Գեղամյանի ելույթը Բաքվում. Անկախ ԼՂՀ-ն, Խոջալուի ողբերգությունը, Մինսկի խումբն ու Ղրիմի հարցը (վիդեո)

Գեղամյանի ելույթը Բաքվում. Անկախ ԼՂՀ-ն, Խոջալուի ողբերգությունը, Մինսկի խումբն ու Ղրիմի հարցը

PanARMENIAN.Net - Տպավորություն կա, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե 10 սկզբունքներից, որոնց կիրառումը պետք է լինի միաժամանակյա և որոնք ունեն հավասար իմպերատիվ իրավաբանական ուժ, այլ կազմված է սոսկ մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքից: Բաքվում նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հունիսի 28-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում` հարցնելով, թե այդ դեպքում որտեղ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Բաքվում աշխատանքն է շարունակում Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 23-րդ նստաշրջանը:ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաքում է գտնվում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:Մշտական կոմիտեի նիստում հայկական պատվիրակության ղեկավարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կոչ է արել Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամներից Ադրբեջանը հենվում է ԱՄՆ վրա: ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը:

Նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միանալը և պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձևին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները:

Հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանել է այդ ելույթներին և ընդգծել, որ ռուսական կողմը կոչ է անում հանել բանաձևի քննարկումը, քանի որ նրանում բացակայում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Գեղամյանը կոչ է արել նման բանաձևի ընդունմամբ չվնասել ուկրաինական ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործընթացին` հիշեցնելով Հիպոկրատի հայտնի խոսքերը:

Փետրվարի վերջում Կիևում իշխանափոխությունից և նախագահ Յանուկովիչի տապալումից հետո նախկին Ղրիմի ինքնավարությունը հայտարարեց, որ դեմ է Եվրամայդանին և չի սատարում երկրի քաղաքականությանը:Ղրիմի խորհրդարանը դիմեց ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով ապահովել թերակղզու բնակիչների անվտանգությունը: Մարտի 21-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեից հետո ՌԴ նախագահը վավերացրեց Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի ինտեգրումը ՌԴ կազմում:

Նա վտանգավոր է համարել ելույթներում հնչած այն միտքը, թե ԱՄՆ-ն գերտերություն է և պետք է լուծի ԼՂ հակամարտությունը: Ըստ Գեղամյանի՝ նման պնդմամբ անտեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:

«Եթե ԼՂ հակամարտությունը լուծում է միայն մեկ պետություն, ապա ինչո՞ւ պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես ինչո՞ւ է անհրաժեշտ ԵԱՀԿ-ն, եթե կա համաշխարհային մեկ դատավոր: Մեր նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նրանում է, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունում խաղաղություն հաստատելու համար կա հիմք, և այդ հիմքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների 5 համատեղ հայտարարություններն են Լաքվիլայում, Լոս Կաբոսում, Մուսկոկայում և այլուր: Ինչո՞ւ ենք մենք ի սկզբանե զրոյացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հինգ տարվա քրտնաջան աշխատանքը: Ո՞ւմ է դա շահեկան»,- ընդգծել է Արտաշես Գեղամյանը, գրում է Panorama.am-ը:

Նա պատասխանել է նաև ադրբեջանական պատվիրակության մեղադրանքներին և մասնավորապես անդրադարձել այն հայտարարություններին, թե ԼՂՀ-ն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են:

«Մտովի պատկերացնում եմ, թե ինչպես իրենց կզգային հին ժամանակների մեծագույն պատմիչներ Հերոդոտոսն ու Քսենոֆոնը՝ լսելով այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են»,- հեգնել է Ա. Գեղամյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել, որ ելույթներում հիշատկվել է նաև Խոջալուի ողբերգության մասին: Գեղամյանի խոսքով Խոջալուի իրադարձությունները խայտառակություն են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների, այլև ամբողջ աշխարհի համար, որ նման բան հնարավոր է եղել 20-րդ դարում:

«Կա հայտնի հոդված, որը թվագրվում է 1992-ին, չեխ շատ բարեխիղճ թղթակից Մազալովայի հարցազրույցը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ, որում վերջինս հստակ ասում է, որ հայերը բացել են խաղաղ միջանցք ադրբեջանական քաղաքացիների դուրս գալու համար: Սակայն ինչ-որ մեկին շահեկան էր անպայման սպանել խաղաղ ադրբեջանցիներին, դա ասում է Մութալիբովը, որպեսզի հետո այդ ամենը բարդվի Ադրբեջանի գործող իշխանությունների վրա»,- ասել է Արտաշես Գեղամյանը:

Վերջինս խոսել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու մասին և հերքել մեղադրանքները, թե Հայաստանը դեմ է քվեարկել մի բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը: «Նման բան տեղի չի ունեցել: Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և միացել է իր պատմական հայրենիքին՝ Ռուսաստանին: Հայաստանն աջակցում է այդ հարցում, քանի որ բախվել է նման խնդրի՝ կապված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է: Այսօր ԼՂՀ-ն ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, ինչը հաստատում են Լեռնային Ղարաբաղ այցելած բոլոր մարդիկ՝ լինեն նրանք Եվրոպայի խորհրդից, թե ԵԱՀԿ-ից: Եվ նրանք հետագայում համարվում են անցանկալի անձինք Ադրբեջանի Հանրապետությունում»,- նշել է Արտաշես Գեղամյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում

1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար տենսականորեն կարեւոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության եւ սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---