Քաղաքագետ. Ղարաբաղյան գոտում լարվածության համար մեղքն ԱՄՆ-ն պետք է բարդի Ռուսաստանի վրա

Քաղաքագետ. Ղարաբաղյան գոտում լարվածության համար մեղքն ԱՄՆ-ն պետք է բարդի Ռուսաստանի վրա

PanARMENIAN.Net - «Ուկրաինան միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը ջուր է պղտորում: ԽՍՀՄ փլուզումից հետո 1991 թ. Մոսկվան կանոնավոր կերպով սատարում էր անջատողականներին սահմանակից պետություններում, ստիպելու համար այդ երկրներին հաշտվել ռուսական թելադրանքի հետ: Վերջին նման գործողությունները ծավալվում են Հարավային Կովկասում»,-գրում է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շեֆերը The New York Times-ում հրապարակված հոդվածում:

«Արդեն մի քանի ամիս է Մոսկվան, կարծես, սրում է վաղեմի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու երկրների համար ներկայանալով որպես խաղաղապահ տիրակալ»,-գրում է Շեֆերը՝ հիշեցնելով, որ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում սահմանամերձ բախումների արդյունքում, որոշ տվյալներով մոտ 40 հայ և ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

«Չկարգավորված հակամարտությունը, Ռուսաստանում այն սառեցված են անվանում, հնարավորություն է տալիս ռուսական զորքերին մուտք գործել տարածաշրջան և շանտաժի ենթարկել երկու կողմերին: Հենց որ ռուսական ուժերն արդեն տեղում լինեն, կողմերից ոչ մեկը չի կարողանա սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՝ չվախենալով Մոսկվայի վրեժից»,-կարծում է հոդվածի հեղինակը:

«Բռնության վերջին բռնկումը նախորդեց օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպմանը, որտեղ Պուտինը մտադիր էր ստանալ կողմերի համաձայնությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լրացուցիչ ռուս «խաղաղապահների» տեղակայելու համար»,-նշել է պրոֆեսորը: Ըստ նրա, «վերջին բախման նախաձեռնողը Երևանն էր»: Շեֆերին քիչ հավանական է թվում, որ Հայաստանի բանակը «կարող էր այդպիսի սադրանքի գնալ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման»:

Օգոստոսի 10-ին՝ Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատեցին ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

«Բացահայտ մարտական բախումների վերսկսումը պատրվակ կտար Ռուսաստանին խաղաղապահ գործողության քողի տակ մեծաքանակ զորք ուղարկելու համար: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող է խափանել 2013-ի դեկտեմբերին համաձայնեցված գազամուղի կառուցման մեծ նախագիծը, որը կարող է թեթևացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից»,-ասվում է հոդվածում:

Շեֆերին ապշեցրել են ԱՄՆ վարչակազմի հայտարարությունները Սոչիում ՌԴ կազմակերպած հանդիպումը ողջունելու մասին: «Մի՞թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանում կամ Ուկրաինայում,-տարակուսում է նա: -Կանխելու համար կովկասյան հակամարտությունը և զրկելու համար Պուտինին նոր տարածքներ գրավելու պատրվակից, նախագահ Օբաման պետք է հրավիրի Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին Վաշինգտոն և ցույց տա, որ Ամերիկան չի լքել Հարավային Կովկասը»:

«Վաշինգտոնը պետք է մեղքը բարդի Ռուսաստանի վրա և դիմադրի ցանկացած այսպես կոչված չկարգավորված հակամարտությանը, որը կհանգեցնի լրացուցիչ ռուսական զորքերի տեղակայմանը տարածաշրջանում»,-խորհուրդ է տալիս քաղաքագետը:

«Ի վերջո, Արևմուտքին ռազմավարություն է հարկավոր, որը թույլ չի տա Մոսկվային հերթական սահմանակից տարածաշրջանը զավթել: Թեև Լեռնային Ղարաբաղը բավականին հեռու է գտնվում, դա փլուզված կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի փորձի հաջորդ ճակատն է: Եթե թույլ տրվի, որ Հարավային Կովկասը կորցնի ինքնիշխանությունը հօգուտ Ռուսաստանի, դա մահացու հարված կհասցնի հետխորհրդային տարածքում և նրա սահմաններից դուրս դաշինքներ կնքելու ու դրանց աջակցելու Ամերիկայի առանց այդ էլ նվազած ունակությանը»,-զգուշացնում է Շեֆերը, հայտնում է Ինոպրեսան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---