Առանց իրական մեղավորին նշելու ԵՄ-ն կոչ է անում պահպանել հրադադարը ԼՂՀ-ում (թարմացված)

Առանց իրական մեղավորին նշելու ԵՄ-ն կոչ է անում պահպանել հրադադարը ԼՂՀ-ում (թարմացված)

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում «պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ուժի կիրառումից ու հիշեցնում հարցի լուծման համար բարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտության մասին», ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունում, որը ներկայացրել է նրա ներկայացուցիչը։

«Շատ անհանգստացած ենք վերջին օրերի զինված միջադեպերով, որոնց արդյունքում շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին զոհեր կան։ Կոչ ենք անում երկու կողմին անհապաղ հետևել զինադադարի ռեժիմին, զերծ մնալ բռնությունների սպառնալիքից ու կիրառումից և շարունակել ջանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշել է Էշթոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստվում է աջակցել հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունների հետ համատեղ։

«Նորից հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին ու եռանախագահներին ամբողջովին աջակցելու մասին, հատկապես նրանում, ինչը վերաբերում է բարձր մակարդակով բանակցություններին», — ասվում է հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օգոստոսի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է եկող շաբաթ հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Ըստ վարչապետի՝ նախագահների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսի 8-9-ին։ Տեղեկությունը հաստատել է նաև Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներինն է։

Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրանա Մարզիե Աֆհամը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Նա հարևաններ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել համաձայնության գալու համար բանակցութունների սեղանի շուրջ նստել։

Աֆհամն ափսոսանք է հայտնել վերջին օրերի զոհերի համար ու երկու կողմին կոչ արել զսպվածություն ցուցաբերել։

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալներով` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 893 անգամ, որից 839-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Բարմենի Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---