»,- պատմեց Արփինե Հովհաննիսյանը:

Նույն հարցը` Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասով, բարձրաձայնել է նաև բրիտանացի պատվիրակը, ինչը Ալիևին այնքանով է հունից հանել, որ նա, մեղադրելով եվրոպացի պատվիրակին սուտ խոսալու համար, անգամ մատ է թափ տվել նրա վրա.

«Այս փաստը մեծ դժգոհություն առաջացրեց դահլիճում, սպասենք, թե ինչպիսի արձագանք կլինի այդ ելույթին: Վստահ եմ, որ եվրոպացի գործընկերներիս մոտ նվազագույնը տարակուսանք առաջացրեց, թե ինչպես կարող է ժողովրդավար երկրի նախագահը, մի երկրի, որը նաև ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող է նման վարքագիծ դրսևորել»,- ասել է պատգամավորը:

Նա ճիշտ է համարել հայկական պատվիրակության կողմից կայացրած որոշումը՝ որևէ հարց չուղղել Ալիևին: «Անկասկած դա ճիշտ որոշում էր, հատկապես այսպիսի տրամադրվածության դեպքում, երբ պարզ, միջազգային կազմակերպությունների կողմից փաստված տվյալների հիման վրա Ալիևին հարց է ուղղում եվրոպացի պատվիրակը և նա այնպիսի խիստ, ագրեսիվ տոնով է արձագանքում և մեղադրում եվրոպացի պատգամավորին ստելու մեջ, այս պարագայում Հայաստանի պատվիրակության կողմից հնչեցված ցանկացած հարց նշանակում էր Ալիևին տալ շանս վիրավորելու և պատվիրակության անդամներին, և մեր երկիրը և մեր սկզբունքային դիրքորոշումների վերաբերյալ խայտառակ տեսակետներ հնչեցնելու»,- հավելեց Ա.Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---